Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ տենորի հայաստանյան առաջին բեմելից մինչեւ որդու հիշատակին ստեղծված ընտանեկան հիմնադրամի գործունեություն

Հոկտեմբեր 28,2023 12:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մեքսիկացի աշխարհահռչակ օպերային երգիչ Ռամոն Վարգասի առաջին հայաստանյան բացառիկ մենահամերգը վերածվել էր իսկական տոնի։ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ երգիչը հանդես եկավ տենորի համար գրված լավագույն եւ սիրված արիաների կատարմամբ։

«Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում 1992թ. Լուչանո Պավարոտտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դառնում է աշխարհի հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր, այդ թվում՝ «Լա Սկալա», Լոնդոնի Թագավորական, Վիեննայի պետական օպերային թատրոններ եւ այլն։ Նշենք, որ մինչ 1992թ. երգչի եվրոպական բեմելը մեկնարկել է 1988-ին՝ Կառուզոյի անվան տենորների մրցույթում հաղթելուց հետո։ Իհարկե, նրա բազում մրցանակները թվարկելը երկար ժամանակ կպահանջի, բայց առանձնացնենք դրանցից մի քանիսը, մեր դիտարկմամբ՝ երգչի ստեղծագործական կյանքում ամենահիշարժանները. 1993թ. նա լավագույն երգիչ է ճանաչվել Իտալիայում, 1995-ին իտալացի քննադատները միաձայն երգչին շնորհել են «Ջինո Տանիի» մրցանակը արվեստի բնագավառում, 2000թ. բրիտանական օպերան Վարգասին հայտարարել է «Տարվա արտիստ», մեկ տարի անց արվեստագետին «Տարվա երգիչ» է հռչակել գերմանական երաժշտական ակադեմիան… Հետաքրքիր է, որ միայն 2020-ին է տենորը իր հայրենիքում արժանացել ամենաբարձր՝ «Ortiz Tirado Award» մրցանակին։

Չմոռանանք նշել, որ Վարգասի խաղացանկն ընդգրկում է ոչ միայն առաջատար  դերերգեր, այլեւ հագեցած է նրա համերգային գործունեությունը լայն եւ բազմազան երկացանկով։ Մինչ հայաստանյան բեմելը, երգչի հայրենիքում՝ Մեխիկոյի Bellas Arpes համերգասրահում կայացել է երգչի բեմական գործունեության 40-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։

Երբ նշեցինք, որ Երեւանում երգչի մենահամերգը վերածվել է իսկական տոնի, նկատի ունենք ոչ միայն նրա բարձրարվեստ կատարումները։ Հաճախ չի պատահում, երբ համերգից հետո բառացիորեն լեփ-լեցուն հանդիսասրահը շտապում է ետնաբեմ՝ շնորհավորելու արտիստին։ Պետք էր տեսնել, թե ինչ համբերությամբ, բարյացակամ ժպիտով էր իրական աստղն ընդունում երկրպագուների անվերջանալի թվացող շարքը։ Իսկ ճեմասրահից լսվում էին մեր երիտասարդ, հավանաբար ուսանող երգիչների իտալական երգերի կատարումները՝ ի պատիվ մեծարգո հյուրի։ Սպասելով մեր հերթին եւ տեղեկացված լինելով, որ արվեստագետը Երեւանում է տիկնոջ հետ, մեկ հարց ուղղեցինք տիկին Ամալյային՝ խնդրելով հակիրճ ներկայացնել իրենց ընտանեկան բարեգործական հիմնադրամի գործունեությունը։ «Այն հիմնել ենք 2000թ., որն աջակցում է հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին, ովքեր ապրում են Մեքսիկայի սոցիալապես անապահով եւ մեկուսացված շրջաններում։ Հիմնադրամը ստեղծեցինք ի հիշատակ մեր որդու՝ Էդուարդոյի, ով մանկական ուղեղային կաթված ուներ եւ մահացավ 6 տարեկանում։ Մեր գերնպատակն է օգնել սահմանափակ հնարավորություններով երեխաներին ինտեգրվել հասարակության մեջ, զարգացնել իրենց ունակությունները, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերել նրանց ծնողներին, ուսուցիչներին»,- տեղեկացրեց տիկին Ամալյան։

Ռամոն Վարգասը մեզ հետաքրքրող հարցերին ի պատասխան՝ նախ նշեց, թե իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, հետո էլ ասաց. «Մի քանի տասնամյակ շարունակ շփվել եմ ձեր երկրի հետ օնլայն (ժպտում է- Ս. Դ.)։ Աշխատանքիս բերումով հայազգի հիանալի գործընկերներ ունեմ, իսկ որպես ընկեր՝ պարզապես լավ մարդ, հաճախ իմ կողքին է գերմանաբնակ օպերային երգչուհի Կարինե Բաբաջանյանը։ Հենց նրա միջոցով ու օգնությամբ եմ հնարավորինս ծանոթացել ձեր պատմությանն ու մշակույթին։ Պատկերացնում եք՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին փորձին արդեն օֆլայն շփվեցի նվագախմբի երաժիշտների հետ։ Նրանք ոչ միայն բարձրակարգ երաժիշտներ են, այլեւ օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով։ Իսկ դուք գիտե՞ք, թե ի՜նչ բացառիկ նվագախումբ ունեք, իհարկե, այդ ամենի «մեղավորը» մաեստրո Թոփչյանն է։ Վստահ եմ՝ ձեր ֆիլհարմոնիկը ամենաբարձր մակարդակով կներկայացնի հայկական նվագախմբային արվեստն ամենուր»։ Ի պատասխան երգչի՝ մեզ ուղղված հարցին, նրան տեղեկացրինք, որ հաջորդ ամիս՝ նոյեմբերին, ֆիլհարմոնիկը մեկնում է  տուրնեի՝ Հունաստան, ԱՄՆ, Կանադա՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Իսկ ԱՄՆ-ում համերգներից մեկը կայանալու է հռչակավոր Քարնեգի սրահում։ Կարճատեւ զրույցի ավարտին օպերային աստղը ժպտալով  հայտնեց, թե ամեն ինչ կանի, որ Հայաստան հաջորդ այցը շատ չուշանա։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031