Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի Արթուր Մեսչյանը դեմ էր բազմաբնակելիին, որպես գլխավոր ճարտարապետ՝ թույլատրել է

Հոկտեմբեր 07,2023 13:00

«Նախկիններով, ներկաներով եկեք իմ տուն, եթե ազնիվ եք». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Լեւոն Օրդուխանյանի ներկայացուցիչը՝ նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով: Բողոքաբերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը խնդրել է Երեւան քաղաքի դատարանի այս տարվա ապրիլի 19-ի վճիռն ամբողջությամբ բեկանել, գործն ուղարկել նոր դատարան՝ նոր քննության կամ բավարարել նոր հայցն ամբողջությամբ: 5 պատասխանողներից մեկը, ինչպես գիտեք, Անդրանիկ սարկավագ Մանուկյանն է, «Օկտագոն» ընկերությունը, որն ինչպես հայտնի է, շինարարական աշխատանքներ է իրականացնում Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տան հարեւանությամբ, նաեւ նրա հողի վրա: Երրորդ անձ է ճանաչված ՀՀ կադաստրի կոմիտեն: Վիճարկվող վճռի համաձայն, Երեւան քաղաքի դատարանն անշարժ գույքի ձեռքբերման վաղեմության ուժով անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը մերժել էր:

Հիշեցնեմ, որ Անդրանիկ Մանուկյանն ընդդեմ Լեւոն Օրդուխանյանի (թիվ ԵԴ/33369/02/21 քաղաքացիական գործ)՝ դատարանին խնդրել էր պարտավորեցնել պատասխանողին վերականգնել համասեփականության իրավունքով իր՝ հայցվոր Մանուկյանին պատկանող հողամասում նրան պատկանող վնասված գույքը եւ քանդել նրանց կողմից կառուցված բետոնյա սարքերը եւ շինությունը՝ տարածքը վերականգնել նախկին վիճակին: Դատարանը (դատավոր՝ Մ.Տաշչյան) 2023 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ հայցը թողել էր առանց քննության, իսկ Անդրանիկ Մանուկյանի բողոքը սեպտեմբերի 19-ին վերադարձվել էր ժամկետների խախտման հիմքով:

Այնուհանդերձ, Լեւոն Օրդուխանյանն իր վերաքննիչ բողոքում համաձայն չէ Երեւան քաղաքի դատարանի այն հետեւությանը, թե. «Օրդուխանյանի կողմից չի ապացուցվել այն հանգամանքը, որ նա հանդիսանում է Թումանյան փողոց 2-րդ անցուղու թիվ 5 հասցեի բնակիչը, 51,62 քմ մակերեսով հողի փաստացի տիրապետողը»: Ըստ բողոքաբեր կողմի, դատարանը պետք է ընդամենը ճշտեր, թե արդյոք պատասխանողներից Հ. Հարությունյանը տասը տարի անընդմեջ տիրապետում է նշված անշարժ գույքը (Հմայակակ Հարությունյանը, ըստ գործի նյութերի, սեփականության իրավունքի ճանաչման պահանջի իրավունքը զիջել է Լեւոն Օրդուխանյանին-Ռ.Մ), այսինքն, այս հանգամանքը չստուգելու հետեւանքով, ըստ բողոքաբերի՝ Օրդուխանյանի. «էական նշանակություն ունեցող փաստերը» ճիշտ չի գնահատվել, ինչն ազդել է գործի ելքի վրա, կայացվել է ոչ ճիշտ իրավական ակտ:

Երեկ դիմեցինք պատասխանող Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալբերտ Կանդալյանին:

