Լրահոս
Օրվա լրահոսը

Սողոմոն Թեհլիրյանի հարազատները Հայոց ցեղասպանության թանգարանին են հանձնել Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունն ու լուսանկարներ

Ապրիլ 20,2024 20:25

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, ովքեր իրենց ընտանեկան մասունքները` Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և թվով ինը լուսանկար հանձնեցին Հայոց ցեղասպանության թանգարանին:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով բացառիկ նյութերի տրամադրման համար, հույս հայտնեց, որ դրանք, մասնավորապես օրագրությունը, նոր լույս կսփռեն ինչպես Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, այնպես էլ hայոց պատմության հերոսական էջերից Նեմեսիս գործողության առանձին դրվագների վրա: Իր խոսքում Էդիտա Գզոյանը կարևորեց նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նշանակությունը ցեղասպանության եզրույթի և կոնվենցիայի ստեղծման հարցում` նշելով. «Սողոմոն Թեհլիրյանը մերն է, բայց նա նաև աշխարհինն է»:

Այնուհետև ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը ներկայացրեց Հայաստանի տարբեր թանգարաններում և արխիվներում, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող Սողոմոն Թեհլիրյանի լուսանկարները, անձնական փաստաթղթերը և այլն: Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանն իրենց խոսքում նշեցին, որ երկար քննարկելուց հետո հասկացել են, որ Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրության և լուսանկարների տեղը հենց Հայոց ցեղասպանության թանգարանն է: Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նվիրատուներին հանձնեց ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագրեր:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930