Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ առաքելությունից սպասումները ոչ միայն փաստերի արձանագրումն է, այլև, որ դա վերածվի քաղաքական ճնշումների»․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 08,2024 14:34

«ԵՄ-ի առաքելությունից սպասումները ոչ միայն այդ փաստերի արձանագրումն է, կամ ինչ-որ զեկույցներում ամրագրումը, այլ կարևոր է, որ դրանք վերածվեն նաև քաղաքական ճնշումների»,- ՀՀ ԱԳՆ-ի դիմաց իրականացված բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը փաստեց՝ վերջին 2-3 օրերին առաջնագծի իրավիճակի որոշակի ակտիվացում էր ապահովում ադրբեջանական կողմը, այն թիրախավորում էր նաև խաղաղ բնակիչներին․ «Դրա ապացույցները կան՝ հիմնականում հրապարակված լուսանկարներն են, որտեղ ակնհայտ երևում է, որ ՀՀ տարբեր բնակավայրեր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից։ Դա նշանակում է, որ միջնորդական այն առաքելությունները, որ ստեղծել են տարբեր միջազգային սուբյեկտներ և փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից, այդ քայլերն ավելի գործուն պիտի լինեն»։

Տիգրան Աբրահամյանը նաև ահազանգեց՝ այս ողջ գործընթացը և վերջին շրջանի ակտիվությունն ուղղված է նաև Ադրբեջանի կողմից ինտենսիվ ռազմական մատակարարումների ներկրմանը․ «Այս իրավիճակում ակնհայտ է, թե ինչի է Ադրբեջանը դա իրականացնում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ սպառազինությունը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, և այդ զենքերը մի օր կրակելու են»։

Հարցին՝ այս պահին կա՞ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, ինչը չի բացառում ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը։ Սակայն սա չի նշանակում է, որ ադրբեջանական արկածախնդրությունն ինչ-որ փուլում չի բերի այդ ճակատի ընդլայնմանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930