Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։
ℹ️ Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակում, որի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։
✅ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափի հանդիպումները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները։
✅ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար իրականացնում է մարզային այցեր, հանդիպում գյուղական համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, որոնք ամփոփվում են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում։
Կարդացեք նաև
✅ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների պաշտպանության և տեղական իշխանությունների կազմում ներառականության ապահովման հարցերին: Անահիտ Մանասյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներկայացվածության կարևորությանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցության նրանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը։
✅ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիտարկումները՝ հիմնված քաղաքացիներից ստացված դիմումների, մշտադիտարկումների և մարզային այցերի արդյունքների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը անմիջական ազդեցություն ունի մարդու իրավունքների իրացման վրա՝ հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կյանքի պատշաճ որակի ապահովման տեսանկյունից։
✅ Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է երկխոսության հարթակների ստեղծումը՝ որպես օրինակ ներկայացնելով վերջերս ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Մարզային այցելությունների ընթացքում արձանագրում ենք, որ համայնքներում առկա խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ միայն ռեսուրսների սահմանափակությամբ, այլև կառավարման և մասնակցային մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ։ Այս առումով կարևոր է շարունակաբար կատարելագործել տեղական ժողովրդավարության գործիքակազմը և ապահովել դրա արդյունավետ իրացումը», – նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
✅ Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։
📌 Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ ընդգծելով շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։
Մարդու իրավունքների պաշտպան


















































