Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբովի և Bell Capital-ի միջև գործարքն իրականում Զուրաբովի՝ ԶՊՄԿ-ում ունեցած վիճելի ակտիվի կամ ավելի ճիշտ՝ դրա հետ կապված դատական գործի փոխանցում է Bell Capital-ին․ civilnet.am

Նոյեմբեր 11,2023 10:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 12,5 տոկոսի բաժնետեր, Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը այլևս կոմբինատի բաժնետեր չէ։ Սա երևում է կոմբինատի իրական շահառուների հայտարարագրից, որը ներկայացվել է հոկտեմբերի 20-ին։

Զուրաբովը Պղնձամոլիբդենայինում բաժնեմասը տնօրինում էր «Զանգեզուր մայնինգ» և «Մուն մեթալս» և Walnort Finance Limited ընկերությունների միջոցով։ Նա բաժնեմասը հանքավայրում ձեռք էր բերել 2020-ին։ ԶՊՄԿ-ի բաժնեմասի այս հատվածի հետքերն ի վերջո հասնում էին Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերություն։ Դեռ 2019-ին գրել էինք, որ Walnort Finance Limited-ը գրանցված է նույն հասցեում, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրներին պատկանող ընկերությունը։ Բացի այդ, Միխայիլ Զուրաբովը տնօրենների խորհրդի անդամ ու համասեփականատեր էր Վանեցյաններին պատկանող Exoil Group-ում, որը բուսայուղերի խոշոր արտադրող է։ Զուրաբովն իր բաժնեմասը վաճառել ու տնօրենների խորհրդի կազմից դուրս է եկել այս ամռանը։ Ինչևէ, 2020-ից կոմբինատի 12,5 տոկոսը տնօրինում էր Զուրաբովը։

Բացի այն, որ ԶՊՄԿ իրական շահառուների ցանկի վերջին տվյալներում Զուրաբովի անունը բացակայում է, փայաբաժնի սեփականատիրոջ փոփոխության մասին է վկայում միջանկյալ ընկերությունում փոփոխությունը, որ պատկանում էր Զուրաբովին։ Մասնավորապես, եթե նախկինում «Զանգեզուր մայնինգ»-ի միակ բաժնետերը Զուրաբովն էր, այժմ ընկերության նոր սեփականատերեր են դարձել Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կարլոս Բալեստերոս Չերպը։ Զուրաբովն այլևս չի հիշատակվում որպես ընկերության սեփականատեր։ Իտալիայի և Շվեյցարիայի քաղաքացիները այսպիսով դարձել են Պղնձամոլիբդենայինի 12,5 տոկոսի սեփականատերեր։ Նրանք գործարքն իրականացրել ու բաժնեմասը ձեռք են բերել Շվեյցարիայում գրանցված Bell Capital Switzerland ընկերության միջոցով։

Bell Capital Switzerland. իրավաբանական ընկերություն՝ հեռահար նպատակներով

Իգնասիո Գուայան ու Կարլոս Բալեստերոս Չերպը Bell Capital Switzerland-ը հիմնել են 2021-ին։ Ընկերությունը զբաղվում է խորհրդատվությամբ, իրավական աջակցությամբ, տարբեր գործարքների կազմակերպմամբ։

ՍիվիլՆեթի աղբյուրները պնդում են, որ Զուրաբովի և Bell Capital-ի միջև այս գործարքն իրականում Զուրաբովի՝ ԶՊՄԿ-ում ունեցած վիճելի ակտիվի կամ ավելի ճիշտ՝ դրա հետ կապված դատական գործի փոխանցում է Bell Capital-ին։ 2021-ին Զուրաբովը դատի էր տվել ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր, ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի ընկերությանը։ Զուրաբովը հայաստանյան դատական ատյաններում պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի հիմնական բաժնեմասի վաճառքը Տրոցենկոյին։ Հայցի հիմքում այն հանգամանքն է, որ ըստ ԶՊՄԿ կանոնադրության՝ կոմբինատն իր բաժնեմասը վաճառելիս պետք է նախևառաջ առաջարկեր բաժնետերերին։ Զուրաբովը մեկ այլ հայցով պահանջում է անվավեր ճանաչել Տրոցենկոյի կողմից կոմբինատի 15 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը։

Հայկական դատական ատյաններում Զուրաբովը դեռ հաջողություններ չունի։ Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ նրա բաժնեմասի վաճառքն իրավաբանական ընկերության մի քանի առանձնահատկություն ունի.

Շվեյցարական ընկերությունն իրականում իրավաբանական-ներդրումային ընկերություն է, որը զբաղվում է դատական խոշոր գործընթացներով։ Ընկերությունը ձեռք է բերում վիճելի ակտիվ, որը հնարավորություն ունի դատական ատյանում հաջողության հասնելու։ Հետագայում դատական հաջողությունից հետո ընկերությունը կարող է ունենալ մեծ փոխհատուցում և, ըստ էության, արդարացնել կատարած ներդրումը։

Եթե համարենք, որ Զուրաբովի բաժնեմասի ձեռքբերողներից Իգնասիո Գուայան մասնագիտացած է միջազգային առևտրային արբիտրաժի գործերում, այս սցենարը իրատեսական է։ Սա կարող է նշանակել նաև, որ Պղնձամոլիբդենայինում բաժնեմասերի վաճառքի շուրջ Զուրաբովի, Տրոցենկոյի ու ՀՀ կառավարության վեճը կարող է շարունակվել միջազգային արբիտրաժային դատարաններում։ Սա գնորդի համար կարող էր հետաքրքիր հնարավորություն լինել։

 

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930