Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր Հայաստանի մասին է խոսքը. այն Հայաստանի՞, որի կադաստրի վկայականը Իլհամ Ալիե՞ւը պետք է տա». Նաիրա Զոհրաբյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին

Հունվար 23,2024 16:32

«Երբ հայոց պատմությունը փորձում են անվանել «Հայաստանի պատմություն», հարց է առաջանում. ո՞ր Հայաստանի մասին է խոսքը: Այն Հայաստանի՞, որի կադաստրի վկայականը Իլհամ Ալիե՞ւը պետք է տա»,- այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Հայաստանում Սահմանադրություն փոխելու՝ իշխանության ցանկություններին:

Սահմանադրական փոփոխություններով, ըստ բանախոսի, Նիկոլ Փաշինյանը փորձելու է հետեւյալ հարցերը լուծել՝ Սահմանադրության նախաբանից (ի դեպ, այն անփոփելի է․–խմբ․) հանելու է Անկախության հռչակագիրը, որտեղ հստակ արձանագրումներ կան ԼՂ-ի մասին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է հանելու, Հայ առաքելական եկեղեցում մասին դրույթը եւ չորրորդ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտանիքը տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնությունն է. սա էլ է հանվելու:

Բացի սրանից, Նաիրա Զոհրաբյանը ակնհայտ է համարում, որ Արեւմուտքը Նիկոլ Փաշինյանին պարտադրելու է՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից առաջ, գնալ ժողովրդի քվեն ստանալ: Բայց Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ անգամ վարչական ռեսուրսի տոտալ կիրառման դեպքում, արտահերթ ընտրությունները մեծ ռիսկ են ենթադրում իր վերընտրության համար, ուստի Սահմանադրության փոփոխությունները նա փորձելու է Արեւմուտքին ներկայացնել իբրեւ իրեն տրված վստահության քվե:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ գաղտնի, չհրապարակված հարցումների արդյունքներ բարձրաձայնեց, ըստ որոնց՝ հասարակության 85 տոկոսը տոտալ մերժում է այս իշխանությանը, իշխանության խաղաղության օրակարգին դեմ է եւ իշխանության փոփոխություն է ուզում հասարակության 80 տոկոսը:

Ինչ վերաբերվում է Արմեն Աշոտյանին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է՝ եթե անգամ այս ռեժիմը որոշել է բանտախցում սպանել Արմեն Աշոտյանին, միեւնույն է, դրանով նրան չեն կոտրելու:

«Միեւնույն է Արմեն Աշոտյանը բոլոր իրավիճակներում լինելու է այս ռեժիմին հաղթած»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին, որին իշխանությունը չկարողացավ հաղթել ու «չհաղթեցիք նաեւ այն պատճառով, որ Արմենը ճիշտ էր, դուք սխալ»:

Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է՝ Աշոտյանն առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. նա ողնաշարի երկու լուրջ վիրահատություն է տարել: Այս մասին ինքը նաեւ իր եվրոպացի գործընկերներին է տեղեկացրել, որքան էլ, որ Արմեն Աշոտյանն արգելել է խոսել իր առողջական խնդիրների մասին:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի վատնում, փողերի լվացում կատարելու մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031