Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատում»՝ 200 քառակուսի կիլոմետր զիջելո՞վ

Դեկտեմբեր 15,2023 10:00

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է, որ մեր երկրի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարել է, որ իր երկրի զորքն այս պահին կանգնած է իր տարածքում: Այս հարցում, հետեւաբար, կողմերն ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ: Բայց, չնայած դրան, Հայաստանը պատրաստ է սահմանազատման խնդիրը դնել «ինստիտուցիոնալ հենքի վրա»:

Միակ եզրակացությունը, որը դրանից կարելի է անել, այն է, որը Հայաստանի իշխանությունը համաձայն է, որ մենք Ադրբեջանի հետ «սահմանազատվենք» փաստացի գոյություն ունեցող իրավիճակի հիման վրա, այսինքն՝ ադրբեջանական հրետանին շարունակելու է հարվածի տակ պահել Սեւանն ու Ջերմուկը՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա պահում է Երասխը, որտեղ մենք հենց այդ պատճառով չենք կարողացել մետալուրգիական գործարան կառուցել: Ի դեպ, ամերիկյան դրոշն ադրբեջանցիներին բացարձակապես «չի վախեցրել», եւ նրանք անարգել գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, որպեսզի այնտեղ այդ գործարանը չկառուցվի: «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի արդիականությունը «հաստատող» հրաշալի փաստ է:

Ինչի՞ համար է պետք Ադրբեջանի զինուժին ամրանալ ՀՀ տարածքում՝ նշանառության տակ պահելով մեր երկրի կարեւոր տարածքները (ինչին, ինչպես տեսնում ենք, Հայաստանի ներկայիս իշխանությունը համաձայն է): Պարզ է, որ նոր պատերազմ սկսելու համար: Պատերազմի պատրվակներ գտնելն Ադրբեջանի համար դժվար չի լինի, եթե նույնիսկ 10 հատ «խաղաղության պայմանագիր» ստորագրվի:

Պատրվակներից մեկը կարող է հետեւյալը լինել: Ենթադրենք, «խաղաղության օրակարգի» շրջանակներում փոխանակվում են Արծվաշենն ու Տիգրանաշենը: Հասկանալի է, որ Արծվաշենում, միեւնույն է, ոչ մի հայ չի ապրի: Ճիշտ այնպես, ինչպես Արցախ հիմա ոչ մի հայ չի գնա բնակվելու եւ նույնիսկ «չի այցելի»՝ ի հեճուկս Շառլ Միշելի «երաշխիքների»: Պարզվում է, կարելի է 120 հազար մարդու բռնությամբ վտարել իրենց տներից, իսկ հետո «Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում» նրանց «այցելելու» հնարավորություն տալ:

Իսկ ահա ադրբեջանցիները Տիգրանաշենում կբնակվեն: Նրանք, բնականաբար, կլինեն ոչ թե սովորական խաղաղ բնակիչներ, այլ՝ հատուկ պատրաստված ուժային կառույցների ներկայացուցիչներ՝ Բերձորի միջանցքը փակած «բնապահպանների» նման: Եվ ճիշտ նրանց նման, նրանք կարող են փակել Արարատի եւ Վայոց ձորի մարզերը կապող մայրուղին՝ ինչ-որ պահանջներով: Եթե մեր ոստիկանն այդ «բնապահպանին» մի թեթեւ հրի, Ադրբեջանը «կպաշտպանի իր քաղաքացիներին»: Ահա թե ինչու են թշնամուն պետք ՀՀ տարածքում իր ձեռքում գտնվող բարձունքները:

Սա, իհարկե, սցենարներից մեկն է: Վախենամ, իրականությունն ավելի դաժան է լինելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031