Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյան․ «Ես Նիկոլի հրաժարականը չեմ պահանջում, ես ասում եմ՝ կա՛նգ առ, Նիկոլ։ Ես եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»

Ապրիլ 18,2024 14:55

ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում։
Նրանք հավաքվել էին կառավարության շենքի հետնամուտքի մոտ՝ Ալեք Մանուկյան-Տիգրան մեծ փողոցների խաչմերուկում։

Նախաձեռնության անդամ, ցույցի կազմակերպիչներից Վահագն Չախալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ցույցի նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը չէ, նպատակը Հայաստանի Հանրապետության անկումը կանգնեցնել է, պարտության ընթացքը կանգնեցնելն է, որպեսզի պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։

«Ես Նիկոլի հրաժարականը չեմ պահանջում, ես ասում եմ՝ կա՛նգ առ, Նիկոլ։ Ես եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ։ Եթե այս ընթացքը չկասեցվի, ապա մեր երկրի պետականությանը հաշված օրեր են մնացել։ Դուք տեսե՞լ եք մի երկրի ղեկավար, որն իր ժողովրդին ասի՝ խելոք մնացեք, թե չէ բոբոն կգա, ձեզ կուտի»,-ասաց Չախալյանը։

Նա հայտարարեց՝ ժողովուրդ, այլեւս չվախենաք պատերազմից․ «Նիկոլ, Ալիեւն ո՞վ է, որ դու իրենից վախենում ես»։

Չախալյանի խոսքով․ «Մենք ավելի մեծ պոտենցիալ ունենք, քան մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, ես խոսել եմ զինվորականների հետ, հայը մեծ պոտենցիալ ունի, հայը կարող է սեփական երկրի տարածքային ամբողջականությունը պատվով պաշտպանել»։

Բողոքի ցույցին հսկում էին ոստիկանները, կարմիր բերետավորները։

«Այսքան մեծ թվով ոստիկանների ներկայությունը հոգեբանական ճնշում է, եթե ոստիկաններից մեկի մտքով անցնի, որ կարող է բռնություն գործադրել այստեղ եղած մարդկանց հանդեպ, հիշեցնեմ՝ նայեք, Մերաբիշվիլու ճակատագիրն, Վրաստանի ներքին գործերի նախարարն էր, երբ մենք Սահակաշվիլուն հեռացրեցինք, թող հիշեն՝ ինչ տեղի ունեցավ»,-ասաց Չախալյանը։

Որոշ ժամանակ անց նա մոտեցավ Երեւանի ոստիկանապետ Սեւան Քոչարյանին եւ շնորհակալություն հայտնեց ոստիկանների աշխատանքի համար։

Երեւանի ոստիկանապետն էլ Չախալյանին դիմելով, ասաց․ «Ինչ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես՝ ո՛չ լավ, ո՛չ վատ»։

Չախալյանն էլ ի պատասխան ասաց՝ ժողովրդական ալիք կա, ուժով չճնշեք․ «Մենք հասկանում ենք ոստիկանության դերը պետականության համար, մենք հենց դրա համար էլ պայքարում ենք»։

Չախալյանը կոչ արեց ամեն օր իրազեկման ցույցեր անել, հանրությանը կոչ անել միանալ իրենց պայքարին․ «Եթե այս խնդիրը ստիպված ենք լինելու լուծել 5 հազար հոգով, կլուծենք, բայց 50 հազարի դեպքում ավելի հեշտ ու սահուն կստացվի»։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Տավուշի մարզ, Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ սահմանազատման գործընթացը։

Փաշինյանն իր նախորդ այցի ժամանակ ոսկեպարցիների հետ հանդիպմանն ասել էր՝եթե Ադրբեջանի պահանջած գյուղերը չտանք՝ պատերազմ կլինի։ Ադրբեջանը պահանջում է հանձնել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930