Լրահոս
Օրվա լրահոսը

«Շախմատային ցուգցվանգը վաղուց է արդեն աշխատում, մեզ մոտ սխալը սխալի հետեւից է, ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում». Վահագն Մելիքյան

Հոկտեմբեր 19,2023 16:45

Այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում պանելային քննարկում էր կազմակերպվել «Հայաստանը՝ իբրեւ մի մեծ անկլավ» թեմայով:

Էլինար Վարդանյանն ասաց. «Ներկայումս մենք ունենք իշխանություն, որն, ըստ էության, մեկ մարդ է ու այդ մարդն է որոշում բոլորիս ճակատագիրը, իսկ նրա որոշումների մոտիվացիան լուրջ հարցեր է առաջացնում: Այդ մարդու որոշումներն ու հայտարարությունները նոր վտանգների առջեւ են բացում Հայաստանի դռները: Այդ մարդը հայտարարում է, որ պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել անկլավների հարցը, բայց իրականում նրա վարած քաղաքականությունն այսօր Հայաստանն է վերածել մի մեծ անկլավի»:

Հարցին՝ ինչո՞ւ է Փաշինյանը սրում հարաբերությունները դաշնակիցների հետ եւ ովքե՞ր են լինելու մեր նոր դաշնակիցները՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը պատասխանեց, որ լավ կլիներ այլ կերպ ձեւակերպվեր՝ ի՞նչ խնդիրներ չունենք դաշնակիցների հետ. «Խնդիրների ցուցակն այնքան շատ է, այնքան շատ է խոսվել ու վերլուծվել, որ այլեւս չգիտես՝ սպասել ավելի անսպասելիի՞ն, սրանով պիտի վերջանա՞, թե՞ կսկսի ավելի վատը: Այս աստիճանի եռացող իրավիճակում, թե՛ փոքր մեր տարածաշրջանում,թե համաշխարհային տարբեր կիզակետերում, ինչպիսին վերջին իսրայելա-պաղեստինյան ճակատում բռնված բախումներն են, այստեղ՝ Երեւանից հնչող դիրքորոշումները ինչ-որ տիեզերական հայտնագործությունների, չես կարող նույնիսկ ինչ-որ ձեւով մեկնաբանել: Սա միայն ու միայն իրավիճակը դեպի վատթարագույնի տանելու եւ եղած աղետը շատ ավելի աղետաբեր դարձնելու, հետագայում սրա տակից դուրս գալու նույնիսկ փոքրիկ հնարավորությունները վերացնել է: Մենք ծանր վիճակում ենք հայտնվել եւ իրականության մեջ մենք կարող ենք առաջարկել ապավինել այն հսկայական զենքին, որ կոչվում է դիվանագիտություն: Բայց մարդիկ չեն հասկացել, թե ինչ բան է դիվանագիտությունը եւ ինչ ձեւով դա կարող է օգտագործվել: Ես ոչ թե անդառնալիորեն լավատես եմ, այլ ես իսկապես հավատում եմ դիվանագիտության հզորագույն զենքին, որը ճիշտ պարագայում ճիշտ ուղղություններով կիրառման դեպքում դեռեւս հնարավոր է ապահովել որոշակի հաջողված փոքրիկ միջանցքներ, որը հնարավորություն կտա հետագայում ընդլայնվելու: Բայց քանի որ դա մենք չունենք եւ լծակ ունեցողները այսօր լրիվ հակառակ ուղղության վրա են, եթե չասեմ բացարձակապես դիվանագիտությունը անտեսելու ուղու վրա, մենք իսկապես շատ ծանր դրության մեջ ենք հայտնվել»:

