Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին թվում է՝ եթե այդպիսի փաստաթուղթ լինի, Ադրբեջանն ագրեսիայի չի դիմի, մինչդեռ դա իրականության հետ բացարձակապես կապ չունի»

Սեպտեմբեր 09,2024 13:00 Share

«Փաշինյանին թվում է՝ եթե այդպիսի փաստաթուղթ լինի, Ադրբեջանն ագրեսիայի չի դիմի, մինչդեռ դա իրականության հետ բացարձակապես կապ չունի»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

– Պարոն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանին առաջարկում է «խաղաղության պայմանագրի» նախագծում համաձայնեցված դրույթների հիման վրա ստորագրել այդ փաստաթուղթը, իսկ չհամաձայնեցված հարցերը շարունակել քննարկել։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով ինչ-որ փաստաթուղթ ստորագրե՞լ Ադրբեջանի հետ։

– Եթե այդպիսի փաստաթուղթ ստորագրվի կամ նախաստորագրվի, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը դրանում կներառի այն կետերը, որոնք իրենց են ձեռնտու։ Իսկ այն կետերը, որոնցից տեսականորեն կարող է օգտվել Հայաստանը, դրանք պարզապես կթողնվեն հետագային։ Այդպիսով, Ադրբեջանն իր ուզածը կստանա, իսկ դրանից հետո ցանկացած հարմար պատրվակով ուղղակի կսառեցվեն հետագա բանակցությունները։ Այդպիսով, Հայաստանը չի ստանա այն, ինչ կարող էր ստանալ, օրինակ՝ ճանապարհների ապաշրջափակում, Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձ եւ այլն։

Փաշինյանին թվում է, թե եթե այդպիսի փաստաթուղթ լինի, Ադրբեջանը կոշտ քայլերի չի գնա, այսինքն՝ ագրեսիայի չի դիմի։ Մինչդեռ, դա իրականության հետ բացարձակապես կապ չունի, որովհետեւ Ադրբեջանն իր քարոզչական գործունեությունը ծավալում է հետեւյալ տրամաբանությամբ՝ ցանկացած հարցում մեղադրում է Հայաստանին։ Ինչպես, օրինակ, 44-օրյա պատերազմում, նրանք պատերազմ սանձազերծեցին, բայց հարցը ներկայացրեցին այնպես, որ հայկական կողմն իբր հարձակվել է, իրենք անցել են հակահարձակման, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափումը նրանք ներկայացրեցին իբր «հակաահաբեկչական գործողություն»։ Այսինքն՝ որեւէ պայմանավորվածություն, որեւէ կերպ երաշխիք չի կարող լինել, եթե Ադրբեջանում խաղաղության հասնելու քաղաքական կամք չկա։ Իսկ այնտեղ այդպիսի կամք չկա, որովհետեւ նրանք այդ խաղաղության կարիքը չունեն։ Ինչո՞ւ ստորագրել խաղաղության համաձայնագիր, եթե առանց այդ համաձայնագրի Հայաստանից հերթով ստանում են այն, ինչ ուզում են։ Օրինակ՝ Տավուշի ուղղությամբ երեք գյուղերը, եւ այսպես շարունակ։

– Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը եւ ուղարկեց Սահմանադրական դատարան։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստաթուղթը։

– Դա իրականում բավականին վտանգավոր փաստաթուղթ է Հայաստանի համար՝ երկու կարեւոր պատճառով։ Առաջինը, փաստորեն, այնտեղ ամրագրված է, որ Ալմա-Աթայի հռչակագրից բացի, կարող են լինել նաեւ այլ կարգավորումներ։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, որտեղ Ադրբեջանը կհամարի, որ պետք են այլ կարգավորումներ, հղում կանի այդ կանոնակարգին։ Եվ փաստացի ստացվում է, որ Հայաստանի 29 743 քկմ-ն իրականում այնքան էլ կարմիր գիծ չէ։ Եվ Հայաստանի փոխվարչապետը դրա տակ ստորագրել է, որ կարող են լինել այլ կարգավորումներ։ Երկրորդ, այնտեղ կան դրույթներ, ըստ որի՝ սահմանը կարող է փոփոխությունների ենթարկվել՝ հաշվի առնելով, օրինակ, բնապահպանական, սոցիալական խնդիրներ եւ այլն։ Այսինքն՝ Ադրբեջանը կարող է հղում անելով այդ կետերի վրա, օրինակ, պահանջել ոչ միայն «անկլավները», այլեւ դեպի «անկլավներ» ճանապարհներ։ Նրանք կարող են հղում անել բնապահպանական խնդիրների կամ խմելու ջրի աղբյուրների հասանելիության վրա եւ ասել՝ այս ջրերի ակունքները գտնվում են Հայաստանում, բայց ջուրը հոսում է Ադրբեջանում, հետեւաբար, պետք է փոխենք սահմանը, որ մենք վերահսկենք։ Այսինքն՝ այնտեղ բազմաթիվ ականներ կան, որոնք Ադրբեջանը ցանկության դեպքում ցանկացած պահի կարող է պայթեցնել։

– Խոսելով Սյունիքով ճանապարհի մասին՝ Փաշինյանն ակնարկեց, որ այն կարող է վերահսկվել միջազգային ինչ-որ պահնորդական կազմակերպության կողմից։ Սա ի՞նչ է նշանակում։

– Իրականում սա երկուստեք դեմքը փրկելու փորձ է։ Այդ դեպքում Հայաստանի իշխանությունները կարող են ասել՝ տեսա՞ք, իրենք միջանցք էին ուզում, բայց մենք չտվեցինք։ Ադրբեջանի իշխանություններն էլ կարող են իրենց ժողովրդի առաջ իրենց դեմքը փրկել, ասել՝ մենք ի վերջո հասանք մեր ուզածին, որովհետեւ այդ ճանապարհները հայկական կողմը չի վերահսկում։ Բայց ես չեմ կարծում, որ այդպիսի բան իրականում կլինի, որովհետեւ Ադրբեջանն ավելին է ուզում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30