Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը համայն հայության խիղճն է, համոզված եմ՝ ազատագրումը չի ուշանա…». Արթուր Խանջյան

Դեկտեմբեր 16,2023 12:30

2002 թվականից, ամեն տարի, մասնակցել ու նկարահանել եմ ֆրանսահայ համայնքի կազմակերպած բողոքի ցույցերն ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության։

Ամեն անգամ համախմբվելով Փարիզի սրտում վեր խոյացող Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանի մոտ, հայ եւ ֆրանսիացի քաղաքական գործիչներն իրենց ելույթներով դատապարտել են թուրքաադրբեջանական հայատյաց քաղաքականությունը եւ միանալով իրենց բողոքն արտահայտող հազարավոր մասնակիցներին, ցուցապաստառներով, բողոքի կանչերով, քայլել են դեպի Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատուն։

2020թ. պատերազմի օրերին, ի պաշտպանություն Արցախի, պարբերաբար ցույցեր են տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատների, Ազգային ժողովի հարակից վայրերում։ Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում՝ համահայկական հավաքը գագաթնակետն էր։

Ի՞նչ տվեց մեզ այդ ցույցերը, ավելին, Ֆրանսիայի Ազգային ժողովն ու Սենատը օրենքներ ընդունեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան գործողությոնների դեմ, ինչո՞ւ մնացին թղթի վրա։

Այս մտայնությամբ օրերս հանդիպեցի փարիզյան շրջանի Իսի լե Մուլինո քաղաքի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանին։

Տեսա, որ հանդիպման վայրը պատահական չէր՝ «Maison Petrossian» Խավիար անունով հայտնի, Արմեն Պետրոսյանի խանութներից մեկն էր, փողոցի սկիզբն էր, տեսանելի վայրում։

Այդ առիթով, մեր զրույցը սկիզբ առավ հայկականը տարածելու եւ խրախուսելու թեմայով, ասաց, որ իր ջանքերի շնորհիվ է, որ խանութը հենց այստեղ է գտնվում։ Անցորդները կտեսնեն հայի ազգանունը ու հետաքրքրություն կառաջանա, բացի այդ, խավիարի բարձրորակ տեսականիներով «Պետրոսյան խանութը» բավական հայտնի է։

Լիբանանում ծնված եւ ինը տարեկանում ծնողների հետ Ֆրանսիա տեղափոխված Արթուր Խանջյանը ազատ տիրապետում է հայերենին։ Ծնողների երազանքն է եղել, որ իրենց զավակը մայրենի լեզուն չմոռանա։ Ֆրանսիական ուսում ստանալով ու մեծանալով հայկական արմատներով ընտանիքում, անդամակցելով հայկական կազմակերպություններին եւ աշխատելով ֆրանսիական միջավայրում՝ հավասարազոր աշխատանք է տանում եւ ինչպես ինքն է ասում՝ երբեք մեկը մյուսին չի խանգարել, ընդհակառակը, երկուստեք օգտակար է։

Իմ հարցին, թե առաջին անգամ Արցախի մասին որտե՞ղ եւ ե՞րբ է լսել, Արթուր Խանջյանն ասաց, որ Լիբանանում իրենց տանը դեռ տակավին երեխա, հայրենասիրական երգեր է լսել ու շատ տպավորվել է Լեւոն Կաթրջյանի «Արցախ» երգով քայլերթի երաժշտության համահունչ, այս բառերը միշտ ականջների մեջ է՝

Արցախցի ենք մենք, հայկյան ցեղից ենք,

Ուխտել ենք կռվել, մեր հողն ազատել…

Նախօրոք հարցեր էի պատրաստել, այս հուզական տողերը լսելուց հարցերի մասին մոռացա եւ տեղի ունեցավ ազատ զրույց։

Բազմաթիվ առիթներով հանդիպել եմ նրան, լսել ելույթները, կարդացել տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցները, սակայն այդ օրը նորովի բացահայտեցի Արթուր Խանջյանին։

Հետաքրքիր ու միաժամանակ դժվար ճանապարհ է անցել Արթուր Խանջյանը, կարելի է ասել՝ ինքն է ընտրել այդ դժվար ճանապարհը, գիտակցելով, որ ճակատամարտում միայն կամքով ուժեղներն ու նվիրյալներն են հաղթում։

