Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենցից էն կողմ դավաճան կա՞, իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանալ». Ռուբեն Հայրապետյանը՝ բանակի, պարտության ու դավաճանների մասին

Ապրիլ 09,2024 23:45

Այսօր Aravot.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ որ հեռվից նայում եք ինչ է կատարվում մեր հանրապետությունում, Տավուշում 4 գյուղ են տալիս, խաղաղության խոստումներ են տալիս, երկրում խառը իրավիճակ է, ի՞նչ գնահատականներ ունեք՝ Ռուբեն Հայրապետյանը, որի նկատմամբ, ինչպես հայտնի է, հետախուզում է հայտարարվել, պատասխանեց. «Ես հեռվից չէ, ես շատ էլ մոտիկից եմ նայում: Չթվա, որ ես Մոսկվայում եմ, հեռվից եմ նայում: Ես ապրում եմ ամեն վայրկյան, ամեն ժամ իմ երկրով, ես հո էդ ապիկար թուրքահպատակների նման չեմ, սիրտս ցավում է իմ երկրի համար, ո՞նց կարող եմ հեռվից նայեմ: Այն, ինչ ես տեսնում եմ՝ ամեն օր ժամ ժամի մեր երկիրը տանում են անդունդ: Կործանում են՝ ժողովրդին խաբելով, մանիպուլացնելով, թե նախկինները 30 տարի տվեցին: Մի հատ ապիկարը կար՝ հոտած շան ծնունդ, ասում է, թե բանակը 30 տարի… 5 մլրդ-ի զենքը տարել հանձնել են, ասում են՝ բանակը զինված չէր»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ իրենց կառավարման վերջին տարիներին ավելի շատ զինամթերք է ձեռք բերվել, քան նախորդ 10-20 տարիներին իրար հետ՝ նա պատասխանեց. «Ախր որովհետեւ ոչ մեկդ չեք շփացնում քիթ ու բերաններին, որ 2016 թվին այդ բանակով ո՞նց սատկեցրեցին, նույն լայնածավալ հարձակումն էր: Ես այնտեղ եմ եղել էդ ժամանակ, իրենք որտե՞ղ են եղել, էդ շան ծնունդները: Ես այնտեղ եմ եղել, տեսել եմ, թե ինչ զենք ու զինամթերք կար, ուղղակի հրամանատարները, գերագույն գլխավոր հրամանատարն ու ՊԲ հրամանատարը ուրիշ մարդ էր՝ հայրենասեր, նվիրված մարդ էր: Ես եմ տեսել, թե ոնց էր ամբողջ ռազմաճակատը ղեկավարում այդ մարդը: Ու ես ուրիշ բան էլ ասեմ՝ բունկերում, բացի ՊԲ հրամանատարից, ուրիշ երկրորդ մարդ չի եղել, մենակ ինքն էր, իր բոլոր տեղակալները ամեն մեկը մի պաշտպանական շրջանում մարտ էր ղեկավարում»:

Երբ ասացինք՝ դուք սպառազինության ձեռքբերման մասին եք խոսում, այսօր Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ իրենք ամրաշինական հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում՝ Ռուբեն Հայրապետյանն այսպես արձագանքեց. «Դու ինչի՞ ինձ չես խնայում, ամեն ոչնչության ես պիտի մեկնաբանե՞մ: Ես երբ նայում եմ, ափսոսում եմ, որ դուք այդ կերպարի հետ հարցազրույց եք առհասարակ ունենում: Խնայեք, էլի, ոչնչություն է, նրան ի՞նչ մեկնաբանես: Ես ուրիշ բան կարող եմ ասել՝ Արցախում 9 պաշտպանական շրջան է եղել, բոլոր ղեկավարներին, պաշտպանական շրջանների բոլոր հրամանատարներին յոթին՝ 3 անգամ, երկուսին՝ 2 անգամ փոխել են: ՊԲ 3 հրամանատար է փոխվել երկու տարվա մեջ ու ուզում էին այդպես պաշտպանական գի՞ծ պահեին: Բա եթե պաշտպանական ամրությունները այդպես վատն էին, բա ինչի՞ չկարողացան ամենավտանգավոր տեղում՝ Աղդամի ուղղությամբ, Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ ճեղքում կատարեին ու Ջաբրայիլի էն պուճուր կտորից արեցին: Դա էլ չարեցին, այդպես պե՛տք է անեին»:

Ճշտեցինք՝ պայմանավորվա՞ծ բան էր դա՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո: Համոզվա՛ծ եմ, որ այո: Այդ մի կտորից է ճեղքումն եղել ու «մարշ բռասոկով» հասել են Շուշի»:

Փոխանցեցինք իշխանությունների վարկածը՝ ներսից դավաճաններ են եղել, 5-րդ շարասյունն է աշխատել՝ նա արձագանքեց. «Ճիշտ են ասում, բա իրենք են, բա իրենցից էն կողմ դավաճան կա՞: Իրենցից էն կողմ ո՞վ է դավաճանը, ես ուզում եմ իմանալ: Այդ որ մեկը մեկի վրա է գցում, թե սա զենքը չտվեց, նա չթողեց կրակենք, կգա մի օր, ապիկար Օնիկին կբերեն, կհարցաքննեն, կպատասխանեն չէ՞ բոլորը: Հլը թող ՊԲ հրամանատարը լիներ Մնացականյան Լյովան, տեսնեմ ճեղքում անելո՞ւ էին, տեսնեմ՝ կարո՞ղ էր մեկը Լյովային ասեր՝ նահանջ տուր: Ախր մի քիչ խորանաք, կտեսնեք, ասածներս վերցրեք, հետ գնացեք ու տեսեք, ֆեյսբուքը, ինտերնետը ոչ մի բան չի մոռանում՝ Արայիկ Հարությունյանը որտեղ գնում էր, ասում էր՝ ժողովուրդ, դուրս արեք, «բամբիտ» ենք անում, որ հետո հետ գնանք, որտեղ գնում էր կոֆե էր խմում՝ մյուս օրն այդ տեղը հանձնում էին: Ո՞նց էր դա լինում, որտեղ Արայիկ Հարությունյանը գնում էր, մյուս օրը հանձնում էին»:

