Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնեի դեմ պայքարող մի շարք միջոցների կազմում քաղցկեղածին նյութ է հայտնաբերվել

Մարտ 15,2024 09:30

Ակնեի դեմ պայքարող մի շարք միջոցներ թեև արդյունավետորեն վերացնում են պզուկները, սակայն կարող են վտանգավոր լինել ընդհանուր առողջության համար, քանի որ, նոր զեկույցի համաձայն, պզուկների դեմ պայքարող բաղադրամաս հանդիսացող բենզոիլ պերօքսիդ պարունակող միջոցների կազմում կարող են առաջանալ քաղցկեղածին բենզոլի բարձր մակարդակներ։

Valisure անկախ լաբորատորիայի կողմից ներկայացված նոր զեկույցի համաձայն՝ բենզոլի «ձևավորումը կարող է հասնել անընդունելի բարձր մակարդակների» ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի վաճառվող այն միջոցների կազմում, որոնք բենզոիլի պերօքսիդ են պարունակում։

Որոշ թեստեր ցույց են տվել, որ մի քանի ապրանքներում բենզոլի խտությունը ավելի քան 800 անգամ գերազանցում է ԱՄՆ սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից թույլատրված սահմանները։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ միջոցների կազմում բենզոլի մակարդակը բարձրանում է երկարատև պահպանման հետևանքով կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո, օրինակ՝ մի քանի օր շոգ եղանակին մեքենայի մեջ մնալով՝ այդ ապրանքների կազմում կարող են առաջանալ բենզոլի բարձր խտություններ։

Թեստերից մեկի շրջանակներում պզուկների դեմ պայքարող միջոցը մոտ 17 ժամ պահպանվել է 70°C-ի պայմաններում, ինչի հետևանքով արտադրանքի կազմում ոչ միայն բենզոլ է հայտնաբերվել, այլև արտադրանքի շրջակա օդի մեջ բենզոլի գազը ավելի քան 1200 անգամ գերազանցել է ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության կողմից թույլատրվող սահմանները։

Լաբորատորիայի տվյալներով՝ թեստավորման ենթարկված այլ միջոցները, որոնց ակտիվ բաղադրամասեր են եղել սալիցիլաթթուն կամ ադապալենը, նման խնդիր չեն առաջացրել։

Valisure-ը FDA-ին ուղղված միջնորդության մեջ նկարագրել է ակնեի բուժման համար նախատեսված 175 միջոցների նախնական անալիզի արդյունքները՝ հայտնելով, որ դրանցից 99-ը պարունակում են բենզոիլի պերօքսիդ, որոնցից 94-ի կազմում հայտնաբերվել է բենզոլ։

Բենզոլը նավթի, բենզինի, ծխախոտի ծխի բաղադրիչներից մեկն է, որը ձևավորվում է ինչպես բնական, այնպես էլ անթրոպոգեն գործընթացների հետևանքով։

Ամերիկյան օնկոլոգիական միության տվյալներով, բենզոլը համարվում է ԱՄՆ-ում լայնորեն օգտագործվող 20 քիմիական միացություններից մեկը, և մարդիկ ենթարկվում են դրա ազդեցությանը հիմնականում բենզոլով աղտոտված օդ շնչելով։

Բենզոլը նաև օգտագործվում է տարբեր ապրանքների կազմում, ներառյալ քսանյութերը, ներկանյութերը, լվացող միջոցներն ու դեղորայքը։

Առաջին անգամ չէ, որ Valisure-ը միջնորդություն է ուղարկում FDA -ին՝ հայտնելով իր մտահոգությունները բենզոլի օգտագործման հետ կապված։

2021 թ․-ին լաբորատորիան բենզոլ էր հայտնաբերել արևապաշտպան քսուկների կազմում, իսկ 2022 թ․-ին այդ նյութը հայտնաբերվել էր չոր շամպունների կազմում։

Սակայն վերջին զեկույցը նշանակալիորեն տարբերվում է, քանի որ այն «բացահայտում է բենզոիլի պերօքսիդի հիմնարար անկայունությունը, իսկ ապրանքատեսակներում բենզոլի ձևավորումը նշանակալիորեն տարբերվում է Valisure-ի նախկին բացահայտումներից․ արևապաշտպան քսուկների ու սպառողական այլ ապրանքների կազմում նախկինում հայտնաբերված բենզոլը աղտոտված բաղադրամասերի առկայությամբ էր պայմանավորված, իսկ բենզոիլի պերօքսիդ պարունակող ապրանքներում բենզոլն անջատվում է հենց բենզոիլի պերօքսիդից՝ հարյուրավոր անգամներ գերազանցելով թույլատրելի խտությունները․ սա անհապաղ միջոցներ ձեռնարկելու ահազանգ է»․ նշվում է լաբորատորիայի մամուլի հաղորդագրությունում։

Հեղինակի կողմից՝ թեստավորման արդյունքում բենզոլ է հայտնաբերվել համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ապրանքանիշերի արտադրատեսակներում, որոնք լայնորեն ներկայացված են նաև հայաստանյան շուկայում։ Ապրանքանիշերի անվանումները չենք հրապարակում՝ հակագովազդ չանելու համար, սակայն կարծում ենք, որ խելամիտ ընտրության լավագույն չափանիշը տեղեկացված լինելն է ու գնում կատարելուց առաջ արտադրանքի բաղադրությանը ծանոթանալը։

Աղբյուր՝ CNN, Valisure

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031