Որեւէ կուսակցության անդամ չէ եւ ինչպես ինքն է ասում՝ անկախ ավելի լավ է, բոլորին ինչքան հնարավոր է, կարողանում է օգտակար լինել։

Երիտասարդ տարիներին «Նոր սերունդ»-ի ակտիվ անդամներից է եղել, որն իր կյանքում ճակատագրական դեր է խաղացել։

Մի ակումբի հավաքույթի ժամանակ կրակոտ ելույթ է ունեցել, ուր ներկա էր Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, որն էլ իրեն առաջարկել է քաղաքապետարանում աշխատել, այդ պահից առ այսօր, շուրջ 23 տարի փոխքաղաքապետ է։

Հայի տեսակի մասին խոսելիս, մեր բոլոր լավ ու վատ կողմերից բացի, առանձնացրեց հայի նախանձ լինելը եւ ափսոսանք հայտնեց, որ դա միմյանց  շատ է խանգարում ու դա վերջ չունի։

Մեր ծավալուն զրույցն ընդհատելով, հարցրի՝

– 1988 -ին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Արցախը Հայաստանին միանալու պահանջով։  Բոլորիս հայտնի է, որ նույն թվականի նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ ամբողջ Ադրբեջանում ապրող հայերի նկատմամբ իրագործվում էին բռնարարքներ. նրանց ստիպում էին հեռանալ հանրապետությունից։ Ադրբեջանի կողմից հայատյաց այս ծրագիրը տարիների ընթացքում դարձավ պայթյունավտանգ, երեք պատերազմի միջով անցած արցախահայությունը բռնի տեղահանվեց իր բնօրրանից։

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայտնվեցիք այս իրավիճակում։

– 1988-ին հայ ժողովրդի պատմության մեջ ամենից թանկ ու գնահատելի մթնոլորտ էր ստեղծվել, միմյանց վստահում ու հավատում էինք։ Ազգային ոգի կար։ Այդ ոգով հաղթեցինք մեր թշնամուն։

Այս իրավիճակում դժվար է որեւէ հարցի անմիջական լուծում տալ, այնուամենայնիվ, տեղահանումը ճիշտ չէր։

Ասում են՝ Արցախի հարցում նախկիններն են մեղավոր, անընդհատ շեշտում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անունները։ Նրանք ազգային ոգի ունեն, շատերն իրենց մասին ինչ ասես խոսում են, ճիշտ է, սուտ է, հայտնի չէ։ Իրենց ղեկավարության տարիներին էր, որ դիվանագիտական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, հարգանք կար մեր երկրի հանդեպ, Հայաստան-Սփյուռք  կապերն ավելի էր ամրապնդվել։ Ներկայիս ղեկավարն առաջին հերթին ազգային ոգին ոչնչացրեց, Սփյուռքը տկարացրեց, քանդեց Սփյուռքի նախարարությունը, Հայաստանից սկսած մինչեւ աշխարհի տարբեր ծայրերը հայ ժողովրդին բաժանեց սեւերի ու սպիտակների։

Միասնական մի նոր, հզոր պայքար է պետք, այո, հոկտեմբերի 1-ին մի քանի ավտոբուսներով գնացինք Բրյուսել, որն արդար ծրագիր էր, նման ցույցերը պետք է լինեն շարունակական, բռնի տեղահանված արցախցիների իրավունքները պետք է պաշտպանվեն։

– Իսկ չե՞ք կարծում, որ ցույցերն այլեւս ազդեցություն չունեն։

– Ինչքան էլ ազդեցություն չունենան, չպետք է լռել, այդպես, մենք էլ ենք արթուն մնում։ Սեպտեմբերի 27-ին, Փարիզում կազմակերպված ցույցի ժամանակ, խոսելով Արցախի ժողովրդի ճակատագրի մասին (շրջափակում, բռնի տեղահանում), շեշտեցի, որ մեր առաջին թշնամին մեր անտարբերությունն է, ֆրանսիացիների կամ այլ երկրների վրա հույս դնել պետք չէ, եթե մենք մեզ չենք աջակցում, ուրիշներից ինչպես պահանջենք, խորհեք, տեսեք, թե իրենց համախմբվածությամբ ու ազգային ոգին ամուր պահելով, իրենց սահմաններն ընդլայնելով՝ հրեաներն ինչպիսի հաջողությունների են հասել, իսկ մենք հողեր ենք հանձնում։ Ցավալին այն է, որ մենք գիտակցորեն դեմ ենք ազգային շահերը պաշտպանելուն, ուրեմն, այստեղ դավաճանություն կա։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այսքան անտարբեր դարձավ մեր ժողովուրդը, թշնամին Հայաստանի տարածքներում իր դիրքերն է ամրապնդում, իսկ ժողովրդի մի ստվար մասը հանգիստ իր բնականոն կյանքով է ապրում։

