Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կսպասվի շիրակցի պաշտոնյաներին, եթե Փաշինյանը հենց հիմա գա, կախիչներն ու ցնցուղները ստուգի

Փետրվար 02,2024 21:00

Այսօր լրագրողները իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին հարցրեցին՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Շիրակի մարզ ու ստուգի պետական ծրագրով իրականացվող շինարարության ընթացքը, ասենք՝ դպրոցաշինությունը, ճանապարհաշինությունը, պաշտոնանկություններ կամ հրաժարականներ կլինե՞ն նրա այցից հետո։

Շիրակի մարզպետը պատասխանեց․ «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, եթե Շիրակի մարզում որևիցե պետական մեկ դրամի ծախս կա, եթե այդտեղ կան խախտումներ, թերություններ, մեր կառավարությունը տեղյակ է։

Եթե կան խախտումներ, դրանք մեր կողմից բարձրաձայնված են ժամանակին և տրված են հստակ հանձնարարականներ։

Ինչպես ես, այնպես էլ մարզպետի աշխատակազմը, մշտական հանձնաժողովը հետևողական ենք, չկա որևէ շինհրապարակ, որևէ բնակավայր, տարածք, որտեղ պետական մեկ լումա ծախսվի, դրա հետևից չգնանք։

Այն բոլոր թերությունները, որոնք մեր հնարավորությունների, լիազորությունների շրջանակներում են և ըստ պայմանագրերի, ըստ կատարած աշխատանքի, ըստ որակի՝ ինչ որ մենք արձանագրում ենք, բոլորը փաստաթղթային կա՝ ուղղված պատկան մարմիններին։

Ասեմ նաև, որ դեռևս դեկտեմբեր ամսին այն շինարարական աշխատանքները, որոնք մարզում իրականացվում են և դանդաղ է ընթացքը, որակը, մեզ չի գոհացնում, այս մասին մենք պատկան մարմիններին գրություններ ունենք ուղղված՝ Տարածքային զարգացման հիմնադրամին, Քաղաքաշինության կոմիտեին։

Պարբերաբար ահազանգում ենք, պահանջում ենք, հրավիրում ենք իրենց աչքով տեսնելու, թեպետ Տարածքային կառավարման նախարարությունը մեր հետ մշտապես այս ամբողջ պրոցեսի մեջ է՝ ստուգումների, հսկողության մեջ առկա է, գալիս են, մշտապես մեր հանձնաժողովների հետ աշխատում են, ես էլ եմ շրջում, իմ հետ քննարկում են։

Այսպես ասեմ՝ այնտեղ, որտեղ թերություն կա, դա չի կարող չբարձրաձայնվել,դա չի կարող չշտկվել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829