Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժշկությունը պետք է լինի հասանելի, իսկ հասանելիությունը միայն արժեքը չէ»․ Մանե Թանդիլյանը հանդիպեց բուժաշխատողներին

Հուլիս 27,2023 22:10

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի եւ բուժաշխատողների հանդիպման ժամանակ այսօր քննարկեցին ոլորտի խնդիրները։ Մասնագետները բարձրացրեցին տարբեր հարցեր՝ առողջապահության հասանելիությունից մինչեւ առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրում։

Մասնագետներից մեկն անդրադարձավ հարցին, որ Հայաստանում, որպես կանոն, ընտրություններն անցնում են, բայց քաղաքապետարանի համապատասխան վարչությունում խնդիրները մնում են։ «Եթե դուք ինձ հարցնում եք՝ բավարար համարձակություն ունեմ բարեփոխել ոլորտը, ես ձեզ ուղիղ պատասխանում եմ, որ ոչ միայն՝ այո, այլ նաեւ ուրիշ պատճառ չկա ընտրվելու կամ ունենալու պաշտոն, եթե դա չի ծառայելու բարեփոխումներին ու իրական փոփոխություններին։

Այլապես ուղղակի կարիք չունեմ լինելու մի տեղում՝ զուտ լինելու համար։ Հուսով եմ, որ ես իմ կենսագրությամբ ապացուցել եմ, որ պաշտոնն ինձ համար միջոց է, եթե չի ծառայելու, ինձ պետք չէ։ Այ թե ինչպես պետք է ծառայի, դա դուք պետք է ինձ ասեք, որովհետեւ ես նաեւ վստահ եմ, որ կան առաջարկներ, որոնք ունեն եւ պաշտպանողներ, եւ ընդդիմախոսներ»,- ասաց Մանե Թանիդլյանը։

Ըստ նրա՝ ամենակարեւորը արմատական բարեփոխումների որոշումներում կոպիտ սխալներ թույլ չտալն է։ «Սխալներ անել կարելի է, բայց կոպիտ սխալներ, եթե դու անում ես արմատական փոփոխություններ, ուղղակի ճիշտ չէ։ Լավ մտածված ու իրական արդյունքների բերող որոշումներն ու փոփոխությունները, այո, կարող ենք անել, եւ ոչ միայն կարող ենք, այլ միասին ենք անելու»,- հավելեց նա։

Մանե Թանիդլյանն ասաց, որ քաղաքական գործիչն ու բժիշկները ունեն երկու կարեւոր ընդհանրություն։ «Առաջինը մեզանից հրաշք են սպասում մարդիկ, երկրորդը, այն որոշումներն են, որոնք մենք կայացնում ենք եւ դրանց ազդեցությունը մարդկանց ճակատագրերի վրա։ Այո, իրարից բովանդակային առումով շատ տարբեր որոշումներ, բայց ճակատագրական։ Եվ այս առումով մեր մասնագիտություններն ունեն ընդհանրություն։ Այն, որ ես մասնագետների հետ հանդիպումներին շատ լուրջ ու պատասխանատու եմ վերաբերվում, դա նաեւ նրանից է, որ ես նման հանդիպումներից սովորում եմ։ Ունեք գիտելիք, կարողություն եւ անելիք, որը չափազանց կարեւոր է մեր ժողովրդի համար։

Եվ չափազանց կարեւոր է դա հասկանալ քաղաքական գործիչներին, որպեսզի սխալներ թույլ չտան այդ հարաբերությունների մեջ։ Ես կարծում եմ, որ խնդիրները, որոնք առաջանում են ոլորտում, հենց այդ կոմունիկացիայի, այդ երկխոսության կամ բովանդակային բացակայության պատճառով են։ Մենք հաճախ ենք ասում, որ ունենք օրենքներ, որոնք չեն աշխատում։ Այդ չաշխատող օրենքները հենց այն բանի հետեւանք են, որ ընդունվում են առանց մասնագետների հետ մասնագիտական ու բովանդակային քննարկման»,- նշեց Թանդիլյանը։

Նա անդրադարձավ ամենակարեւոր խնդիրներից մեկին, այն է՝ Հայաստանում մարդկանց կյանքի տեւողությունը բարվոք վիճակում չէ, ինչն առաջին հերթին առնչվում է հենց առողջապահությանը։ «Իհարկե, երբ ես մտորում եմ այդ մասին, համարում եմ, որ այնքան էլ արդարացի չէ միայն առողջապահության մեղքն այստեղ տեսնել, որովհետեւ բազմաթիվ հարցեր կան, ինչի պատճառով մարդու կյանքի տեւողությունը կարող է բարենպաստ չլինել։ Օրինակ՝ օդի աղտոտվածությունը վնասում է մարդու առողջությանը, կյանքի տեւողությանը, բայց բժիշկների հետ կապ չունի, որովհետեւ բժիշկները չեն կարող օդի աղտոտվածության վրա ունենալ ազդեցություն։ Բայց հետեւանքը լուծում են բժիշկները։ Եվ այս առումով մենք կարծես թե ակնկալում ենք կյանքի տեւողության բարձրացման միջոցով գնահատական տալ բժշկական, առողջապահական ոլորտին, բայց ամբողջությամբ կախվածությունը հենց բժիշկներից չէ։ Մենք շատ ենք թերագնահատում հենց հիվանդությունների կանխարգելման գործառույթը, իսկ որքանո՞վ է դա վերաբերում բժիշկներին կամ առողջապահության ոլորտին։ Բայց դրա չանելու հետեւանքով բժիշկների աշխատանքի ծավալն է մեծանում»,- հավելեց նա։

Ըստ Մանե Թանդիլյանի՝ երբ խոսում ենք համայնքային, քաղաքային առողջապահության մասին, պարտավոր ենք նաեւ պատասխանատվության շրջանակները հասկանալ։ «Եվ եթե ընդունենք, որ քաղաքային պատասխանատվության ներքո է առողջապահության առաջնային օղակի ոլորտը, մենք պետք է ձեզ հետ քննարկենք, թե ինչպե՞ս զարգացնենք, բարելավենք հենց այդ ոլորտը։ Ես որպես քաղաքականության մեջ գտնվող մարդ՝ պատկերացնում եմ, որ բժշկությունը կամ պոլիկլինիկան պետք է լինի հասանելի, իսկ հասանելիությունը միայն արժեքը չէ։ Օրինակ՝ շաբաթ-կիրակի օրերին աշխատո՞ւմ են պոլիկլինիկաները, թե՞ ոչ։ Սա հասանելիության մասին է»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանը նշեց, որ այս հանդիպումից իր ակնկալիքը հետեւյալն է․ «Այս հանդիպումից պիտի տանեմ առաջնահերթությունների ընկալում կամ վերանայում եւ դրանք լուծումների ձեր տեսանկյունը։ Եվ մենք միասին պետք է գտնենք այդ լուծումները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31