Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգեր Չախոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը մերժվեց

Ապրիլ 10,2024 23:15

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն այսօր դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժեց ոստիկանության հայցն ընդդեմ բլոգեր Արթուր Չախոյանի, որով ոստիկանությունը պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել Չախոյանին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն իր այս հայցը ներկայացրել էր 2023 թվականի աշնանը Վայքում ոստիկանների ու բլոգերի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո: Չախոյանը Գորիս, Վայք էր մեկնել օգնելու բռնի տեղահանված արցախցիներին: Եվ Վայքում, որտեղ հաշվառում էին ամիսներ շարունակ բլոկադայում գտնված, քաղցած արցախցիներին, բլոգերը տեսախցիկով արձանագրել էր՝ ինչպես են համակարգչի դիմաց պիցցա ուտում արցախցիներին հաշվառողները:

Ըստ բլոգերի՝ սեղանին ուտելիքներ, խմիչք էր դրված միայն աշխատակիցների համար, մինչդեռ, իրենց դիմած արցախցիները քաղցած հերթերով կանգնած էին։ Նկարահանման հետ կապված ոստիկանների հետ միջադեպ է եղել, պահանջել են Չախոյանից չնկարահանել, իսկ արդեն նկարահանածն էլ ջնջել:

Չախոյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ ոստիկանների կողմից օրինական պահանջ ընդհանրապես չի եղել, միայն ոստիկանները շատ կոպիտ ուժի ճնշումով պահանջել են ջնջել հեռախոսներից նկարահանածը. «Ոչ միայն օրինական պահանջ չի եղել, այլեւ ինձ ու ընկերոջս հարվածել են, այդքանից հետո էլ ոստիկանությունը իրավական ընթացք է տվել, թե իբր օրինական պահանջը չի կատարվել: Մեզ հաջողվել էր ջնջած տեսագրությունները վերականգնել, ինչը դատարանում ներկայացրել ենք, դատարանն էլ որոշեց, որ պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջն անհիմն է ու ենթակա է մերժման:

Փաստացի դուրս է գալիս, որ հերթական անգամ իմ հանդեպ քաղաքական ոտնձգություն է տեղի ունեցել, անհիմն կերպով փորձ է արվել ինձ պատասխանատվության կանչել, ինչը ձախողեց միայն այն պատճառով, որ տեսաձայնագրությունները կարողացանք վերականգնել, ինչը եթե չստացվեր, փաստորեն, ոստիկանությանը կհաջողվեր մեզ վարչական պատասխանատվության ենթարկելու իրենց ցանկությունն իրագործել չեղած օրինական պահանջի չկատարման հիմքով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930