– Իրապես, սա մեծ ողբերգություն է։ Երկու տարի առաջ Հայաստանում էի, պատերազմից հետո էր, օգոստոս ամսին, վերադարձիս մի միտք էր մտատանջում, թե մեր ժողովուրդն ինչպես այսքան փոխվեց, հասկացա, որ ավելի շատ եվրոպացի են, քան թե հայ։ Փողոցով քայլելիս մի պահ թվում էր, թե Պրահայում կամ Վիեննայում եմ։ Ոչ մի տեղ պատերազմից ու Արցախից չէին խոսում։ Ժողովրդին զբաղեցնելու ու թմրեցնելու պայմաններ շատ կան՝ դիսկոտեկաներ, շքեղ հյուրանոցներ, բարձրորակ ճաշարաններ, գիշերային շլացուցիչ լույսեր եւ այս ամենը մեծ ազդեցություն ունի Սփյուռքի վրա։

– Հայ ժողովրդի միասնական ուժերով, Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված, Արցախի առաջին պատերազմն ավարտվեց մեր հաղթանակով, ավելին՝ ազատագրեցինք Շուշին, այսօր, երբ ամբողջովին կորցրել ենք Արցախը, ինչո՞ւ այսպես սահուն համակերպվեցինք այս իրավիճակին։

– Ճիշտ է, մենք հաղթեցինք, բայց չմոռանանք, որ մեր թիկունքին Ռուսաստան ունեինք։ Ես ռուսամոլ չեմ, բայց արդար պետք է լինել։ Մեր երկրի քաղաքական սխալ դիրքորոշումն այն է, որ դեռ հույսները դրել են ԱՄՆ -ի ու Եվրոպայի վրա։ Մենք գիտակցորեն մեր երկիրը հարվածի տակ ենք դնում։ Այդ նույն Ամերիկան ու Ֆրանսիան 44- օրյա պատերազմի ժամանակ ինչո՞ւ մեզ չօգնեցին, երբ Արցախը 10 ամիս շրջափակման մեջ էր, ինչո՞ւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառեցին։

Ճիշտ է, Փարիզի քաղաքապետն իր համախոհների հետ օգնություն տարավ, բայց այն ուժը չուներ, որ հասցներ Արցախ, Հայաստանն ու Արցախն իրար կապող Կոռնիձորում կանգ առավ։

Այնուամենայնիվ, մենք գոհ ու շնորհակալ էինք։

Մի փոքր ուշադրության ու չնչին դրամական օգնության համար այնքան ենք ուրախանում ու մեր գոհունակությունն արտահայտում, կարծում են, թե շատ մեծ բան են արել։ Համեմատեք ուրիշ երկրների հետ ու կտեսնեք, թե ինչքան չնչին են Հայաստանին հատկացված օգնությունները։

– Ամբողջ կյանքում հպարտացել եմ հայի արժանապատիվ լինելու կեցվածքով, այս վերջին հինգ տարիների ընթացքում այնքան նսեմացվեցին ու փոշիացան մեր ազգային արժեքները, այնքան անտարբեր ու հանդուրժող դարձանք, որ արցախահայերի բռնի տեղահանումը համարում ենք փրկություն։

Փաստորեն, Ալիեւն ավելի հայրենասեր է, դրա համար էլ այսօր հպարտ կեցվածքով քայլում է Ստեփանակերտում։ Մի՞թե մենք սրան արժանի ենք։

– Արժանի ենք, որովհետեւ ոչ մի հայրենասեր ու սրտացավ ղեկավար չենք ունեցել։

Ինչպես ասում են, բոլորը դարձել են մուլտիմիլիոնատեր, չեն գիտակցել, որ պատերազմի մեջ ենք, բանակը պետք է զինել։

