Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, նախկին դատավորի գործն արդեն 7 տարի է՝ ոչ մի կերպ չի հասնում դատավճռի. «Հրապարակ»

Հունվար 11,2024 12:04

Դատախազությունն օրերս հաղորդեց դատարանում տարած իր հաղթանակի մասին` Գեղարքունիքի մարզի դատավորներից մեկը 2 տարվա դատաքննության արդյունքում մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ եւ 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել։

Ըստ մեղադրանքի, դատավորը գումարի դիմաց խոստացել է նոր երեւան եկած հանգամանքով հասնել դատական ակտի վերանայման, քաջ տեղյակ լինելով, որ դրա հիմքերը բացակայում են։ Մենք պարզեցինք, որ խոսքը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աղվան Պետրոսյանի մասին է, որի նկատմամբ վարույթի մասին անցյալում մենք հրապարակումներ արել ենք։ Նրա վերաբերյալ երկու դատական գործ է եղել։ Մեկը հարուցվել է 2017 թվականին՝ Հատուկ քննչական ծառայության կողմից։ Ըստ քննիչների, Գեղարքունիքի մարզի դատարանում մի ամբողջ «հանցագործ խումբ» է գործել՝ դատարանի նախագահի, դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սեւակ Շհոյանի, կադաստրի, բերդի աշխատողների մասնակցությամբ։ Փաստորեն, խումբը բացահայտվել է, եւ գործը հարուցվել է նախկին իշխանության օրոք։

Դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանի փաստաբան Էդգար Արամյանը մեզ հայտնեց, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։ Փաստորեն, այս գործն արդեն 7 տարի է՝ ոչ մի կերպ չի հասնում դատավճռի։ Համաձայնեք` պարծենալու առանձնապես թեմա չկա։ Մյուս վարույթը, որով անցնում է դատավոր Պետրոսյանը, եւ որը դատարան է մտել 2021 թվականին, հաղորդագրության առարկան է։ Ըստ մեղադրանքի, Պետրոսյանը, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Մերուժան Միքայելյանի միջոցով, վերջինիս ազգական Սոնյա Մարգարյանից ուղղակի դիտավորությամբ` խարդախությամբ եւ նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Ահա այս գործով է, որ դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Աղվան Պետրոսյանին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031