Դատական իշխանության ներկայացուցիչներին ենթադրյալ կաշառք տալու վերաբերյալ քրեական գործով անցնող փաստաբան Արմեն Օհանյանը կալանքից ազատ է արձակվել։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշել է փոխել Արմեն Օհանյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված՝ 30 մլն դրամի չափով գրավով և բացակայելու արգելքով։
Այս որոշման դեմ դատախազը բողոք էր ներկայացրել, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է։ Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալներին, ապա նրանց խափանման միջոց կալանքը ևս փոխվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել մեղադրյալներից Աշոտ Խաչատրյանի նկատմամբ տնային կալանքը, 10 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը կիրառելու մասին որոշումը։ Ինչ վերաբերում է Արամ Մելիքսեթյանին, ապա նրա խափանման միջոցի փոփոխման մասին որոշման դեմ նույնպես դատարանը բողոք է ներկայացրել, սակայն այս պահին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման մասին տեղեկություն դեռևս առկա չէ։
Արմեն Օհանյանն, ըստ մեղադրանքի, տեղեկանալով, որ իր վստահորդներ Խաչատրյանը և Մելիքսեթյանը գործերով իրենց օգտին դատական ակտ կայացնելու համար պատրաստ են կաշառք տալ դատական իշխանության ներկայացուցիչներին, նշված հարցը քննարկել է իր ծանոթ, դատական իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, հայցվորների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով Աշոտ Խաչատրյանի և Արամ Մելիքսեթյանի օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու նպատակով, պահանջել են 40.000 ԱՄՆ դոլար կաշառք։
Կարդացեք նաև
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