Ալիեւը հաղթեց ոչ թե սրտացավությամբ կամ խելացիությամբ, Ալիեւը դրամով հաղթեց։

Երբ ԱԺ նախագահը եկել էր Փարիզ, համայնքի հետ հանդիպման ժամանակ, հարց ուղղեցի, թե արդյոք նպատակահարմար է աղքատ ու պատերազմի մեջ գտնվող երկրում 150 հազար եվրոյի արժողությամբ մեքենա վարել, մի քանի նիկոլապաշտ (այո, ցավոք, այստեղ էլ կան նիկոլապաշտներ) աղմուկ հանեցին, հանդիմանելով, թե ինչո՞ւ նման հարց բարձրացրի։

44 -օրյա պատերազմի ժամանակ համայն հայության օգնությունը 180 միլիոն գումար կազմեց, ինչ նպատակի ծառայեց, ոչ ոքի հայտնի չէ։

Ժողովրդին հաշվետու չեն, նրանց պահանջները չեն կատարում, այն ժողովրդին, որ իրենց պաշտոնի բերեց։

Վերցնենք Ֆրանսիայի օրինակը, եթե չեն կարող աշխատել, պետք է հրաժարվեն։

Բայց մենք պատերազմում պարտություն կկրենք՝ կմնանք աթոռին, հող կհանձնենք՝ կմնանք աթոռին։ Պատմության մեջ նման բան չկա։

Առավել խոցելին այն է, որ եթե կրկին ընտրություն լինի, ներկայիս անձը հնարավոր է նորից վերարտադրվի։

– Հայաստանը մի կողմ, հայկական սփյուռքը ինչո՞ւ է հանդուրժում։

– Նախ պետք է գիտակցենք, թե սփյուռք ասելով, ինչ ենք հասկանում։

Ներկա վիճակը եթե համեմատենք, 35 տարի առաջ բոլորովին ուրիշ էր։ ԱՄՆ-ը եւ եվրոպական այն երկրները, որոնք որոշ չափով տնտեսապես կայուն են, քաղաքական դաշտում ազդեցիկ ուժ չունեն։ Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Իրանը տնտեսական ճգնաժամի ու մշտապես վտանգի մեջ են։

Հետեւաբար, այն հավաքական ուժը չկա, որ կարողանա Հայաստանում ինչ-որ բան փոխել, բացի այդ, շատ ենք լսել, որ սփյուռքը չպետք է խառնվի իրենց գործերին։

Այդուհանդերձ, սփյուռքն իր դրամական օգնությունը շարունակում է։

Եթե որեւէ հայկական հարց է լինում ու մենք ձախողում ենք, ես միշտ հրեաների օրինակն եմ բերում։ Մենք ազգային ծրագիր չունենք, բացի այդ, իրար չենք վստահում, համախմբված չենք։ Կարող ուժեր ունենք, որոնք անտեսված են, երբ որ կմահանան, այն ժամանակ կհիշենք ու կգնահատենք, սա է մեր դիմագիծը։

Ավելին, շատ անգամներ մեռած ժամանակ էլ կանտեսենք, հուլիս ամսին ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր հայրենակիցների՝ ցույցի ժամանակ, օրինակ բերեցի Միսաք Մանուշյանին։ Թե ինչպես գաղթական մի հայ երիտասարդ բանաստեղծ դարձավ ֆրանսիական դիմադրության շարժման ակտիվ մարտիկ ու նացիստների կողմից մահապատժի ենթարկվեց։ Ութսուն տարի անց, նոր միայն, Ֆրանսիան որոշում կայացրեց, որ նրա աճյունը վերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում։

– 1991թ. սեպտեմբերի 2-ը համարվում է Արցախի անկախության հռչակման օր։

Մշտական պատերազմի մեջ գտնվելով, մենք աշխարհից պահանջում էինք ճանաչել Արցախի անկախությունը, էլ չեմ ասում, որ անգամ Հայաստանը չճանաչեց, այսքան տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը պահանջում էր, այսպես ասած, գրավյալ տարածքների վերադարձը, ի՞նչ եք կարծում, եթե ժամանակին երկուստեք համաձայնության գային, կխուսափեի՞նք 44-օրյա պատերազմից, Արցախը չէ՞ր հայաթափվի։

– Եթե իմ կարծիքն եք հարցնում, նախ եւ առաջ, ասեմ, որ Արցախի հիմնախնդիրն ավարտված չէ։ Պատմության մեջ այսքան բացթողումներ չենք ունեցել, որքան հիմա։

