Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը և անկախությունը պետք է պաշտպանել բացառապես լեգիտիմ միջոցներով․ հայտարարություն

Սեպտեմբեր 23,2023 16:28

Ոստիկանական բռնությունները, ուժի անհամաչափ ու ոչ իրավաչափ կիրառումը առանձին ցուցարարների նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի են։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների անվտանգության ու իրավունքների սպառնալիքներին ոչ համարժեք արձագանքով ու լուծումների անորոշությամբ պայմանավորված, բողոքի ցույցերն ու օբյեկտիվ պահանջների ներկայացումն անխուսափելի ու տրամաբանական են:

Միաժամանակ ակնհայտ է, որ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների անհամարժեք ու ոչ հստակ արձագանքը հանրության շրջանում ստեղծում է անվստահության մթնոլորտ և է՛լ ավելի է նպաստում սրելուն լարվածությունը հանրության շրջանում։ Ստեղծված լարված իրավիճակը ավելի է խորացվում Կրեմլի կողմից, որի աջակիցները Հայաստանում ակնհայտ ու բացահայտ ատելության խոսույթով, բռնության և զինված մեթոդների կիրառման կոչերով փորձում են ապակայունացնել իրավիճակը՝ հասարակական համերաշխության խաթարման, առանձին քաղաքացիների նկատմամբ բռնությունների ուղեկցությամբ հասարակական կարգի խախտումներով, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ։

ՀՀ կառավարության անհետևողական, անհամարժեք և անսկզբունքային վարքագծի, հանրության հետ ոչ պատշաճ հաղորդակցության հետևանքով ձևավորված հանրության շրջանում ձևավորված անորոշությունը, Արցախում մարդու իրավունքների վերաբերյալ անբավարար տեղեկությունների, նրանց իրավունքների ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործողությունների, քայլերի մասին հասկանալի տեղեկությունների բացակայությունը ստեղծում են տեղեկատվական վակուում, որը լցվում է տարատեսակ ապատեղեկատվությամբ։ Այս իրավիճակը էապես նվազեցնում է պետության և հասարակության դիմադրողականությունը և պարարտ հող է ստեղծում պետության անկախության և անվտանգության մարտահրավերները դիմագրավելու տեսակետից։

Ստեղծված իրավիճակում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանական նման ուժերով պատասխանելը ոչ միայն անհամարժեք է ու անարդյունավետ, այլև չի հանդիսանում առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և ձևավորված հասարարական անորոշության վերացման ողջամիտ և ժողովրդաիրավական պետության սկզբունքների հիման վրա իրավահեն լուծում։ Առավել դատապարտելի է առանց այն էլ իրավունքների տեսակետից առավել խոցելի վիճակում գտնվող արցախցիների թիրախավորումը որոշ քաղաքական ուժերի, զանգվածային լրատվական միջոցների կողմից, ներկայացնելով դրանք մի՛ կողմից որպես վտանգի աղբյուր, մյո՛ւս կողմից նրանց իրավունքների խոցելիության շահարկումը քաղաքական նպատակներով։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունը ներուժի հզորացման, ոչ թե թուլացման աղբյուր պետք է դիտարկեն։

Ոստիկանական բռնությունները, ուժի անհամաչափ ու ոչ իրավաչափ կիրառումը առանձին ցուցարարների նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի են։ Մարդկանց խաղաղ հավաքների իրավունքի խախոտւմները ավելի են մեծացնում լարվածությունը հանրության շրջանում: Խաղաղ հավաքները պե՛տք է երաշխավորված լինեն Հայաստանի Հանրապետությունում, իսկ ոստիկանությունը, կրելով խաղաղ հավաքների պատշաճ ընթացքի ապահովման պարտավորությունը, միաժամանակ պարտավոր է օրենքով սահմանված միջոցները կիրառել միայն խիստ անհրաժեշտ և բացառիկ դեպքերում, երբ խախտվում են խաղաղ ցույցի հիմնարար սկզբունքները, իսկ դրանց կիրառման արդյունքում փաստացի չի դադարեցվում խաղաղ ցույցի իրավունքի իրացումը:

Դատապարտելով ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումն ու ոչ իրավաչափ գործողությունները, ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

  • իրականացնել արդյունավետ քննություն ոստիկանության կողմից ուժի անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման ամեն մի դեպքով և պատասխանատվության ենթարկել նման գործողություններ կատարողներին,
  • ապահովել խաղաղ ցույցերի պատշաճ իրականացման ամբողջ գործընթացը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել էթնիկ, ազգային, կրոնական և այլ հիմքերով ատելության խոսք տարածողներին և ֆիզիկական բռնությունների կոչ անողներին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկել,
  • ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների անվտանգության ապահովման վերաբերյալ, ներառյալ, ներկայացնել գործողությունների ծրագիր՝ միջազգային մեխանիզմների ու երաշխքիների նեգրավմամբ, իրենց մշտական բնակության վայրը՝ կյանքի ու անվտանգության սպառնալիքների հրամայականով ստիպված լքողների անվտանգ տեղափոխումը և նրանց կյանքի համար նվազագույն կենսապայմանների ապահովման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնելու և դրանք ողջամիտ ժամկետում իրականացնելու վերաբերյալ։

ՀՔԱՎ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930