Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաձևը շեշտում է, որ անպատժելիությունը մեծապես ընդլայնում է ցեղասպանության, պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների սպառնալիքները. Անդրանիկ Հովհաննիսյան

Ապրիլ 04,2024 11:13

ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի կողմից Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունման կապակցությամբ

Պարոն նախագահ,

Պատիվ ունեմ ներկայացնելու Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի Լ. 16 բանաձևը «Ցեղասպանության կանխարգելման» վերաբերյալ, որը վայելում է ՄԱԿ-ի բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի լայն աջակցությունը:

Բանաձևի նախագիծը ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի շարունակական և վճռական ներդրման հանձնառության գրավականն է: Բանձևի նախագիծը կոչ է անում կանխել մարդու իրավունքների սաստկացող ոտնահարումների վերածումը այնպիսի զազրելի հանցագործության, ինչպիսին է ցեղասպանությունը: Այս առումով, Մարդու իրավունքների խորհրդի ներդրումն անհրաժեշտ է և արդիական, քանի որ աշխարհի տարբեր անկյուններում ականատես ենք դառնում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների:

Ընդունելով այս բանաձևը, Խորհուրդը կնշի, որ ցեղասպանությունները և զանգվածային այլ դաժանությունները հաճախ տեղի են ունենում զինված հակամարտությունների համատեքստում: Այն նաև կվերահաստատի, որ քաղաքացիական բնակչությանը սովի մատնելը՝ որպես պատերազմի գործիք, արգելված է միջազգային մարդասիրական օրենքով, ուստի արգելված է գրոհել, ոչնչացնել, տեղափոխել և շարքից հանել այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության կենսագործության համար:

Բանաձևը շեշտում է, որ անպատժելիությունը մեծապես ընդլայնում է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների սպառնալիքները և դրա դեմ պետք է պայքարել՝ մեղադրանքները   հետաքննելու, հանցագործներին դատապարտելու և պատժելու միջոցով: Բանաձևը նաև նշում է Արդարադատության միջազգային դատարանի ներդրումը ցեղասպանության կանխման և պատժման գործում:

Բանաձևն ի մի է բերում ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից այս ուղղությամբ իրականացված քայլերն և, ի շարս այլոց, ողջունում է Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպումը, որով նշվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-րդ ամյակը:

Այն նաև շեշտում է, որ վաղ նախազգուշացումը պետք է ուղիղ կապ ունենա ցեղասպանության կանխարգելման ջանքերի հետ։ Այս առումով, բանաձևը նախատեսում է  ՄԻԽ շրջանակներում կազմակերպել պանելային քննարկում՝ վաղ նախազգուշացման և ցեղասպանության կանխարգելման թեմայով:

Բանաձևը նաև խնդրանք է ուղղում ՄԱԿ Գլխավոր քարտուղարին՝ պատրաստել զեկույց հիմնված պանելային քննարկման արդյունքների վրա և հրավիրում է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդատուին ինտերակտիվ երկխոսության Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ:

Պարոն նախագահ,

Հայտնի են Մարտին Լյուտեր Քինգի խոսքերն այն մասին, որ «տիեզերական բարոյականության կամարը երկար է, բայց այն տանում է արդարության»: Մենք հավատում ենք մեր համատեղ առաքելությանը՝ հասնել այնպիսի արդարության, որին արժանի են զոհերը և նրանց սերունդները, որը պետք է տեղի ունենա նաև ճանաչման, պատասխանատվության ու ճշմարտության հաստատման, փոխհատուցման ճանապարհով, նաև չկրկնվելու երաշխիքների և պատմական հիշողության պահպանման միջոցով:

Խորհին շնորհակալություն ենք հայտնում բանաձևի բոլոր համահեղինակներին, բոլոր պետություններին և այլ շահառումներին, որոնք հարստացրին այս նախաձեռնությունն իրենց կառուցողական և արժեքավոր ներդրումով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930