Լրահոս
Օրվա լրահոսը

Բուռն գործունեության իմիտացիա

Հունվար 31,2024 10:00

Ինձ թվում է, Հայաստանի (ինչպես նաեւ այլ երկրների) իշխանությունները, երբ լրատվական դաշտի հետ կապված որոշումներ են ընդունում, ավելի շատ զբաղված են բուռն գործունեության իմիտացիայով, քան ցանկանում են գործնականում իրավիճակ փոխել: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ շահումով խաղերի եւ բուքմեյքերական գրասենյակների գովազդը լրատվամիջոցներում արգելելը որեւէ գործնական արդյունքների չի հանգեցրել, քանի որ բացի ԶԼՄ-ներից՝ կան հարյուրավոր այլ հարթակներ:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերջերս արդարացիորեն նկատել է, որ անպարկեշտ արտահայտությունների ճնշող մեծամասնությունը հայտնվում է համացանցում (ոչ ավանդական լրատվամիջոցներում), ընդ որում՝ դրանց հեղինակները հիմնականում ապրում են Հայաստանից դուրս: Դա կարող եմ հաստատել նաեւ իմ փորձով. իմ նյութերի մեկնաբանությունները սոցցանցերում լինում են, որպես կանոն, երկու տեսակի: Հայաստանի IP հասցեներից, եթե մարդիկ նույնիսկ կտրուկ համաձայն չեն իմ հետ, նրանք գրում են հայատառ եւ հոդաբաշխ: Իսկ «գլենդեյլներում» ու «տամբովներում» նստածները տեղադրում են ինչ-որ հիերոգլիֆներ, որոնցից ես մեծ դժվարությամբ հասկանում եմ, որ դրանք սեռական բնույթի հայհոյանքներ են: Այդ մարդկանց պատասխանատվության կանչելը, որքան հասկանում եմ, անհնարին է: Փոխարենը հնարավոր է «պատժել» իշխանությանը քննադատողներին:

Հիմա էլ գործը հասավ «քրեական ենթամշակույթով» սերիալներին: Նախ՝ պարզ չէ, թե ո՞րն է այդ ենթամշակույթի սահմանը: Օրինակ, 1999-2007 թվականներին ցուցադրվող «The Sopranos» կրիմինալ դրաման «ենթամշակո՞ւյթ» է, թե՞ չէ: Գուցե իտալա-ամերիկյան մաֆիոզիներն այնքան վտանգավոր չեն մեր քաղաքացիների համար, որքան նրանց հայաստանցի «գործընկերները»:

Բայց հիմնական խնդիրը դա չէ: Ենթադրվում է, որ մեր դեռահասները երեկոյան խելոք նստում են բազմոցին, միացնում են հայկական ալիքները եւ դիտում են այնտեղից սփռվող հայկական սերիալները: Իրականում հեռուստացույցի առաջ նստած են նույնիսկ ոչ թե նրանց ծնողները, այլ տատիկ-պապիկները, որոնք, ենթադրում եմ, շատ չեն «փչանա»՝ այդ սերիալները դիտելուց: Իսկ դեռահասները քաշված են իրենց անկյուններում կամ (եթե ունեն) սենյակներում, ընկղմված են հեռախոսների մեջ, որտեղ դիտում են այնպիսի բաներ, որոնց համեմատ «գողականների» մասին սերիալները պարզապես սուրբծննդյան հեքիաթ են:

Ի դեպ, այնպես էլ չի, որ նրանք խելոք գնում են քնելու ժամը 24.00-ին, երբ նախատեսվում է ցույց տալ «մաֆիան» եւ «էրոտիկան»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031