Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենամեծ և ազդեցիկ թեմերից մեկն է։ Թեմի առաջնորդը Գերաշնորհ Տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանն է (գլխավոր լուսանկարում)։ Եկեղեցական օրենքներին հավատարմությամբ և ուխտապահությամբ Մովսես սրբազանը հայտնի է դեռևս ուսանողական և Մոսկվայի իր ծառայության տարիներից։ Նույն հավատարմությունը, սկզբունքայնությունն ու նվիրվածությունը սրբազան հորը առաջնորդում են իր թեմի առաջնորդության բոլոր տարիներին, ինչի շնորհիվ այսօր Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմը ապրում է իր հոգևոր և համայնքային լիարժեք կյանքով։
Սրբազան հոր տարիների հետևողական ու ազնիվ աշխատանքի պտուղներն են նաև թեմի տարածքում կառուցվող նորանոր եկեղեցիներն ու կազմակերպված համայնքային գործունեությունը։
Այսօր, տեսնելով Սոչիի և ողջ թեմի հոգևորականների անձնվեր ծառայությունը, առավել քան երբևէ զգացվում է միասնականության և անմնացորդ նվիրումի կարևորությունը՝ ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ի բարօրություն մեր հավատավոր ժողովրդի։
Սոչիի հայկական եկեղեցիներում ծառայող հոգևորականների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հաճախ եմ բովանդակալից զրույցներ ունենում և ինձ համար ակնհայտ են նրանց պատրաստակամությունն ու հոգատարությունը համայնքի հանդեպ։ Այդ հանդիպումներն ու զրույցները ամեն անգամ իմ մեջ ամրագրում են այն միտքը, թե որքան մեծ է հովվական խնամքի պահանջը մեր այսօրվա իրականության մեջ։
Կարդացեք նաև
Սոչիի և ողջ թեմի քահանաները կատարում են հսկայածավալ աշխատանք, որը տեսանելի է և գնահատված հավատացյալների կողմից։ Ես ինքս, առօրյա շփումներում լսելով մարդկանց գոհունակությունն ու սերը մեր եկեղեցականների հանդեպ, միշտ մեծ հպարտությամբ եմ խոսում նրանց ծառայության մասին՝ հասկանալով, թե որքան պատասխանատու է այդ լուծը հատկապես մեր օրերում։
Այսօր, երբ Մայր Հայրենիքում ականատեսն ենք Պետություն–Եկեղեցի հարաբերությունների ցավալի լարվածությանն ու բացահայտ հակամարտությանը, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի օրինակը դառնում է յուրօրինակ հույսի փարոս։ Այստեղ մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր, Եկեղեցին և հայ համայնքը գործում են որպես մեկ միասնական բռունցք՝ գիտակցելով, որ ազգային շահը վեր է ամեն տեսակ քաղաքական հոսանքներից։ Այդ համագործակցային հարաբերությունների կենսունակությունը հաստատուն է մնում թեմի փորձառու առաջնորդի հմուտ ղեկավարությամբ։
Համայնքային կառույցների և Եկեղեցու միջև առկա փոխադարձ հարգանքն ու աջակցությունը լավագույնս դրսևորվում են այն ծրագրերում, որոնք ուղղված են հայապահպանությանը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը և մշակութային արժեքների վերածննդին։
Չմոռանամ ասել նաև, որ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին թեմի ողջ հոգևոր դասը, Թեմական խորհրդի անդամները և թեմի եկեղեցների խաչքավորները Գերաշնորհ Տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի գլխավորությամբ խստագույնս դատապարտել են ՀՀ իշխանությունների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները և որդիական խոնարհությամբ իրենց հավատարմությունն ու զորակցությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ



















































