Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական թիմի առջեւ դրված է խնդիր, որ ապահովենք 50+ տոկոս, եւ մեր ամբողջ ներուժն ու քարոզչությունն օգտագործում ենք»․ Արմեն Փամբուխչյան

Սեպտեմբեր 14,2023 17:45

«Հաղթանակի հավանականությունը մեծ ենք գնահատում։ Այսօր լինելով Կենտրոն վարչական շրջանում՝ կարելի է ասել, որ բոլոր վարչական շրջաններում եղել ենք։ Եվ կարող ենք ֆիքսել, որ միակ քաղաքական ուժն ենք, որը տարբեր վարչական շրջաններում ամենօրյա ռեժիմով իրականացրել է քարոզարշավ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը։

ՔՊ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը չէր մասնակցում Կենտրոն վարչական շրջանում այսօրվա նախընտրական հանդիպմանը։ Արմեն Փամբուխչյանն ասաց, որ երեկոյան Ավինյանը քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների հետ մասնակցելու է դեբատի։ «Որպեսզի հարցեր չառաջանան, ասեմ, որ մի փոքր առողջական խնդիրներ ունի, այսօր մնացել է տանը, որպեսզի ապաքինվի։ Բայց վստահ եմ, որ այսօր՝ ժամը 22։00-ին իր բոլոր ներուժով ինքը ներկա կլինի դեբատին։ Այսպիսով` մենք վաղն ավարտում ենք քարոզարշավը։ Ուզում եմ տեղեկացնել երեւանցիներին եւ հայաստանցիներին, որ վաղը՝ 17։30-ին էրեբունի թանգարանի մոտից ունենք եզրափակիչ երթ եւ ամփոփիչ հանրահավաք Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրում ենք մասնակցել երթին»,- ասաց Փամբուխչյանը։

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ երեւանցիներն իրենց պետք է ընտրեն։ «Որովհետեւ մեր ծրագիրն առողջ է, մենք ինչ ասել ենք, արել ենք։ Երեւանցին դա տեսել է, եւ ինքը եւս 5 տարով մեզ պետք է տա մանդատ, որպեսզի ինքն ասի, մենք անենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է այլ ուժերի հետ կոալիցիա կազմեն, Փամբուխչյանը պատասխանեց․ «Ոչ քաղաքական թիմում, ոչ նախընտրական շտաբում նմանատիպ հարց չի քննարկվել։ Քաղաքական թիմի եւ շտաբի առջեւ դրված է խնդիր, որպեսզի ապահովենք 50+ տոկոս։ Եվ մեր ամբողջ ներուժն ու քարոզչությունն օգտագործում ենք դրան հասնելու համար։ Որեւէ այլ տարբերակ չի քննարկվել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930