Հարցին՝ եթե Արայիկ Հարությունյանն իրենց հետ էր դա կազմակերպում, հիմա ինչո՞ւ է Ադրբեջանում գերի՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, Արայիկ Հարությունյանը կարող է՝ գնացել է իր տերերի մոտ, հիմա հանգստանում է: Մնացածն են զոհ: Մենք ի՞նչ գիտենք: Կգա ժամանակը, պատմությունը ամեն ինչը կհարթեցնի»:

Այն, որ ժամանակին մեր փառապանծ բանակի հաղթանակած հերոսներին դարձրեցին հակահերոսներ, քրեական գործեր սկսեցին հարուցել՝ Ռուբեն Հայրապետյանի համոզմամբ պատահական չի եղել. «Ես ամենաառաջին օրը, որ սրանք եկել են իշխանության, ասել եմ՝ սրանք եկել են 4 խնդիր լուծելու բանակը ոչնչացնելու, Ղարաբաղը տալու, եկեղեցին ոչնչացնելու եւ ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու՝ ռուսներին Հայաստանից հանելու, վերջ: 3-ն արել են, չորրորդն էլ կիսատ է մնում: Փառք Աստծո, որոշ եկեղեցականների միջոցով եկեղեցին դեռ պահպանվում է: Պատմության մեջ լսե՞լ եք, որ մի ոչնչությունը վեհափառի խաչից բռնի քաշի ու անպատիժ մնա: Այդպիսի բան լսե՞լ եք, դուք պատկերացնո՞ւմ եք Վրաստանի եկեղեցու առաջնորդի խաչից վերցնեն, դոշից մեկը բռնի՝ քաշի ու անպատիժ մնա: Ժողովուրդը կտոր-կտոր կանի: Մենք ի՞նչ արեցինք»:

Հարցին բա ինչո՞ւ հիմա ժողովուրդը ոչ միայն կտոր-կտոր չի անում, փողոց էլ դուրս չի գալիս՝ ինչ գյուղ ուզում է հանձնեն՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ժողովրդին սառեցրել են, չեն զգում: Առավոտից իրիկուն քարոզչություն է գնում, թե ռուսները վատն են, նախկինները վատն են, ով ելնում է՝ խոսում, ասում են՝ ռուսական ագենտ են: Նախկիններին չեն ընդունում, ներկա ինչ երիտասարդ էլ լինում է՝ ինչ անուն ասես կպցնում են»:

Այն, որ Արցախում, մեր երկրում ինչ կատարվում է՝ ռուսներին են մեղադրում՝ Ռուբեն Հայրապետյանը հակադարձում է. «Ռուսները գնացին ասացին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ռուսները գնացին Պրահայում ստորագրեցին: Եթե մենք գնում ենք՝ Պրահայում հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռուսներն ի՞նչ պիտի անեն, կարո՞ղ եք ինձ ասել, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարեն: Ռուսները պայմանավորված գնացել ասել են Ղարաբաղը Ադրբեջանի մա՞ս է: Ո՞ւմ են մեղադրում, թող իրենց մեղադրեն»:

ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությունների հետ կապված Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ճիշտ են ասում, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել, բայց երբ 2016-ին մեր վրա հարձակվեցին, Սերժ Սարգսյանը մի բերան ասա՞ց՝ ՀԱՊԿ, արի մեզ օգնիր. «Հիշո՞ւմ եք ինչ ասաց՝ մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա: Հիշեք իր քայլերը՝ ինչ էր անում: Երկու նախկին նախագահը գնում են ոչնչություն Արայիկ Հարությունյանին ասում են՝ հանդիպենք, չի ընդունում: Մարդիկ, որ հանդիպելու էին, խորհուրդներ էին տալու, քայլեր էին ասելու անեիք: Սերժ Սարգսյանը հո լավ գիտեր՝ ինչ պետք է արվեր, որ գոնե կանգնեցներ, աղետը մի քիչ հեռու տաներ: Ինքը քայլեր գիտեր, թող լսեին, ո՞վ լսեց: Մենակ մեղադրեն, մեղադրեն: Ի՞նչ աներ Սերժ Սարգսյանը: Ասում են՝ խի՞ տվեց Սերժ Սարգսյանը իշխանությունը Նիկոլին, բա ի՞նչ աներ, կրակե՞ր ժողովրդի վրեն, ինքը չէր կարող: Ինքը Նիկոլ չի, որ աթոռից կախվեր ու մնար, թքած ուներ ինքը ցանկացած պաշտոնի վրա, հայրենիքը ավելի կարեւոր էր, ժողովրդին ավելի շատ է սիրում, քան թե որեւէ մեկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930