Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ռուսական կողմը չեմ ուզում ասել, որ մեզ խաբել է, բայց ինչ-որ մոլորության մեջ է մտցրել». Տիգրան Հակոբյանը՝ ռուսական ալիքի հեռարձակման մասին

Նոյեմբեր 02,2023 15:17

Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ ներքաղաքական լարվածության ժամանակ որոշ հեռուստաընկերություններ ավելի շատ են խախտում բովանդակային արգելափակումները, ատելության խոսք է լինում, ու ՀՌՀ-ն ավելի շատ վարույթներ է հարուցում, քան նախատեսում են:

Խոսելով աշխատավարձերի մասին՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ խտրական մոտեցում կա, ուրիշ անկախ հանձնաժողովների նախագահներն ու անդամներն ավելի շատ են վարձատրվում, քան իրենք: Օրինակ, ԿԸՀ նախագահը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, անդամները ավելի շատ աշխատավարձ են ստանում. «Անարդարություն կա, բոլոր անկախ մարմինները պետք է աշխատեն նույն դրույքաչափով»:

ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ռուսական ալիքների մասին հարցրեց: Հայ-ռուսական համաձայնագրով ՀՌՀ-ն պետք է հեռուստաալիքների վերահսկողություն իրականացնի: Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ այդ մասով իրենց անելիքները գերակատարել են, երբ խախտում են նկատում, ուղարկում են ԲՏԱ նախարարությանը, այլ անելիք չունեն, ու այս տարի 2 նման տեղեկանք են ուղարկել խախտումների վերաբերյալ: Խախտումներ ռուսական ալիքում ՀՌՀ-ն նկատել է անցյալ տարի դեկտեմբերին, այս տարի սեպտեմբերին եւ հոկտեմբերի վերջին սկանդալային հաղորդումը:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ այդ խնդրի հետ կապված Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում հանդիպել ՌԴ ժուռնալիստների միության նախագահին, ՌԴ-ում ՀՀ դեսպանին:

Սիսակ Գաբրիելյանը հարցրեց, թե ամերիկյան կողմի հետ հանդիպումներ եղե՞լ են, որովհետեւ այնտեղից էլ կան ազդակներ, որ մինչեւ 2021-ը CNN-ը հանրային մուլտիպլեքսում կար, հիմա դուրս է մնացել: Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ դա օրենքի կարգավորման արդյունքն է. «Եթե հին օրենքում նախատեսված էր, որ տեղական կազմակերպությունները ստանում են լիցենզիա՝ այս կամ այն օտար հեռուստաընկերության վերահեռարձակման համար, ապա հիմա այդպիսի հնարավորություն չունեն, եւ հանրային մուլտիպլեքսում կարող են հեռարձակել միայն միջպետական, միջկառավարական եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա: Եթե ՌԴ-ն իր ցանկությունը հայտնեց՝ համաձայնագիր կնքել ու իրենց ծրագրերը հեռարձակել հանրային մուլտիպլեքսում, ապա ամերիկյան կողմը՝ ԱՄՆ դեսպանությունը, որի կարծիքը մենք այն ժամանակ հարցրել էինք, այդպիսի ցանկություն չունեցավ, եւ բացատրեցին, որ իրենք կոմերցիոն հեռուստաընկերությունների լոբբինգ չեն անում, CNN-ի պես հեռուստաընկերությունները ոչ մի մի երկրի հանրային մուլտիպլեքսում չկան»:

Սիսակ Գաբրիելյանը հարցրեց, թե հայ-ռուսական համաձայնագրով ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունն էլ չի հեռարձակվում ՌԴ-ում, որովհետեւ այդ համաձայնագիրը միակողմանի չի, պիտի երկու կողմն էլ օգտվեն:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ մեզ հնարավորություն տալիս են ՌԴ-ում հեռարձակել, բայց այստեղ նույնպես հայկական կողմի ուշադրությունից վրիպել է մի բան. «Այն ունիվերսալ լիցենզիան, որը հիշատակվում է համաձայնագրի մեջ, պարզվում է՝ այդպիսի իրավական լիցենզիա Ռուսաստանում նույնիսկ չկա: Չեմ ուզում ասել, որ մեզ խաբել են, բայց ինչ-որ մոլորության մեջ են մտցրել, եւ այդ հարցը նորից ԱԳՆ-ի մակարդակով լուծման կարիք ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930