Արցախի ճակատագիրը մի քանի անձերով որոշեցին։ Այն ղեկավարը, որ իր երկրի մի թիզ հողը չի արժեւորում, թշնամին ավելի է ամրապնդում իր դիրքերը։

Ներկայիս մոլորակի վրա բոլոր երկրները իրենց հարեւանների կամ թշնամիների հետ հողային խնդիր ունեն, բոլորն էլ փորձում են ինչ-որ պատրվակներով ձգձգել այդ հարցը, վերցնենք Անգլիայի եւ Իռլանդիայի օրինակը։

Չի կարելի պաշտոն ստանձնել, ձախուղել ու էլի մնալ նույն աթոռին։

Ալիեւի նախագահ լինելն արդար է, մարդն այսօր իրեն հաղթող է համարում, Էրդողանը նույնպես։

– Այո, իրականում այդպես է, շատ ցավոտ եւ անընդունելի է, բայց այդպես է, նրանք իրենց աթոռին արժանի են։  Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախը Հայաստանին միանալու գաղափարով նախագահ դարձավ։ Տարիներ շարունակ ինքն իր խոսքը հաստատելով ասում է, որ տարածքային վեճի պատճառով Արցախի հարցը չի լուծվելու։ Փաստորեն, ի սկզբանե, ի նպաստ Ադրբեջանի,  ինքն է այդ հարցը տարել փակուղի եւ հանձնել  ժառանգորդին։

– Անկեղծ ասած, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ չեմ հանդիպել, բայց հետեւելով նրա վարած քաղաքականությանը, երբեք ոչ մի հարցում կողմնակից չեմ եղել։ Հիմա ես այն կարծիքին եմ, որ եթե հրաժարական չտար, մնար աթոռին, Արցախն ավելի շուտ կհանձներ։

– Իսկ ի՞նչ կասեք մյուս նախագահների մասին։

– Պարոն Ռոբերտ Քոչարյանին մի քանի անգամ հանդիպել եմ, ինչպես ասում են «բարեւի» սահմաններում, սակայն  շատ հարցերում ես կողմ եմ եղել իր որոշումներին։

Սերժ Սարգսյանի հետ բավական հանդիպումներ եղել են, արցախցի լինելով, երկուսն էլ ուժեղ կամքի տեր էին, Ալիեւը գիտեր նրանց ուժն ու դիվանագիտական կարողությունները, երբեք չի համարձակվել հոխորտալ։

– Այսօր Արցախի ղեկավարներն Ադրբեջանի կողմից գերեվարվել են, կարծես թե Հայաստանի պատկան մարմիններն այնքան էլ մտահոգված չեն նրանց ազատելու համար, ի՞նչ եք կարծում, դրսի ուժը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ, չէ՞ որ Ռուբեն Վարդանյանը բավական հայտնի դեմք է։

– Անկեղծ ասած, այս լուրը, որ լսեցի ու համացանցով տարածվեց, թե ինչպես են նրանց ստորացնում, սրտիս մեջ սուր խրվելու չափ ցավ ապրեցի, մի՞թե մենք արժանի ենք, որ մեր ղեկավարների հետ այսպես վարվեն։

Նրանք որբ գերիներ են, մեր անտարբերությամբ (Հայաստան, սփյուռք) նպաստում ենք Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը։

– Իսկ հույս ունե՞ք, որ Արցախը կրկին կազատագրենք։

– Հո՞ւյս, Արցախը համայն հայության խիղճն է, ես համոզված եմ՝  ազատագրումը չի ուշանա։

– Ինչպե՞ս եք դա պատկերացնում։

– Նախ պետք է մեր ազգային ոգին ամրապնդենք։ Դպրոցական տարիքից, անգամ, ինչպես ասում են՝ օրորոցից մեր սերնդին  կրթել մեր ազգային հերոսների  գաղափարներով։

– Դուք հայրենասեր մարդ եք, ո՞ւմ կերպարն է եղել Ձեզ համար խորհրդանիշ։

– Շատ անձեր կան, որոնցից խորապես տպավորվել եմ, բայց առավել ոգեշնչվել եմ  Խրիմյան Հայրիկով, կարելի է ասել՝ իմ կյանքի ուղեցույցն է եղել։