Էլինար Վարդանյանը հարցրեց. «Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում փոխել վեկտորը, կարծես Հանրայինով ուղերձներ էին ուղարկում Մոսկվային, որ Հայաստանին դիտարկեն որպես դաշնակից, բայց մի քանի օր անց նույն Փաշինյանը մեղադրում էր դաշնակիցներին՝ Հայաստանում իշխանափոխության կոչերով հանդես գալու մեջ: Եվրոպական խորհրդարանում նրա ելույթից հետո նույն դաշնակցի հետ հարաբերությունները ավելի չե՞ն սրվելու, սա մեզ նո՞ր դաշնակիցների հնարավորություն է տալու»:

Վահագն Մելիքյանը պատասխանեց. «Շատ է չարչրկվում վեկտորը փոխելու հարցը, դա փոխելը 24 ժամում չի լինում, դա տարիների գործընթաց է: Երկրորդը՝ եթե դաշնակից բառը իշխանությունների կողմից օգտագործվում է, բացասական իմաստով է օգտագործվում: Դրա համար լղոզված է խոսում, դեռ օդում կախում են՝ «չենք քննարկում, չենք դիտարկում» եւ այլն: Այն, որ «չենք դիտարկումը» կա, նշանակում է խորախորունկ դիտարկվում է, որովհետեւ դաշնակցի հետ կապված շատ ուղղակի են խոսում, ոչ թե «չենք դիտարկում», դա քննարկման ու դիտարկման առարկա չի կարող լինել, եթե դու ունես արձանագրված դաշնակից:

Հաջորդը՝ ինչպես իրենք են արտահայտվում, մենք նոր դաշնակիցների փնտրտուքի մեջ ենք, չնայած առաջին հայացքից տեսանելի է, թե ովքեր են այդ դաշնակիցները, բայց տնային աշխատանք ասեմ, թե երկարաժամկետ գործողություններ ասեմ, դա չի արված: Պահի տակ ուղղակի բարձրաձայնված հայտարարություններ են, որ միգուցե երեք օր հետո մեկ ուրիշ եթերից կամ ուրիշ ամբիոնից լսենք արդեն երրորդ աբսուրդը: Սկզբում վեկտոր չէինք փոխում, հետո պախարակում էինք ու ամեն գնով փորձում մեր դաշնակիցներին սեւացնել՝ այն էլ ինչպիսի աուդիտորիայի առջեւ, որը պիտի արժանանար այդ ծափերին, ինչին ականատես եղանք։

Հիմա երրորդ տարբերակն ինչ է լինելու, չորրորդը, ես չեմ կարող ասել, այլեւս չեմ էլ ուզում մեկնաբանել, որովհետեւ այդ շախմատային ցուգցվանգը վաղուց է արդեն աշխատում։ Մեզ մոտ սխալը սխալի հետեւից է, ոչ թե սխալը շտկվում է ճշտով, այլ սխալը կատարվում է սխալով եւ դա անդրադառնում է մյուս սխալի վրա: Ժամանակը որեւէ ձեւով Հայաստանի օգտին չի աշխատում: Այսպես ասեմ՝ ժամանակը միայն Հայաստանի օգտին չի աշխատում, մնացած բոլորի օգտին աշխատում է, որովհետեւ մնացածը շատ խորը վերլուծությամբ ու հեռատեսությամբ զբաղվում են դիվանագիտությամբ, որով Հայաստանը չի զբաղվում: Մնացած մեկնաբանությունները, թե՝ Ռուսաստան բառը չի հնչել, այդ մանկապատանեկան ձեւակերպումները պետք է դադարեն: Այդ գիտակցությունը պետք է այնքան բարձր լինի, մենք կանգնած ենք անդառնալի աղետների առջեւ: Ամեն մի նոր սպառնալիքը իր հետեւից բերում է աղետ ու դա ինչ հետեւանք կունենա՝ չենք կարող ասել: Դա ապաշնորհ քաղաքականության, չեղած դիվանագիտության, չհաշվարկված մոտեցումների պահով առօրեական ինչ-որ խնդիրներ լուծելու մոտեցում է, որը որեւէ աղերս չունի պետության, պետականության հետ՝ մանավանդ այն իրավիճակում, որում այսօր հայտնվել է ՀՀ-ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031