Լրահոս
Օրվա լրահոսը

Նմանատիպ զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում, դրանք հստակ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ագրեսիայի. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 03,2025 18:03 Share

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ցանկանում եմ ամփոփ ներկայացնել հունվար ու փետրվար ամիսներին Ադրբեջանի անցկացրած անհատական ու համատեղ զորավարժությունների ցանկը։

📍Հունվարի 20-ից փետրվարի 7-ը Կարսում Ադրբեջանի ԶՈՒ-ն մասնակցել է թուրքական կողմի կազմակերպած «Ձմեռ-2025» զորավարժություններին։ Այս զորավարժությունները հատուկ կազմակերպվել են սաստիկ ցրտի պայմաններում։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 18 երկրի 12199 զինվորական, որոնց թվում ներկայացված է եղել նաև Ադրբեջանը։

📍Փետրվարի 7-ից 11-ը Ադրբեջանը մասնակցել է Պակիստանում կազմակերպված «AMAN-2025» համատեղ զորավարժություններին։

📍Փետրվարի 20-ին Ադրբեջանում անց են կացվել ռազմածովային ուժերի ստորաբաժանումների հետ վարժանքներ, բայց այստեղ ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում շարժական խմբերը ժամանակային չափորոշիչներին համապատասխան առաջ են շարժվել նախատեսված ուղղությամբ և հաղթահարել դարանակալումը․․․»։

📍Փետրվարի 28—ին էլ Ադրբեջանում անցկացվել են «Պայքար խոր ձյան ծածկույթի և սաստիկ ցրտահարության պայմաններում» թեմայով զորավարժություններ, ընդ որում՝ ռազմածովային ուժերի հետևակային կորպուսի ստորաբաժանումների հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ստորաբաժանումները կատարել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման խնդիրները։ Հետախուզական տվյալների հիման վրա թշնամու ապաստարանների կոորդինատները ճշգրտելուց հետո ծովայինները առաջ են շարժվել նշանակված ուղղությամբ՝ ձնառատ անտառապատ տեղանքով»։

Սա հրապարակային, բաց աղբյուրներով եղած պատկերն է, վստահ եմ՝ հետախուզական ու փակ աղբյուրների տիրապետող գերատեսչությունները կունենան վարժանքների մասին հավելյալ տեղեկատվություն։ Սակայն անգամ բաց ու հրապարակային աղբյուրներով ակնհայտ է՝ Ադրբեջանը պատրաստվում է ու շատ ինտենսիվ վարժանքներ է անցկացնում եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում հնարավոր մարտական գործողությունների համար։

Ընդ որում, դրա համար կիրառվում է ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը՝ ծովային հետևակը։ Կարծում եմ՝ «խաղաղության պայմանագրի» մասին հեքիաթներ կարդալու փոխարեն, պատկան գերատեսչություններում ճիշտ կանեն հետևեն և ժամանակին բարձրաձայնեն Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ ծրագրերի մասին, քանի որ դրանց թիրախում մեր պետությունն է։

Միշտ հիշեք՝ նմանատիպ զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում, դրանք հստակ նպատակ ունեն՝ պատրաստվել հնարավոր ագրեսիայի։ Դրա մասին ժամանակին շատ բաց տեքստով խոսել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը։ Ադրբեջանը շատ ազնիվ է իր ագրեսիվ ծրագրերում, մնում է՝ մենք սովորենք դրանք ժամանակին տեսնել ու կանխել՝ բոլոր հնարավոր գործիքակազմերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31