Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք Արցախի կորուստն էլ են ձեռքբերում համարում, Տավուշի, Վարդենիսի, Սյունիքի հողերի հանձնումն էլ… ». Բագրատ Սրբազան

Օգոստոս 08,2024 21:10 Share

Բագրատ Սրբազանն այսօր Աջափնյակում էր: Նա սկզբում Թումոյի այգում  շփվեց երեխաների հետ, որոնք հայտնում էին, որ Սրբազանին «հեռախոսով տեսնում են», «տելեվիզորով տեսնում են»: Ապա պատասխանեց լրագրողների հարցերին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. «Սա ստի պատասխանն է, մեզ վրա վաճառում էին ճանապարհների ապաշրջափակո՜ւմ, նոր հարաբերությունների ստեղծո՜ւմ, զարգացո՜ւմ…  եւ այլն, եւ այլն, ի՞նչ արեցին դրա փոխարեն՝ հանձնեցին Արցախը, ասելով, որ դա անում են ճանապարհները բացելու, զարգացման եւ այլնի համար…

Եվ ի՞նչ ունենք հիմա: Այդ ամբողջ ստի, փուչիկի պայթյունն էր: Հիմա մեր առջեւ դրել են Սահմանադրության փոփոխություններ, ինչը ենթադրում է պետության փլուզում, չգոյություն: Ոչ թե Սահմանադրությունն է իրենց խնդիրը, այլ Անկախության հռչակագիրը՝ վերացնել մեր պետության հիմնադրույթները, պետության չգոյության հասնել, որ այս տարածքը հետո դառնա Արեւմտյան Ադրբեջան»:

Լրագրողի նկատառմանը՝ բայց չէ՞ որ իշխանությունները այսօրվա բանակցային արդյունքները ձեռքբերում են համարում, որ Զանգեզուրի միջանցքի հարցը դուրս է եկել մեջտեղից, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Իրենք Արցախի կորուստն էլ են ձեռքբերում համարում, Վարդենիսի, Սյունիքի, Տավուշի տարածքների զիջումը, Գորիս-Կապան ճանապարհահատվածի զիջումը համարում են ձեռքբերում… Այս ամենը ստի մասին է, մեր պայքարը ստի վերացման համար է»:

Ավելի ուշ Աջափնյակի բակերից մեկում էլ, ելույթ ունենալով Բագրատ Սրբազանն ասաց. «Ստի իշխանությունն է: Ցնծությամբ են ներկայացնում, թե Զանգեզուրի միջանցքի հարցը դուրս եկավ, բայց ամբողջ պետություն են պատրաստվում տալ՝ Սահմանադրության փոփոխություններով: Իրենք չեն նախաձեռնողը, իրենց թելադրում են, դա պայման է: Ստիպելու են, որ էս մարդիկ էլի խաբեությամբ գնան Սահմանադրության փոփոխության: Այս աղետը, որի մասին անընդհատ խոսում ենք, մի տեսակ հեռու լինի մեզանից: Անպատիվ մարդը մարդ չի, ուր մնաց անպատիվ ժողովուրդը, անպատիվ ազգը, որի համար արժեքները փոխվել են: Ոչ բոլորի համար, բայց փոփոխվել են արժեքները: Երբ վերջում աղետը գա հասնի մեր դուռը, ինչպես Տավուշում, Վարդենիսում, Սյունիքում… դա բացառված չէ, քանի իշխանության է այս սատանան, այս ստախոսը, այս խաբեբան: Ասում է՝ Կիրանցը դարձրեցիք Հերոսիմա, Նագասակի, ի՞նչ էինք արել որ, մի քանի կտոր հող էինք տվել… Սա՛ է վերաբերմունքը ձեր նկատմամբ, երկրի նկատմամբ: Սեփական ժողովրդին հեգնելով, ծաղրելով, խաբելով, տեղեկատվական դաշտում ռմբահարելով, որպեսզի անընդհատ լարվածության մեջ գտնվենք, չկարողանանք մտածել, ժամանակ չունենանք ինքներս մեզ եւ մեր իրականությունը քննելու, հասկանալու ինչ է կատարվում»:

«Չարիքը էնքան է մեզ սեղմել բոլոր կողմերից, որ մեզ թվում է՝ անզոր ենք: Բայց երբ հասկանում ենք, որ անհրաժեշտ է, կասկած չի մնում, որ այն, ինչ անհրաժեշտ է, նաեւ հնարավոր է»,-ասաց նա:  Դիմելով այլ ուժերի, որ դեմ են այս իշխանություններին՝ ասաց. «Եթե այլ ճանապարհ գիտեք, դուրս եկեք, պայքարեք: Ինձ համար սա անձնականացած պայքար է, ես անձամբ վաղը մյուս օրը պատասխան եմ տալու իմ ժողովրդի առաջ, իմ պապերի առաջ, այս երեխեքի առաջ, իմ Տեր Աստծո առաջ…»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Ապա տեղեկացրեց, որ օգոստոսի 12-ին ժամը 18-ին Մատենադարանի մոտից երիտասարդների երթ կա դեպի սուրբ Աննայի բակ, եւ կոչ արեց, որ միանալ այդ երթին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031