Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ աշխարհամարտին», «Թեհրանը չի ցանկանում էսկալացիա կամ պատերազմ»․ ՄԱԿ ԱԽ հատուկ նիստը ապրիլի 13-ի դեպքերի հետ կապված

Ապրիլ 16,2024 11:04

ՄԱԿ անվտանգության խորհուրդը Իսրայելի խնդրանքով հատուկ նիստ է անցկացրել ապրիլի 13-ի գիշերը Իրանի կողմից իսրայելական տարածքի վրա օդային հարձակման առնչությամբ։

 

«ԻԻՀ-ն միջուկային տերություն դառնալու շեմին է»․ Իսրայելի մշտական ներկայացուցիչ

«Ապրիլի 13-ին Այաթոլահի ռեժիմը, ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, հարձակվեց Իսրայելի Պետության վրա»։ Այսպես է իր խոսքը սկսել նիստին մասնակցող Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը, որը պնդել է, թե Իրանը ձգտում է իսրայելցիների «մահերին ու կործանման»։

Նա հիշեցրել է Թել Ավիվի անարձագանք մնացած բազմաթիվ կոչերն ԱԽ-ին՝ «Իրանի գլոբալ գերակայություն ունենալու հեգեմոնիկ հավակնությունները» զսպելու մասին։

Էրդանի համոզմամբ՝ Իրանի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ աշխարհամարտին։ Շեշտելով, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային տերություն դառնալու շեմին է, դիվանագետը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Իրանի դեմ, «քանի դեռ ուշ չէ»։

Դիվանագետն ընդգծել է, որ Իրանի հովանավորմամբ այսօր տեղի է ունենում հրեաների ամենախոշոր կոտորածը Հոլոքոստից հետո։

 

«Ամերիկյան ռազմական գործողության դեպքում, Իրանը գործի կդնի համաչափ արձագանք տալու իր բնատուր իրավունքը»․ ԻԻՀ մշտական ներկայացուցիչ

Հիշեցնելով ամսվա սկզբին Դամասկոսում իրանական հյուպատոսական հիմնարկի վրա իսրայելական օդային հարձակման մասին՝ նիստին ներկա Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայեդ Իրվանին ընդգծել է․ «Իրանի ապրիլի 13-ի գործողությունն ամբողջապես տեղավորվում է Իրանի ինքնապաշտպանության բնատուր իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի տրամաբանության մեջ»։

Ըստ դիվանագետի՝ ռազմական այդ գործողությունն «անհրաժեշտ էր և համաչափ»։ Սայեդ Իրվանին տարակուսել է՝ ԱՄՆ-ն, ՄԹ-ն և Ֆրանսիան մերժում են Իրանի ինքնապաշտպանության բնատուր իրավունքը, բայց անպաշտպան պաղեստինցիների կոտորածն ու ցեղասպանությունը կոծկում են Իսրայելի ինքնապաշտպանության քողի տակ։

Վերահաստատելով իր պետության վճռականությունը պաշտպանելու Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նա միաժամանակ հավաստիացրել է, որ Թեհրանը չի ցանկանում էսկալացիա կամ պատերազմ։

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ իր երկիրը մտադրություն չունի հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, բայց «Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողության դեպքում, Իրանը գործի կդնի համաչափ արձագանք տալու իր բնատուր իրավունքը»։

 

«ԱՄՆ-ի դեմ գործողությունների դեպքում Իրանը պատասխանատվության կենթարկվի»․ ԱՄՆ փոխարինող ներկայացուցիչ

«Միացյալ Նահանգները ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության և իր ռազմական պրոքսի գործընկերների կողմից Իսրայելի Պետության վրա աննախադեպ հարձակումը», – Վաշինգտոնի դիրքորոշումն է մանրամասնել ԱՄՆ փոխարինող ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը։

Շեշտելով, թե Իրանը շարունակաբար խախտել է իր միջազգային պարտավորությունները, ռազմական աջակցություն ցուցաբերել Հզբոլահին, Հութիներին, ՀԱՄԱՍ-ին և Ռուսաստանին՝ Վուդը հայտարարել է՝ Իրանի արարքները չեն կարող անպատասխան մնալ։

Նա զգուշացրել է՝ ԱՄՆ-ի դեմ գործողությունների դեպքում Իրանը պատասխանատվության կենթարկվի։

Վաշինգտոնի ներկայացուցիչը նաև վերահաստատել է ինքնապաշտպանվելու Իսրայելի իրավունքը և ԱՄՆ աջակցությունն այդ ուղղությամբ։

 

«ԻԻՀ-ն ապակայունացնող դեր ունի»․ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ

Նույնանման դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Փարիզն ու Լոնդոնը։ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալիե Բրոդհուրստը և Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը վերահաստատել են իրենց հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը, Իրանին ապակայունացում առաջացնող դեր խաղալու մեղադրանք ուղղել։

 

«Ապրիլի 13-ն ԻԻՀ արձագանքն էր ԱԽ խայտառակ անգործությանը»․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր խոսքում տարակուսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն, ՄԹ-ն և Ֆրանսիան չեն դատապարտել Իսրայելի կողմից Դամասկոսում ԻԻՀ դիվանագիտական տարածքի վրա օդային հարձակումը։

«Այն, ինչ կատարվեց ապրիլի 13-ի գիշերը, տեղի չի ունեցել վակուումում։ Իրանի ձեռնարկած քայլերը նրա արձագանքն էր ԱԽ-ի խայտառակ անգործությանը (նկատի ունենալով, որ ԱԽ-ն չի հակազդել Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա հարձակմանը – Ա․Ա․)»:

Մոսկվայի ներկայացուցիչն ի գիտություն է ընդունել ռազմական էսկալացիա չհետապնդելու Թեհրանի հայտարարությունը և կոչ արել Իսրայելին զերծ մնալ Մերձավոր Արևելքում սադրանքներ իրականացնելուց։

 

«Գազայում կատարվողը կարող է տարածաշրջանում նոր հակամարտություններ ծնել»․ Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար

Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դայ Բինգը հանգստության և զսպվածության կոչ է արել կողմերին և հորդորել տարբերություններն ու տարաձայնությունները հարթել ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի հիման վրա՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։

Պեկինը մտահոգություն է հայտնել, որ Գազայի իրադարձությունները կարող են տարածաշրջանում նոր հակամարտություններ ծնել, ուստի նա ազդեցություն ունեցող երկրներին հորդորել է կառուցողական դեր որդեգրել տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։

 

«Աշխարհը իրեն չի կարող ևս մեկ պատերազմ թույլ տալ»․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

Ելույթով հանդես եկավ նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Ո՛չ տարածաշրջանը, ո՛չ աշխարհը իրեն չի կարող ևս մեկ պատերազմ թույլ տալ», – ասել է Գուտերեշը՝ զսպվածության կոչ հնչեցնելով։

 

Նիստի ընթացքում ՄԱԿ ԱԽ անդամ պետություններն անդրադառնում էին նաև Գազայում հակամարտությանը՝ անհրաժեշտ համարելով հրադադարի հաստատումը։

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Դամասկոսում իր հյուպատոսական գրասենյակի, դեսպանության վարչական շենքի և դեսպանի կեցավայրի վրա օդային հարձակմանն ի պատասխան՝ ապրիլի 13-ի գիշերն Իրանը մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ էր արձակել իսրայելական ռազմական թիրախների ուղղությամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930