Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիայի համար բացարձակ առաջնահերթություն է օգնել ՀՀ-ին իր քաղաքացիական բնակչությանը պաշտպանել, եթե դժբախտաբար հարձակման զոհ դառնա»․ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար

Փետրվար 23,2024 14:04

«Այս հարցով շատ խորը քննարկումներ են տեղի ունեցել։ Կարծում եմ՝ վերջերս տեղի ունեցող բոլոր հակամարտությունների հետևությունն այն է, որ հակաօդային պաշտպանությունն ամենակարևոր կետն է»,-հարցին՝ Ֆրանսիան մտադի՞ր է առաջիկայում մեծացնել ՀՀ-ին հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման ծավալները, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

Նրա փաստմամբ՝ ծայրահեղ դեպքում դա հնարավորություն է տալիս պաշտպանել մարտերի դաշտը, ինչը տեսանք Ուկրաինայում․ «Հնարավորություն է տալիս պաշտպանել կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները, քաղաքացիական անձանց, մանավանդ էներգետիկան, տրանսպորտը, օդանավակայանը և այլն։ Մենք տեսնում ենք՝ գնալով ավելի շատ սպառնալիքներ են լինում տարբեր մակարդակներում, որը գնում է անօդաչու սարքերի դեմ պաշտպանությունից մինչև ամենամեծ պաշտպանության՝ հրթիռային և հարձակվողական ինքնաթիռների դեմ պաշտպանությունը։ Ֆրանսիայում մենք կարևոր աշխատանք ենք տանում մեր հրթիռային բազայի վերակազմավորման առումով և նոր սպառազինության առումով, որը հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանել մեր օդը։ Նոր սերնդի հակաօդային պաշտպանություն է 2026-2027-ին ամբողջապես նորացնելու համար»։

Ըստ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի՝ որքան իրենք հզորացնում են իրենց բազան, այնքան հայելային ձևով ավելի մեծ հնարավորություն է տալիս ՀՀ-ի հետ համագործակցության համար․ «Արագ կկարողանանք նոր բաներ առաջարկել։ «Մինստրալ» հրթիռների մասին ենք այս առավոտ խոսել․ գաղտնիք չեմ բացում։ Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, բավականին հեշտ է սովորել դրանք գործածել, և արդեն մեկ քննարկում ունեցել ենք, որը հնարավորություն կտա առաջարկել այդ շերտի պաշտպանությունը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար մենք առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն։ Ես ընդամենը ներկայացնում եմ ֆրանսիական հնարավորությունները՝ սպառազինության և վերապատրաստման։ Այստեղ կա նաև արտադրության հարցը։ Եվ ինչպես ասացի՝ վերջին շերտի պաշտպանությունը կա նաև, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է։ Մասնավորապես «Թալես» ռադարների մասին է խոսքը և GM200 ռադարների մատակարարում կլինի շուտով»։

Սեբաստիեն Լըկորնյուն շեշտեց՝ խոսում են պաշտպանողական զենքերի մասին։ Անդրադառնալով այս առիթով տարբեր շահարկումներին և գրառումներին՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ևս մեկ անգամ նշեց․ «Հիշեցնում եմ՝ միակ ձևը, որ հակաօդային պաշտպանությունը չկիրառվի, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի։ Սա շատ կարևոր ուղղություն է մեր հարաբերությունների համար, որի համար մի շարք արդյունաբերողներ ունենք այստեղ ներկա։ Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է օգնել Հայաստանին իր քաղաքացիական բնակչությանը պաշտպանել, եթե դժբախտաբար հարձակման զոհ դառնա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829