Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիմի ներսում արդեն հսկայական ճաքեր կան, և մարդիկ անվտանգություն են փնտրում»․ Սուրեն Պետրոսյանը՝ իշխանության մասին

Սեպտեմբեր 22,2023 15:29

«Իշխանությունն արդեն տեսնում է մոտալուտ ավարտը»,-լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց երեկվանից Գարեգին Նժդեհի արձանի մոտ հացադուլ անող «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Նա վստահեցրեց՝ սա կուսակցական շարժում չէ։ Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեն շարժումից, նա պատասխանեց․ «Տարբեր շերտերի հետ հանդիպումներից հետո լինելու են հստակ գործողություններ»։ Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ օրեր շարունակ իրականացվող բազմամարդ հավաքներն արդեն հատել են անշրջելիության փուլը, եթե, իհարկե, ըստ նրա՝ ինչ-ինչ պատճառներով չեզոքացվի կամ չփոշիացվի այն։

Ըստ Սուրեն Պետրոսյանի, բնականաբար, ճնշումներ կլինեն, բայց նաև նշեց․ «Չպետք է մոռանանք, որ իրականում ոստիկանների մի ստվար զանգված պատկերացնում է՝ ինչ է տեղի ունենալու և հաշտ չեն այն իրականության հետ, որ կա։ Սա պետությանն ուղղած սպառնալիք չէ, այլ հակառակը, այս գործընթացը պետականաշինության գործընթաց է։ Դա շատ լավ գիտակցում են հենց ոստիկանները, որ այս ամենը հասնի իր կրիտիկական կետին, իրենք են աջակիցը լինելը»։

Սուրեն Պետրոսյանի կարծիքով՝ այս պահին որպես այդպիսին՝ իշխանություն գոյություն չունի․ «Դա մեծ միֆ է, որը մեր պատկերացման մեջ է։ Այլևս չկա իշխանություն, հետևաբար իշխանության հեռացմանը զուգահեռ ժողովուրդը պետք է պահանջի, որ այն մադրիկ, որոնք ընդդիմության առաջնորդների դեր են տանում, ամեն մեկն իր տեղում պահանջի, որ որևէ մեկը հանկարծ որևէ փուլում հետ չկանգնի․ հիմա արդեն գալիս է հստակ գործողությունների փուլը»։

Հարցին՝ իր կարծիքով ընդդիմությունը նախորդ շարժումներից հետո հետևություններ արե՞լ է, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ հետևություն արել է, թե՝ ոչ։ Մենք ի սկզբանե ասացինք՝ բոլորս նույն ուղղությամբ ենք գործում, ասացինք, որ ընդդիմության հետ որևէ կապ այս գործողություններում չունենք։ Հայտարարեցինք՝ ինչ մեզնից է կախված, կանենք։ Բայց երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որտեղ նախկին վարչակարգը վերարտադրվի»։

Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ ընդդիմությունն այլևս իրավունք չունի հետ կանգնելու և կրկնելու 2020-ի և 2021-ի տապալված շարժումների տրամաբանությունը։ Դա առաջին հերթին թույլ չպետք է տա ժողովուրդը։

Սուրեն Պետրոսյանի համար ակնհայտ է, որ օրեցօր փողոց դուրս եկած քաղաքացիների թիվն աճում է․ «Իշխանությունն արդեն տեսնում է մոտալուտ ավարտը։ Շատ նաև նեղ շրջանի թիմակիցներ տարբեր կապեր ու երաշխիքներ են փորձում գտնել։ Թիմի ներսում արդեն հսկայական ճաքեր կան, և մարդիկ անվտանգություն են փնտրում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արաքս Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930