Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանն ասաց, որ ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանի հետ անձնական եւ ընտանեկան շփումներ ունի եւ ինքնաբացարկ հայտնեց

Հունվար 29,2024 11:56

Բարձրագույն դատական խորհուրդն այսօրվա նիստում քննեց Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդեւյանին, Քրիստինե Մկոյանին եւ Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց եւ չմասնակցեց այս միջնորդության քննարկմանը։ ԲԴԽ խորհուրդը որոշեց բավարարել Անդրեասյանի միջնորդությունը։

ԲԴԽ խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանն ասաց. «Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնելու իր միջնորդության մեջ պատճառաբանել է, որ Քրիստինե Մկոյանի հետ երկար տարիների անձնական եւ ընտանեկան շփումներ ունի։ Եվ նշված կարգապահական վարույթին իր մասնակցությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով անաչառության մեջ»։

Դատավոր Քրիստինեն Մկոյանը, որը ԲԴԽ խորհրդի անդամ է, նույնպես ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը բավարարվեց։

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Քրիստինե Մկոյանը եւ Կարեն Անդրեասյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն։

Հիշեցնենք այս գործի նախապատմությունը՝ 2021 թվականին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական Ժամանակ» ) ընդդեմ Հայաստանի» գործով, որը վերաբերում է 2008թ մարտի 1-ի իրադարձություններին։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ վարույթը հարուցելու հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ««Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում աներեւույթ կարգապահական խախտման պահանջներ պարունակող արարքի հայտնաբերումը։

«Գործի էությունն այն է, որ «Դարեսկիզբ» ՍՊԸ կողմից վիճարկվել է 2008 թվականի մարտի 1-ի՝ հանրապետության նախագահի հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Վիճարկվել է վարչական դատարանում եւ վիճարկվել է տվյալ ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը օրենքին։ Սակայն Վարչական դատարանը, հետագայում նաեւ վերաքննության կարգով գործը քննած կազմը, Վճռաբեկ դատարանը այն դիրքորոշմանն են հանգել, որ տվյալ գործը ենթակա չէ քննության Վարչական դատարանում, քանի որ բարձրացնում է սահմանադրականության հարց, այն դեպքում, երբ դիմումատուի կողմից առհասարակ սահմանադրականության հարց չի եղել։ Ավելին, նախարարության գնահատմամբ, այդ վարույթի շրջանակներում դատավորները քաջ գիտակցել են, որ ՍԴ դիմելու հնարավորություն դիմումատուն չէր կարող ունենալ այն ժամանակ գործող կարգավորումների համատեքստում։ Եվ հետագայում դիմումատուն դիմել է ՍԴ եւ ստացել է դիմումի քննության մերժում»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։

Այսպիսով, արդարադատության նախարարության գնահատականով, դատավորների կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին մասի եւ Վարչական դատավարության օրենսգրքի հոդվածների խախտումների։ Նախարարությունը գտնում է, որ խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ։ Եվ արդարադատության նախարարը որոշում է կայացրել նշված դատավորներին կարգապահական պատասխանատվության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել ԲԴԽ։

Այս գործով որոշումը կհրապարակվի փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031