Լրահոս
Օրվա լրահոսը

Լատվիայի դեսպանը կարևորեց երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, նաև տեղահանված արցախցիների լիարժեք ինտեգրումը Հայաստանում

Փետրվար 14,2024 18:06

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ։ Կարևորելով երկու պետությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները՝ Հայոց Հայրապետը վերհիշեց արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լատվիացիների կողմից ցուցաբերված զորակցությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Լատվիայի իշխանությունների՝ հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքին՝ նկատելով, որ լատվիահայ համայնքը ակտիվ ներգրավված է երկրի հասարակական կյանքում և կարևոր առաքելություն ունի երկու երկրների փոխհարաբերությունների զորացման գործում:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային, Արցախից բռնի տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ հայ ժողովուրդը կկարողանա պաշտպանել իր արդար իրավունքները։

Դեսպան Էդիթ Մեդնեն ևս անդրադարձ կատարեց երկկողմ բարեկամական հարաբերություններին և դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դեսպանը կարևորեց առանց բռնի ուժի կիրառման, երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև տեղահանված արցախցիների լիարժեք ինտեգրումը Հայաստանում։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829