Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններ. «ՔՊ-ականների հայտարարությունները հիմք են տալիս ենթադրել, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը կազմակերպվել է նրանց կողմից»

Ապրիլ 16,2024 22:30

Իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանը եւ Վարազդատ Հարությունյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկան հրատապ հայտարարությամբ` կապված նախօրեին  հանրային տրանսպորտում 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի եւ քպական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդի նկատմամբ կիրառված խոշտանգման հետ։

Փաստաբանները հայտարարեցին, որ այն ինչ տեղի է ունեցել իրենց վստահորդի հետ ՁՊՎ ճանապարհին, նման պատմություններ լսել են միայն ադրբեջանական բանտերում  գտնված հայ գերիներից։

Ռուբեն Մելիքյանը վրդովված հայտարարեց, որ իրենք այս այս բռնությունը կազմակերպող բորին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով գնալու են մինչեւ վերջ, որպեսզի այս երեւույթը չդառնա այլեւս գործելաոճ։

Վարազդատ Հարությունյանը, տեղեկացնելով, որ Սամվել Վարդանյանից ստացել է նրա հետ կատարվածը հանրայնացնելու համաձայնությունը, պատմեց, որ իրենց վստահորդին ոստիկանական մեքենայով ՁՊՎ ուղեկցող քաղաքացիական հագուստով երկու ոստիկանները  բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ մեքենան կանգնեցրել են մի խուլ վայրում եւ հեռացել են։ Այդ ժամանակ դիմակավորված ու սեւազգեստ երեք անձինք մոտեցել են, Սամվել Վարդանյանին, որի ձեռքերը թիկունքի կողմից շղթայված են եղել, դուրս են բերել մեքենայից եւ տապալելով գետնին` խոշտանգել են ամենանվաստացուցիչ ձեւով` պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ,  ինչպես նաեւ սեռական ամենակոպիտ հայհոյանքներ են հնչեցրել. «Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, ձեռքերով խփում, սեռական բնույթի ամենաայլանդակ հայհոյանքները տալիս, թքում վրան, իջեցնում են տաբատը, դուբինկան դեմոնստրատիվ պահում ոտքերի արանքում»:

Ռուբեն Մելքոնյանի բնութագրմամբ՝ տեղի ունեցածը աննախադեպ է եւ վկայում է ներկայիս իշխանական ռեժիմի դեգրադացիայի եւ գահավիժման մասին։

Վարազդատ Հարությունյանը նշեց, որ ճակատագրի հեգնանքով այսօր ոստիկանության աշխատողի մասնագիտական տոնն է եւ հորդորեց տեղի ունեցածը այսօր առավոտվանից քննադատող, նույնիսկ հայհոյող ոստիկաններին իրենց շարքերը մաքրել բռնության հակում ունեցողներից։ Իսկ պարոն Մելիքյանը եզրակացրեց, որ ոստիկանության աշխատակիցները եղել են ակնհայտ այս ծայրագույն հանցագործության մասնակիցը, բայց ոչ կազմակերպիչը։

«Երեկ Ալեն Սիմոնյանի եւ քպ-ականների ուղիղ բռնության կոչեր պարունակող հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այս բռնությունը առերեւույթ կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից ոստիկանության որոշակի մասնակցությամբ», -ասաց Ռուբեն Մելիքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930