Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաստիության պատրանքից մինչեւ ճանաչողական պատերազմ

Սեպտեմբեր 09,2023 22:34 Share

Stop mediaterrorowi w Armenii (Stop mediaterror in Armenia! ) նախաձեռնությունը՝ լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի ֆինանսական աջակցությամբ, լրագրողների, բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար Երեւանում իրականացրեց անվճար վերապատրաստման դասընթաց՝ ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմի թեմայով, որի ավարտից հետո  մասնակիցներին տրվեցին  վկայականներ: Երկօրյա հանդիպումների ընթացքում ի թիվս այլնի, քննարկվեցին հետեւյալ հարցերը՝ կոգնիտիվ պատերազմի ազդեցությունը, իրականացման եղանակները, տարրերի ճանաչումը տեքստերում, կոգնիտիվ պատերազմի եւ ապատեղեկատվության տարբերությունը: Նաեւ անդրադարձ եղավ այն թեմային՝ արդյոք հնարավո՞ր է հակառակորդի կողմից հատուկ մշակված մատրիցայի «ներմուծում» հասարակական գիտակցության մեջ՝ որպես «կամավոր» պարտվողական վարքագծի հնարավոր ձեւ:

Դասընթացը վարեց Լեհաստանում գործող «Հանուն ժողովրդավարության առաջընթացի ԷՐՎԻՆ ընկերության» հիմնադիր նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրայր Մաղաքյանը: Նա Կատովիցեի Շլոնսկի համալսարանում դասախոսում է լրագրողական հաղորդակցություն, մշակույթ ու միջմշակութային հարաբերություններ եւ ֆրանսերեն:

Aravot.am-ի հետ  զրույցում Հրայր Մաղաքյանն ասաց, որ այսօր տարբեր միջոցներով փորձում են բթացնել հասարակությանը, ու թեեւ յուրաքանչյուր ոք ենթագիտակցորեն վախենում է ապատեղեկատվությունից, կիբեր պատերազմից, բայց չի բացառվում, որ կարող է հայտնվել «թակարդում». մարդկանց թվում է, թե որոնում են ճշմարտությունը, իրականում հայտնվում են թշնամու, հակառակորդի ստեղծած քաոսում: Կոգնիտիվ պատերազմը վարում են առանց ուժային միջամտության՝ միայն մարդու գիտակցության վրա ազդելու  հատուկ մեթոդների օգնությամբ։ Կոգնիտիվ պատերազմի դեպքում, փաստորեն մարդու միտքն է դառնում մարտի դաշտ: «Հանրային գիտակցության մեջ ներմուծվում են գաղափարներ, որոնք մերը չեն, բայց դրանք դարձնում են մերը, ու սկսում ենք ինքնուրույն հավաստումներ որոնել: Այդ պարագայում հասարակությանը կարող են հասցնել բարոյական, զգացմունքային անկման, երկրներին՝ տնտեսական անկման…

Այս սեմինարի ընթացքում փորձել եմ ոչ թե դասախոսել, ինչն անում եմ Լեհաստանում իմ հիմնական աշխատանքի ընթացքում, այլ զրույց սկսել ներկաների հետ, կարծիքներ փոխանակել՝ թե ինչ ենք տեսնում, տեսածի հետեւանքներն ինչպիսին են»,-ասաց Հրայր Մաղաքյանը:

Սեմինարի ընթացքում  կոնկրետ օրինակներով ցույց տվեց, թե, Ադրբեջանն ինչպես է աշխատում Հայաստանի դեմ եւ կեղծիքի միջոցով հավաստիության պատրանք ստեղծում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930