Մանկուց ես ձգտել եմ նմանվել մեծ հայրիկիս, Մարաշից մազապուրծ մի որբ տղա էր, երբ հասավ Լիբանան, ազատատենչ ոգի ուներ, դաշնակցական էր։  Փոքր երեխա էի, ուր գնար, ինձ հետը կտաներ։ Միշտ հետս կզրուցեր, խորհուրդներ կտար։ Ցավոք, յոթ տարեկան էի, որ մահացավ, դա 1974 թվականին էր։ Հրաժեշտի արարողությունն այսօրվա պես հիշում եմ։ Ներկա էին նախարարներ, բարձր պաշտոնյաներ։ Մեքենաների շարասյան  վերջը չէր երեւում, հայրս, որ համբերությամբ կպատասխաներ ինձ հետաքրքրող հարցերին, ասաց՝ կմեծանաս, կիմանաս, թե իրականում ով էր քո մայրիկի հայրիկը։

Մեծ հայրիկս Դրաստամատ Կանայանի ընկերն է եղել, հավատարիմ զինակիցը։

Հայրենիքի նվիրյալների հավաքական կերպար էր։

Փառք Աստծո, ծնողներս դեռ ողջ են, ամեն առիթով հետաքրքիր դրվագներ են պատմում իրենց կյանքից ու  հայրենանպաստ խորհուրդներով  գոտեպնդում ինձ։

Երբ որ 2020թ. օգոստոսին Լիբանանում պայթյուն եղավ, այս լուրն  իմանալով, Անդրե Սանտինին առաջարկեց օգնության ձեռք մեկնենք։ Մեր քաղաքի, Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆրանսիայի մասնաճյուղի եւ Լիբանանի Մարոնիական կաթոլիկ եկեղեցու  աջակցությամբ 15 տոննա  սննդով ու անհրաժեշտ պարագաներով օգնություն տարա։ Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանն ինձ հրավիրեց սուրճ խմելու։ «Թռչնոց բույն» տարավ, մի խմբակային լուսանկար ցույց տվեց, ասաց՝ տեսնեմ կճանաչես մեծ հայրիկիդ, ճանաչեցի, ասաց՝ 100 տարի անց, իրեն ապաստարան տված երկրին թոռնիկը օգնություն է բերել, ահա’ այսպիսին ենք մենք։

– Եթե այսպիսին ենք, բա ո՞ւր մնաց մեր արժանապատվությունը։

– Արցախի բռնի տեղահանումը մեծագույն ապտակ է, որից պետք է դասեր քաղենք։

Անհապաղ պետք է ազգովի համախմբվենք եւ օրենքի ուժով վերցնենք այն, ինչը հազարամյակներով պատկանում է հայ ժողովրդին։

Արթուր Խանջյանի հետ հանդիպումից հետո, տուն վերադարձիս, մտքիս մեջ անընդհատ Հրանտ Մաթեւոսյանի խոսքերն էի կրկնում.

«…Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»։

Ակամայից հարց ծագեց, բա Արթուր Խանջյանի նման հազարավոր որդիներ  ունենաս, չպայքարես ու Արցախը նվեր տաս թշնամո՞ւդ։

Այս արհավիրքին ինչպե՞ս ենք դիմանում…

Անժելա ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի Անժելա Սահակյան, հայրենասիրությունը վարակիչ է և առանձին անհատներից այն պետք է տարածվի շատերի վրա (ցանկալի է՝ մեր մեծամասնության վրա): Սակայն, ցավոք, վարակիչ է նաև նյութապաշտությունը, որը 1990-ականներից սկսեց կաթիլ-կաթիլ բույն դնել հասարակության մեջ, որի աղբյուրը հանդիսացան գաղափարազուրկ ֆիլմերը, ցածրակարգ սերիալները, հաճույքներ գովազդող համացանցային տիրույթները, պետական գործիչների անտարբերությունը կամ ոչ կոմպետենտությունը՝ հայրենասիրության թեմաները մեր կրթական և դաստիարակչական ծրագրերում ներառելու համար և այլն…
    Հիմա իրոք եկել է անկեղծ և արժանապատիվ հայրենասերների ինքնադրսևորման ժամանակը: Որքա՞ն շատ և ինչպիսի՞ որակ կունենան փառասիրությունից զուրկ հայ նվիրյալները, որոնք կմտնեն ազգապահպանության անշնորհակալ գործի մեջ, դրանից էլ կախված՝ առաջիկա ապագայում ազգը կունենա համապատասխան ձեռքբերումներ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031