Հայ «արմաթականները» ԱՄՆ-ում կայացած ռոբոտաշինության մրցույթում հրաշալի արդյունքներ են ցույց տվել
2025 թվականի մարտի 6-9-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայացավ «FIRST Robotics» մրցույթը, որին մասնակցում էր նաեւ հայաստանյան Արմաթրոնիքս (Armathronics) թիմը՝ բաղկացած 15 «Արմաթ»-ցի աշակերտներից և 3 «Արմաթ»-ցի խմբավարներից։ Աշակերտները և խմբավարները մեր 3 մարզերից են՝ Տավուշ, Գեղարքունիք և Շիրակ։ 53 թիմերի մեջ հայ աշակերտները ցույց են տվել պարզապես հրաշալի արդյունք՝ զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը, շահել են «Լավագույն սկսնակ» մրցանակը և անցել եզրափակիչ փուլ։
«Շատ հետաքրքիր էր, որովհետև մրցույթն իր մշակույթով մեր մրցույթներից շատ է տարբերվում: Աշակերտները ոչ միայն զարգացնում են իրենց ռոբոտաշինական հմտությունները՝ ներառյալ կոշտ հմտությունները, ինչպիսիք են էլեկտրոնիկա, ծրագրավորում, այլ նաև զբաղվում են թիմի ճանաչելիության բարձրացմամբ և մասնակցում են ֆոնդահայթայթման փուլերին»,-մրցույթի մասին պատմեց թիմի խմբավարաներից Անահիտ Բուդաղյանը, որը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ) համակարգում է միջազգային կապերը եւ ինքն իրեն համարում է «վառ արտահայտված արմաթցի»:
Կարդացեք նաև
Ըստ Անահիտի՝ այս պահին թիմը հայտնվել է ցայտնոտային վիճակում, քանի որ տասն օրից կայանալու է մրցույթի եզրափակիչ փուլը, իսկ իրենք դեռ չունեն բավարար գումար, որպեսզի կարողանան մեկնել ԱՄՆ:
«Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու ապրիլի 16-19-ը՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում: Հիմա ակտիվորեն պատրաստվում ենք, բարելավում ենք մեր ռոբոտը, քանի որ այս փուլին մոտ 600 թիմ է մասնակցելու եւ մենք ուզում ենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար, Հայաստանը հնարավորինս լավ ներկայացնելու համար», – ասում է Անահիտ Բուդաղյանը։
Մեր հարցին՝ որքա՞ն գումար է հարկավոր, եւ մարտին ԱՄՆ մեկնելու գումարն ինչպե՞ս են հայթայթել, Անահիտը պատասխանեց. «Առաջին փուլի ժամանակ մեզ շատ օգնեցին ամերիկաբնակ հայերը՝ Առնո Բաբահեկյանի գլխավորությամբ։ Վերջինիս ջանքերով Gene Haas հիմնադրամը մեզ գրանտ շնորհեց, որը փակեց մեր ծախսերի մեծ մասը։ Հայաստանում ԱՏՁՄ-ի խորհուրդը օգնեց և EFES ապահովագրական ընկերությունը ապահովեց թիմին ճանապարհորդական ապահովագրմամբ։ Իսկ հիմա հարկավոր է $40,000, որպեսզի թիմը կարողանա մեկնել և մասնակցել մրցույթին։ Կեսից ավելին հավաքել ենք, սակայն դեռ հարկավոր է $15,000։ Քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել՝ տառացիորեն մի քանի օր, ֆոնդահայթհայթման շատ ակտիվ փուլում ենք, հուսով ենք՝ շուտով արդյունքներ կունենանք, ասեմ նաեւ, որ հովանավորներին շատ հետաքրքիր փաթեթ ենք առաջարկում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.04.2025



















































