Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կողբի գեղարվեստի դպրոցում եւ ուսուցանում են, եւ արտադրում

Ապրիլ 12,2024 13:30

Դպրոցի հիմնադրի ցանկությունն ինքնաբավ դառնալն է

Կողբի գեղարվեստի բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. տեղացի նկարիչ Կարապետ Ղուլիջանյանի նախաձեռնությամբ, եւ նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու գտնվող սահմանամերձ Կողբում ու շրջակա գյուղերում աշխուժացնել մշակութային կյանքը, միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին եւ երիտասարդներին: Ներկայումս դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գունանկարչություն, կոմպոզիցիա, կարպետագործություն, փայտի փորագրություն եւ արվեստի պատմություն:

Կարապետ Ղուլիջանյան

«Առավոտի» հետ զրույցում դպրոցի հիմնադիր եւ տնօրեն Կարապետ Ղուլիջանյանն ասում է, որ ժամանակին, երբ դպրոցը հիմնադրվել է, առաջին աշակերտներն իր որդին ու դուստրն են եղել, իսկ այժմ այն արդեն շուրջ 150 աշակերտ ունի:

«Տարիների ընթացքում կարողացանք ունենալ շատ հարմար շենք, որին աջակցել է Կողբի այն ժամանակվա գյուղապետը՝ արվեստին մոտ կանգնած մարդ Արսեն Աղաբաբյանը: Կիսավեր շինությունից համատեղ ուժերով ստացանք մեր դպրոցի շենքը: 25 տարիների մեր գործունեության ընթացքում ոչ միայն Կողբից, այլեւ 13 գյուղերից աշակերտներ ենք ունենում»,-ասաց մեր զրուցակիցը: Հավելեց, որ ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաեւ տարածաշրջանի շատ արվեստասերներ, իսկ դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական եւ ստեղծագործական աշխատանքներում:

Կարապետ Ղուլիջանյանը հավելեց, որ թեեւ դպրոցում ստեղծված են արվեստանոցային հարմարավետ պայմաններ, սակայն դպրոցի աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում լոկ արվեստի դասընթացներով. այն հագեցած է տարբեր միջոցառումներով` ցուցահանդեսներ, տոնակատարություններ, պլեներային սիմպոզիումներ, հանդիպումներ արվեստագետների հետ: Կողբի գեղարվեստի դպրոցում գործում են մի քանի կազմակերպություններ, այդ թվում՝ «Երեքնուկը» եւ՝ «Կողբ արտը», որոնք արտադրանք են տալիս:

«Մեր հաջողության գրավականներից մեկը այն է, որ խնդիր ենք դրել նկարչությանը հաղորդել կիրառական նշանակություն»,-ասում է մեր զրուցակիցը: Հավելում է, որ պատրաստվում են Կողբի գեղարվեստի դպրոցի հիմնադրման 25-ամյակի տոնակատարության աշխատանքներին, որի շրջանակում ցուցահանդես կունենան նաեւ Երեւանում: Հպարտությամբ է նշում, որ այդ առումով մասնագիտական բուհեր ավարտած իրենց սաներին ծանուցումներ են ուղարկում, ու պարզել են, որ նրանցից որեւէ մեկն առանց աշխատանքի չի մնացել:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ՝ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Կողբի գեղարվեստի դպրոցն այն հաստատություններից է, որը նույնպես որոշակի դրամաշնորհ է ստացել: Դրա շնորհիվ կկարողանան դպրոցի շենքի կողքին ավելացնել երկու փայտաշեն տնակներ, որոնցից մեկում կավագործության դասընթաց եւ արտադրություն կիրականացվի, մյուսում մետաղի մշակում կուսուցանվի եւ զարդեր կպատրաստեն:

Ծրագրի համակարգող Արա Ղուլիջանյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն արհեստանոցներ կառուցելն է, իրենք ունեն շենքային տարածք, որտեղ հիմնական դասավանդման գործընթացն է ընթանում, զարգացնում են կիրառական արվեստը: Այժմ իրենց ուսուցիչներն ու ուսանողները կզբաղվեն կիրառական ուղղությամբ եւ կհմտանան կոնկրետ ուղղություններում՝ կավագործություն, ոսկերչություն, կար ու ձեւ, դիզայն, համակարգչային մոդելավորում: «Դրամաշնորհով նախատեսված արհեստանոցները, սակայն, վերաբերում են միայն ոսկերչությանը եւ կավագործությանը: Դրամաշնորհով ֆինանսավորվել է տնակների կառուցումը, այնտեղ կահավորելու ենք մեր միջոցներով, սարքավորումներ ենք տեղադրելու եւ արտադրական գործընթաց ենք ձեռնարկելու: Կարտադրենք կժեր, բաժակներ, զարդեր եւ այլն: Ամենակարեւորը՝ մեր ուսանողները կմասնակցեն ուսումնական պրոցեսին եւ պրակտիկ-կիրառական մասնագիտություն կսովորեն: Ցանկանում ենք ինքնաբավ լինենք, քանի որ դպրոցը չունի ֆինանսավորման այլ աղբյուրներ, ուզում ենք մեր դպրոցը մեր միջոցներով պահել: Ի դեպ, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի նպատակն էլ հենց դա է»,-ասաց Արա Ղուլիջանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
11.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930