Նա ասաց, որ Օրդուխանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մի նպատակ է հետապնդում, ձգձգել, «ապացուցել», որ «հողն իրենցն» է: Հարցիս, թե երբվանից «ավելացավ» նոր իրավահաջորդը, նկատի ունեի «սեփականության իրավունքի ճանաչման պահանջի իրավունքը զիջողը», Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչը հղում կատարեց ընդդեմ իր վստահորդի՝ Հմայակ Հարությունյանի, Ալբերտ Հակոբյանի հայցերին, որով. «Դատարանն արձանագրել էր, որ ինքնուրույն որեւէ հիմք եւ ապացույց չի ներկայացվել առ այն, որ Լեւոն Օրդուխանյանը հանդիսանում է ք. Երեւան, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5 տուն հասցեում գտնվող ընդհանուր 51.62 քմ մակերեսով հողի փաստացի եւ վաղեմային տիրապետում իրականացնող անձ: Դատարանը գտնում է, որ ինքնուրույն գնահատման է ենթակա նաեւ Լեւոն Օրդուխանյանի կողմից ներկայացված «ցեսիայի» պայմանագիրը, արդյո՞ք Լեւոն Օրդուխանյանը կարող է գնահատվել Հմայակ Հարությունյանի իրավահաջորդը նյութական իրավունքի տեսանկյունից եւ արդյո՞ք ՔՕ 187-րդ հոդվածը ինքնին ենթադրում է դրանով կարգավորված իրավահարաբերության մեջ իրավահաջորդություն»: Ըստ Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցչի, դատարանի գնահատմամբ էլ Լեւոն Օրդուխանյանը չէր կարող գնահատվել որպես Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ ՔՕ 187-րդ հոդածի 2-րդ մասի կիրառման առնչությամբ, ինչը եւս անհիմն է դարձնում վերջինիս կողմից որպես հայցվոր վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը՝ ձեռքբերման վաղեմության ուժով (դատավոր՝ Դանիել Մխեյան, 2023թ. ապրիլի 19): Մեկ այլ դատավոր՝ Գոռ Թորոսյանը իրավահաջորդ է ճանաչել Օրդուխանյանին…

Ալբերտ Հակոբյանի «ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին» գործով էլ, ըստ փաստաբան Ալբերտ Կանդալյանի, ուսումնասիրելով 03.06.2020 թվականի «պահանջի զիջման» («ցեսիայի») պայմանագրի պատճենը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ դրանով ոչ թե Լեւոն Օրդուխանյանին է զիջվել Ալբերտ Հակոբյանին պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը), այլ Ալբերտ Հակոբյանը եւ Հմայակ Հարությունյանը Լեւոն Օրդուխանյանին են զիջել միայն իրենց դատավարական պարտականությունները…

Անդրանիկ Մանուկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ժամանակին Արթուր Մեսչյանը, որպես տարածքի բնակիչ, բողոքել է, որպեսզի չկառուցվի բազմաբնակարան շենք, իսկ որպես Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ, 2018 թվականին շինթույլտվություն է տվել: Այդ մի փաստը ուզում եմ ինքներդ գնահատեք: Երբ եկել են իմ տարածք, հանդիպել են, ասել են քսան մետր հեռու են կառուցելու, խնդիր չկա, հիմա պատկերն այլ է»:

Հիշեցնեմ, որ «Էքսպերտ Ըդվայս» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագետի եզրակացության համաձայն, Անդրանիկ Մանուկյանի տան եւ հարակից բնակելի շենքի միջեւ տարածությունը կազմում է 4 մ: Ինչը նշանակում է, որ բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի մի շարք կետերի պահանջները»:

«Մենք լավ գիտենք, թե ովքեր են ապրել այս տարածքում, ով ուներ սեփական իրավունքի վկայականներ, Օրդուխանյանենք ձեռք են բերել չորս-հինգ սեփական տուն, մեծ հսկայական բակերով: Նրանց նպատակն էր հակահիգիենիկ բակերը «բարելավել» ժողովրդի համար, մինչդեռ բակերը դարձան տարածք տասներկու հարկանի շենք կառուցելու համար…

Տարիներ շարունակ, կադաստրի, քաղաքապետարանի հետ ունեցել եմ խնդիրներ, իմ գույքից չեմ հրաժարվել, ընդհուպ դատարանից բռնած, վերջացրած հարկադիրից, որ հարկեր է ավելացրել, տուգանել, թե հողերն իմն է, ես բարձր վճարումներ եմ կատարել, միակ սեփականատերը ես եմ: Տասը տարի, քսան տարի, չեմ հրաժարվել իմ սեփականությունից ու շարժվել եմ օրենքով»,-ասում է Անդրանիկ Մանուկյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031