Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն և հանդիպել կազմակերպության կողմից հիմնադրված՝ հոտավետ յուղերի արտադրությամբ զբաղվող «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկատիրության շահառուների հետ։
Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է նաև Սպիտակ համայնքում գործող «Դեպի վեր» հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի (Սպիտակի մասնաճյուղ), «Խնամք» ՀԿ-ի Սպիտակի խնամքի տան և Սպիտակի YMCA-ի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներն անցել են բաց և կառուցողական մթնոլորտում՝ ընդգրկելով ինչպես համայնքային, այնպես էլ համակարգային խնդիրներ։
«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանը ներկայացրել է, որ սոցիալական ձեռնարկատիրության շահառուները տարբեր խմբեր ներկայացնող կանայք են։ Նրանց համար իրականացվում են կարողությունների զարգացման, զբաղվածության խթանման և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծման ծրագրեր՝ միտված տնտեսական անկախության ամրապնդմանը և հասարակական լիարժեք ներգրավվածությանը։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է կանանց, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող և բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանությունը՝ ընդգծելով նրանց տնտեսական զորեղացման և սոցիալական ներառման անհրաժեշտությունը։
Պաշտպանն ընդգծել է, որ կանանց տնտեսական ակտիվության խթանումը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ է, քանի որ այն անմիջականորեն առնչվում է արժանապատիվ կյանքի, խտրականությունից զերծ լինելու իրավունքներին և ինքնաիրացման հնարավորություններին։ Պաշտպանն անդրադարձել է նաև կանանց իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված յուրաքանչյուրի, հատկապես հանրային գործունեություն իրականացնող դերակատարների կողմից բավարար զգայունություն ցուցաբերելու անհրաժեշտությանը:
Քննարկման ընթացքում կանայք բարձրաձայնել են իրենց առնչվող մի շարք խնդիրներ՝ կապված համայնքային ենթակառուցվածքների մատչելիության, սոցիալական աջակցության հասանելիության, զբաղվածության սահմանափակ հնարավորությունների, կրթության և վերապատրաստման ծրագրերի հասանելիության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ։
«Խոցելի վիճակում գտնվող կանանց զորեղացումը պետք է դիտարկել որպես առաջնահերթություն։ Յուրաքանչյուր կին պետք է ունենա հավասար հնարավորություն աշխատելու, զարգանալու և իր ներուժը լիարժեք իրացնելու համար։ Պետության պարտականությունն է ստեղծել գործուն մեխանիզմներ, որոնք ոչ միայն կպաշտպանեն կանանց իրավունքները, այլև կապահովեն իրական հնարավորություններ՝ անկախ և արժանապատիվ կյանք վարելու համար»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Բարձրացված հարցերը կընդգրկվեն Մարդու իրավունքների պաշտպանի հետագա աշխատանքների օրակարգում՝ նպատակ ունենալով խթանել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված համակարգային լուծումների մշակումը և դրանց արդյունավետ իրականացումը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Պաշտպանը կարևորել է համագործակցության և երկխոսության հարթակների դերը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքը կարող է ապահովել առավել արդյունավետ արդյունքներ։ Անահիտ Մանասյանը կարևորել է նաև նրանց դերակատարությունը տարաբնույթ ծրագրերի իրականացման և քաղաքացիներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու գործում։
«Քաղհասարակության հետ կառուցողական և շարունակական երկխոսությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ընդգծել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ պարբերաբար իրականացվող մարզային այցերի ընթացքում անձամբ է ծանոթանում տեղում առկա խնդիրներին։ Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատությունը շուրջօրյա հասանելի է քաղաքացիների համար և պատրաստակամ է իր մանդատի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն են հայտնել Անահիտ Մանասյանին այցը նախաձեռնելու համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում բացահայտել խնդիրները և նպաստել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանն ամբողջ երկրում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆnՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ



















































