Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Ալեքսանյան. «Մշակույթը չի կարելի «դադարի» վրա դնել, որքան էլ դժվար են ժամանակները»

Փետրվար 10,2024 16:29

Dvin Music Hall-ում այսօր մեկնարկել եւ մինչեւ երեկո շարունակվելու է Newmag Winter Fest 2024 գրականության եւ ժամանակակից արվեստների փառատոնը: Հրատարակչությունը ձմեռային իր երրորդ փառատոնը վերածել է գրքի եւ արվեստի իսկական տանի՝ չորս նոր գրքերի շնորհանդեսներ, թատերական մոնոներկայացում, պոեզիայի երեկո, երաժշտություն՝ նաեւ Արցախի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ, ցուցահանդես:

Newmag-ի հիմնադիր Արտակ Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին իրենց միանալու եւ հավակնոտ ցանկությունները կյանքի կոչելու համար, ներկաների համար հանրայնացրեց գլխավոր ուղերձը. գիրք կարդալը ոչ թե մոդայիկ է, ոչ  միայն օգտակար է, այլ գիրք կարդալով հնարավոր է ազնիվ ճանապարհով  հասնել այնտեղ, որտեղ այժմ գտնվում են ինքը եւ մյուս գործընկերները: «Եվ շատ արագ եւ շատ շուտով դուք ինքներդ կհամոզվեք՝ այս տեղում հղելով այս նույն ուղերձը ձեզանից երիտասարդներին: Ընթերցանությունը, արվեստը մարդուն հարստացնում են բառի բուն եւ փոխաբերական իմաստով»,-ասաց նա:

Ավելի ուշ պատասխանելով Aravot.am-ի հարցերին՝ Արտակ Ալեքսանյանն  ասաց. «Ձմեռային փառատոներ արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում: Իսկ այս անգամ մեծացրինք ընդհանուր շրջանակը՝ բացի գրքից ներառեցինք նաեւ արվեստը: Այս առումով, այո, սա նոր ձեւաչափ է, ինչը շատ կանխատեսելի էր դառնում: Կարելի է ասել, արդեն մենք էլ էինք ձանձրանում, հետեւաբար,  պետք էին նոր շերտեր, նոր դեմքեր, նոր ուղղություններ: Ու քանի որ արվեստի ու մշակույթի գործիչներն արձագանքեցին մեր խնդրանքին, մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ ոչ: Եթե մենք հանրահռչակում ենք գիրքը, գուցե, ժամանակն է օգնել արվեստի մյո՞ւս ճյուղերին»:

Պատասխանելով հարցին, թե այսօրվա պայմաններում, երբ հայրենիքը անվտանգային լուրջ սպառնալիքների առջեւ է կանգնած, իսկ ժողովուրդն ավելի շատ զբաղված է ստամոքսի պահանջները կատարելով, մարդկանց արվեստի ու գրականության հետ հաղորդակից դարձնելու ջանքերը խնդիրների չե՞ն բախվում, Արտակ Ալեքսանյանը ասաց. «Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Չերչիլին առաջարկել են կրճատել  մշակույթի բյուջեն, Չերչիլը պատասխանել է, որ եթե կրճատեն մշակույթը, կվերանա Անգլիան: Սրանով ամեն բան ասված է: Արվեստը չի կարելի «դադարի» վրա դնել, որքան էլ դժվար են ժամանակները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Քեզ համար մշակույթը մենակ փողն է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829