Վաղը՝ ապրիլի 5-ին, ուշագրավ քաղաքական իրադարձություն է տեղի ունենալու Հայաստանում: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Արտաքուստ սովորական երևույթ է, որ նոր ստեղծվող կուսակցությունը հիմնադիր համագումար է հրավիրելու: Սակայն վերը նշված «ուշագրավությունն» այն է, որ թեպետ կուսակցության հիմնադիրը նույնանուն շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, սակայն հնարավոր է, որ այդ կուսակցությունը դե յուրե ունենա այլ նախագահ: «Փաստի» տեղեկություններով, Արշակ Կարապետյանը կուսակցության նախագահի ընտրության հարցը թողել է համագումարի հայեցողությանը:
Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը ցանկանում է պահպանել «Համահայկական ճակատ» շարժման բուն էությունն ու բովանդակությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարժման մեջ ներգրավված են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և անկուսակցականներ, և այս կերպ նրանք պարտավորված չեն լինի մտնել նորաստեղծ կուսակցության մեջ, այլ իրենց գործունեությունը կշարունակեն շարժման շարքերում: Նախատեսվում է, որ համագումարը կլինի բազմամարդ, կլինեն ողջույնի խոսքեր այլ քաղաքական ուժերի ղեկավարների կողմից։ Հյուրեր կլինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Ի դեպ, Արշակ Կարապետյանը համագումարին կներկայացնի կուսակցության հիմնադրման նպատակները։ Գեներալմայոր Արշակ Կարապետյանը նախօրեին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և ովքեր պատրաստ են շենացնել այն, միանալ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին, համախմբվել և միասին քննարկել, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































