Մեր օրգանիզմի բնական ծերացմանը զուգահեռ ծերանում է նաև ուղեղը։ Կառուցվածքային տեսանկյունից ուղեղում նվազում է գորշ նյութի ծավալը՝ այն հատվածի, որը պատասխանատու է տեղեկատվության մշակման, շարժումների և հույզերի վերահսկման համար։ Այդ պատճառով տարիքի հետ ուղեղը կարող է դժվարանալ որոշ գործառույթների իրականացման հարցում, օրինակ՝ նոր հիշողությունների ձևավորման, միաժամանակ մի քանի առաջադրանքների կատարման և այլն։
Դրանից բացի, փոփոխություններ են տեղի ունենում նաև ուղեղի նեյրոններում և նեյրոհաղորդիչներում, ինչը կարող է ազդել ուղեղի տարբեր հատվածների միջև կապերի և հաղորդակցության գործընթացների վրա։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի առողջությանը նպաստող սննդակարգի պահպանումը կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացումն ու ճանաչողական գործառույթների թուլացումը։ Ուսումնասիրությունները նաև վկայում են, որ որոշ սննդանյութեր՝ օմեգա-3 ճարպաթթուները, B խմբի վիտամինները, ֆլավոնոիդները, մագնեզիումը, E և C վիտամինները կարող են նպաստել ուղեղի առողջության՝ հնարավորինս երկար պահպանմանը։
«PLOS One» ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը մանրամասն ուսումնասիրել է C վիտամինի դերը և պարզել, որ արյան պլազմայում C վիտամինի ցածր մակարդակը կապվում է ծերացման ընթացքում ուղեղի գորշ նյութի ծավալի փոքրացման և ուղեղային հաղորդակցության թուլացման հետ։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ է վիտամին C-ն կարևոր ծերացող գլխուղեղի համար
Այս հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 64 տարեկանից բարձր մոտ 2000 ճապոնացի մեծահասակների արյան նմուշներն ու ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։ Նրանք չափել են ուղեղի գորշ և սպիտակ նյութերի ծավալը, ինչպես նաև արյան պլազմայում C վիտամինի մակարդակը։
Ճապոնիայի Hirosaki University-ի բժշկական դպրոցի ճառագայթաբանության ամբիոնի դոցենտ, հետազոտության հեղինակ Տոմոհիրո Շինտակուի խոսքով՝ C վիտամինը կարևոր հակաօքսիդանտ է, և ուղեղում (ողնուղեղային հեղուկում) դրա խտությունը ավելի քան երկու անգամ բարձր է, քան արյան մեջ։
Նա նշել է, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել՝ C վիտամինով հարուստ սննդակարգը կապված է ճանաչողական խանգարումների, այդ թվում՝ Ալցհայմերի հիվանդության ավելի ցածր ռիսկի հետ։ Սակայն մինչ այժմ պարզ չէր, թե արյան մեջ C վիտամինի մակարդակն ինչպես է կապված ուղեղի խոշոր նեյրոնային ցանցերի գործունեության հետ։
Գիտնականներին հատկապես հետաքրքրել է այսպես կոչված լռելյայն ռեժիմի ցանցը՝ ուղեղի այն համակարգը, որն առավել ակտիվ է հանգստի վիճակում և կարևոր դեր ունի հիշողության, ինքնագիտակցության և ճանաչողական գործընթացներում։
C վիտամինի ցածր մակարդակ՝ ավելի փոքր ծավալի գորշ նյութ
Հետազոտության ավարտին պարզվել է, որ այն մասնակիցների մոտ, որոնց արյան պլազմայում C վիտամինի մակարդակը ցածր էր, սովորաբար նաև՝
- ավելի փոքր էր ուղեղի գորշ նյութի ծավալը,
- ավելի թույլ էր լռելյայն ռեժիմի ցանցի ներսում փոխկապակցվածությունը։
Շինտակուի խոսքով՝ գորշ նյութի ծավալի նվազումը սովորաբար վկայում է ուղեղի ատրոֆիայի և նեյրոնների կորստի մասին։ Իսկ ուղեղում կապակցվածության թուլացումը համարվում է ճանաչողական խանգարումների վաղ նշաններից մեկը։
Հետևաբար, հետազոտության արդյունքները ենթադրում են, որ C վիտամինի բավարար մակարդակի պահպանումը կարող է օգնել նվազեցնել տարիքի հետ ճանաչողական գործընթացների թուլացման վտանգը և պահպանել ուղեղային ցանցերի բնականոն աշխատանքը։
Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ այս հետազոտությունը ցույց է տալիս միայն կապը, այլ ոչ թե պատճառահետևանքային հարաբերությունը։ Այսինքն՝ դեռ չի կարելի պնդել, որ հենց C վիտամինի պակասն է առաջացնում ուղեղային փոփոխությունները։ Գիտնականները խորհուրդ են տալիս այս արդյունքները զգուշորեն մեկնաբանել, քանի որ C վիտամինի մակարդակը, հավանաբար, ուղեղի առողջության ավելի լայն պատկերի միայն մեկ բաղադրիչն է, և տվյալ հետազոտությունը պետք չէ ընկալել որպես կոչ բարձր դեղաչափերով այս վիտամինի հավելումներն ընդունելու։ Փոխարենը նպատակահարմար է պահպանել առողջ սննդակարգ՝ ներառելով C վիտամինով հարուստ մթերքներ, որոնք են՝
- ցիտրուսային մրգեր,
- կիվի,
- ելակ,
- սև հաղարջ,
- քաղցր պղպեղ,
- բրոկոլի,
- կաղամբի տարբեր տեսակներ,
- լոլիկ և այլն։
Ուղեղի առողջ ծերացման լավագույն ապացուցված ռազմավարություններից մեկը դեռևս շարունակում է մնալ առողջ սննդակարգը՝ բավարար քնի, ֆիզիկական և մտավոր ակտիվության պահպանման հետ միասին։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Medical News Today


















































