Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ավինյան, ծիրանի բերքը մենակ-մենակ եք կերե՞լ, չեք կարող համոզել, որ ծիրանի տնկին կարող է 20 հազար դրամ արժենալ»

Մարտ 12,2024 11:54

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը ներկայացրեց Երեւանի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հայտարարեց, որ լուրջ գումարներ են մսխվում։

«Մենք վերջը չիմացանք՝ այդ 20 հազար դրամանոց ծիրանի տնկիները, որ Բեգոյանն ասում է՝ բերք կար վրան, էդ բերքը վերջը ո՞վ կերավ։ Հիսուն կիլո բերք պետք է լիներ ծառի վրա, պարոն Ավինյան, մենակ-մենակ եք կերե՞լ։ Հինգ տոննա բերք պիտի լիներ այդտեղ։ Կամ բերքն է մեկ հոգի կերել, կամ գումարն է կերել։ Չեք կարող համոզել, որ ծիրանի տնկին կարող է 20 հազար դրամ արժենալ։ Ես 5 հեկտար 3 տարի առաջ եմ տնկել, հատը 600 դրամով եմ առել։ Եվ երկրորդ տարին ավելի մեծ են եղել իմ տնկիները, քան ձեր տնկածները»,- ասաց նա։

Պեդրո Զարոկյանը նաեւ հավելեց, որ տոնական զարդարանքի աշխատանքի շրջանակներում քաղաքապետարանը 72 մլն դրամ ծախսել է երեք հատ ձվի լուսավորության համար։ «Այդ ձվերի համար 72 մլն դրամ եք ծախսել, այսինքն՝ դուք ի՞նչ եք արել այստեղ, ո՞վ է մտածել այդ ձվերը դնի ու երեք ձվի լուսավորության համար 72 մլն դրամ ծախսի»,- ասաց նա։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն էլ, անդրադառնալով ծրագրի կատարմանը, ասաց․ «Առատության եղջյուրից միլիոնները քամուն են տրվում, բայց էական արմատական փոփոխություններ չենք տեսնում։ Զարգացման ծրագիրը նման է ինչ-որ լավ բաժակաճառի, որեւիցե խնդրի արմատական լուծում չի տվել»։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը հարցադրում արեց․ «Խոսում ենք Երեւանի զարգացման ծրագրից, բայց ես ոչ մի բառ չլսեցի գլխավոր հատակագծի մասին։ Ես ուզում եմ հասկանալ՝ Քաղաքացիական պայմանագիրը Երեւանն ուզում է զարգացնել լեդ լույսերով ու շքամուտքերը վերանորոգելո՞վ։ Մանրամասն նկարագրվեցին այնպիսի տարրական բաներ, որոնք զարգացման ծրագրի հետ այդքան էլ առնչություն չունեն»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ն աշխատում է գլխավոր հատակագծի ելակետային տվյալների վրա, որոնք ստացել է տարբեր գերատեսչություններից։ Եվ այդ ուղղությամբ տարվում է աշխատանք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031