Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածում էի, թե ինչպես կարձագանքեր Սարոյանն այս հանդիպմանը, որն անցկացվում է իր ծննդից 115 տարի անց, Հայաստանում… Կարծում եմ, որ նա կասեր. «Սա ամենազվարճալի բանն է, որ երբևէ տեսել եմ»

Նոյեմբեր 17,2023 17:28

Սույն թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ):

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ և ոչ միայն հայ արվեստի զարգացումը: Սարոյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի և սփյուռքի թատրոններում և մեծ դեր կատարել հայ ռեժիսորների և դերասանների ստեղծագործական ճակատագրում: Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա գրվել են երաժշտական ստեղծագործություններ՝ երգերից մինչև օպերաներ: Սարոյանի կերպարը մարմնավորվել է հայ կերպարվեստում: Վիլյամ Սարոյանը տաղանդավոր է իր բոլոր դրսևորումներում», – ասաց Աննա Ասատրյանը։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Այս գիտաժողովը նվիրված է միջգիտակարգային հիմնախնդրի՝ գրականության և արվեստի առնչություններին։ Սա չափազանց շահեկան նախաձեռնություն է, որովհետև գիտություններն այսօր զարգանում են տարբեր գիտաճյուղերի հատույթներում։ Եվ այս հատույթներում է, որ այսօր մենք կարող ենք նոր խոսք ասել։ Գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ ևս արժևորելու Սարոյանի գրական ժառանգությունը և այն դիտարկելու արվեստի տեսանկյունից», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։  Նա կիսվեց իր հուշերով՝ ինչպես է առաջին անգամ դիտել «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը՝ նվիրված կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակին, Վահրամ Փափազյանի և Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ։

«Վիլյամ Սարոյանի արվեստի, թատրոնի, նկարչության, երաժշտության գործերում կա ներշնչանք։ Պետք է իմանանք՝ ինչ խորություն ունի սարոյանական ստեղծագործությունը և այնպես հանրահռչակենք այն, որ հատկապես երիտասարդությունն իրազեկված լինի և հպարտ, որ նման նշանավոր հեղինակ ունի», – ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Ուրախ եմ միանալու այս գիտաժողովին, որի օրակարգում Սարոյանի կյանքի և ստեղծագործության դրվագներն են։ Մտածում էի, թե ինչպես կարձագանքեր Սարոյանն այս հանդիպմանը, որն անցկացվում է իր ծննդից 115 տարի անց, Հայաստանում, և որին ելույթ են ունենում առաջատար գիտնականներ: Կարծում եմ, որ նա կասեր. «Սա ամենազվարճալի բանն է, որ երբևէ տեսել եմ»: Բայց ես գիտեմ, որ նա շատ գոհ կլիներ: Սարոյանը շատ ուշադիր էր իր ժառանգության նկատմամբ։ Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ այս գիտաժողովի մի մասն ենք», – ասաց Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Սերբիայի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստի, մշակույթի, գրականության վաստակավոր գործիչներ և երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 35 գիտական զեկուցումներ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի գրական,  նկարչական և երաժշտական ժառանգությանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 18-ին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930