Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայում մանդատներից վաղուց հրաժարված ՔՊ-ն զավթելու է իշխանության կեսը

Փետրվար 02,2024 18:40

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում, որտեղ իշխանության գլուխ է անցել «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը՝ ՀՀԿ-ի հետ համատեղ, ՔՊ-ն ամեն կերպ փորձում է այստեղ ևս իշխանության գալ։

Բանն այն է, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ամասիայում ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ականները հրաժարվել էին իրենց վեց մանդատից՝ այսպիսով ակամա հնարավորություն տալով Ջեմմա Հարությունյանին իր ՀՀԿ-ական տեղակալ Արթուր Մկրտումյանի հետ ստանձնել իշխանությունը։

ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում էր անկուսակցական Մերգել Ղարիբյանը, տևական ժամանակ բողոքի ցույցեր էր անցկացնում՝ պնդելով, որ ամենաշատ ձայներ իրենք են հավաքել ու իշխանությունը իրենցը պետք է լինի, նույնիսկ դատական կարգով վիճարկեցին ընտրությունների արդյունքները՝ պահանջելով նոր ընտրություններ ու ոչնչի չհասնելով։

Սակայն, ինչպես երևում է ՔՊ-ն չի համակերպվում այս իրավիճակի հետ և փորձեր է անում իշխանազավթման։ Ու քանի որ «իշխանազավթում» բառի բուն իմաստով չի կարողանա անել, քանի որ մանդատներից հրաժարվել է, ուստի այլ տարբերակներ է մտածում։

Այսօր այս մասին իր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսեց Շիրակի մարզպետը՝ բնավ չթաքցնելով, որ Ամասիայում ՔՊ-ն իշխանություն է կիսելու։

Նշենք, որ Ջեմմա Հարությունյանը «Աշոցք ճանշինի» ղեկավար Մարսել Կարապետյանի կինն է, իսկ ՔՊ-ականները Հայաստանի մեծահարուստ Կարապետյաններին դիտարկում են որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մտերիմների։

Ջեմմա Հարությունյանի տեգրը՝ Գենիկ Կարապետյանը, տարբեր գործարաններ ու հյուրանոցներ է հիմնել ՀՀ-ում, դրանց որոշ մասը փակել է, վաճառել, այդուհանդերձ, նրա հիմնածներից մասնավորապես հայտնի է «Հին Արենի» գինու գործարանը, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցը, Ամասիայի «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը, որն այլևս չի գործում։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ասուլիսում ասաց․ «Առաջիկայում իմ կողմից հայտարարություն կլինի, մենք մանդատ չունենք, բայց աշխատելու կամք ունենք։ Մենք տեսնում ենք, որ անելիքներ կան, և մենք Ամասիայում իշխանություն չենք, բայց անելիքներ ունենք, և «Քաղաքացիական պայմանագրի» թիմը շատ ակտիվ է և համայնքի զարգացման ցանկացած ծրագիր, ցանկացած գործողության աչալուրջ է, հետևում է, որպեսզի կատարվի։ Շուտով՝ որոշ ժամանակ անց հայտարարություն կլինի նաև համատեղ համայնքն առաջ տանելու մասին։ Հնարավոր է համայնքը փոխգործակցված համատեղ կառավարենք»։

Aravot.am-ի ճշտող հարցին, թե Ամասիայում պաշտոններ եք կիսվելո՞ւ, բաշխելու Մուշեղ Մուրադյանն ասաց․ «Խոսքը պաշտոնների բաշխման մասին չէ, խոսքը համատեղ աշխատելու մասին է, մենք կարող է պաշտոն չունենալ այս ոլորտում, բայց այդ ոլորտում աշխատանք կատարել։ Մեր նպատակը համայնքի զարգացումն է։ Մինչ այս պահը Ամասիան ամենաքիչ ծրագրեր, պետության հետ ամենաքիչ աշխատող համայնքն է եղել։ Ճիշտ է՝աշխատանքներ տարվել են, բայց եթե համամետական ենք անցկացնում մեր մնացած համայնքների հետ, չի երևում այդ տեղի աշխատանքը։

Հիմա մենք միասնական կփորձենք Ամասիա համայնքը զարգացնել։ Մեր առաքելությունը հետևյալն է՝ մեր պետության մեջ, մեր մարզում պետք է ամեն հնարավորն անենք, որպեսզի օր առաջ մեր բնակավայրերում ծրագրեր մտնեն, աշխատանքներ կատարվեն, ներդրումներ լինեն, ժողովուրդը մնա, կպնի իր հող ու ջին և ապրի։ Սա է մեր միտումը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829