«Մենք վերջին տարիներին ներդրել ենք քաղցկեղի կանխարգելման սկրինինգային ծրագրերը։ Առաջինը կանանց համար կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումն է, որը Հայաստանում մահացության առումով առաջին տեղում է։ Սոնոգրաֆիկ հետազոտության եւ դեղորայքային ու հետագա բուժօգնության կազմակերպման արդյունքում մենք ունենք 3-րդ, 4-րդ ստադիայի քաղցկեղի շեշտակի նվազում։ Այսինքն՝ մենք ավելի շատ հայտնաբերում ենք 1-ին ու 2-րդ ստադիայում, բուժում ենք, կանխարգելում ենք եւ ունենում ենք երկար ապրելիության ցուցանիշներ»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ այս ծրագիրը շարունակում է մնալ պետպատվերի շրջանակներում նրանց համար, ովքեր դեռ չեն ապահովագրվել։ Այն ներառված է նաեւ պարտադիր ապահովագրության ծրագրում։ «Դրա համար եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ գնալ, հետազոտվել եւ կանխարգելել շատ վտանգավոր հիվանդություններ»,- ասաց նա։
Մյուս ծրագիրը, նախարարի խոսքով, կոլոռեկտալ քաղցկեղի սկրինինգային ծրագիրն է, որը եւս ներդրվել է ու լայն թափով ընթանում է։ Ըստ նախարարի՝ ներդրվել են նոր թեստային համակարգեր, որոնք շատ հեշտ են օգտագործման համար։
«Հաջորդիվ ամբողջ բուժական ցիկլը եւս ապահովում ենք։ Մյուսը կանանց համար պապիլոմավիրուսի կանխարգելումն է, մենք ՊԱՊ սկրինինգը փոխարինեցինք ժամանակակից, նորագույն թեստերով, եւ սա եւս շատ կարեւոր ձեռքբերում է։ Շատ ու շատ զարգացած, հարուստ երկրներ դեռ չեն անցել այս նոր համակարգին, իսկ Հայաստանն առաջիններից է, որ արդեն կիրառում է այս թեստերը։ Եթե մենք շարունակենք մեր աղջիկների պատվաստումը եւ այս նոր թեստերը կիրառենք, մի քանի տարվա ընթացքում կհասնենք կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի նվազմանը։ Իսկ սա մահացության երկրորդ պատճառն է հանդիսանում։ Ապահովագրության մեջ կանխարգելման փաթեթը բավականին մեծ է, մենք ժամանակի ընթացքում արդեն ունենալու ենք պարտադիր տարեկան հետազոտություններ։ Սա նշանակում է, որ երբ հետազոտության ցիկլը՝ 1-2 տարվա պարբերականությունը լրանա, մարդը պիտի անպայման դրանք անցած լինի, որ շարունակի գործել նրա ապահովագրական փաթեթը»,- հավելեց նախարարը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































