Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյապես՝ հրեշավոր, քաղաքականապես՝ անօգուտ

Ապրիլ 24,2026 10:00 Share

Հասկանալի է, որ քաղաքական ուժերն այժմ զբաղված են նախընտրական պայքարով, եւ ցանկացած նորմալ քաղաքացու ցանկությունը պետք է լինի, որ մեր պետության մահաբեր ընթացքը կանգ առնի: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Փաշինյանը հեռացվի իշխանությունից:

Բայց զուգահեռաբար պետք է մտածել մեր սկզբունքային խնդիրների մասին, որոնցից մեկն, անշուշտ, անվտանգությունն է: Կարծում եմ, ոչ մի սթափ մարդ չի կարծում, որ պատերազմի վտանգը Փաշինյանի ժամանակ նվազել է կամ կնվազի Փաշինյանից հետո: Առիթ եմ ունեցել գրելու, որ դրա համար մենք պետք է մեր հարեւանների հետ ունենանք ընդհանուր նարատիվ: Ներկա իշխանությունը կարծում է, որ կարելի է պարզապես որդեգրել դիմացինի խոսույթը, եւ հարցը կփակվի:

Եթե դառնանք այսօրվա խորհրդին, ապա այդ խոսույթը հետեւյալն է. «1915 թվականին խելոք մնայինք, ռուսներին չլսեինք, եւ ոչ մի ցեղասպանություն չէր լինի»: Բարոյական տեսակետից դա հրեշավոր է հնչում, եւ երբեք՝ ոչ Խորհրդային, ոչ էլ անկախ Հայաստանում մտքովս չէր անցնի, որ որեւէ հայ կարող է նման բան ասել: Իսկ այժմ դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է՝ գուցե մի քիչ խուճուճ ձեւակերպումների տակ թաքնված: Եվ այդպես են մտածում Փաշինյանի տասնյակ, գուցե հարյուր հազարավոր կողմնակիցներ:

Բայց հնարավո՞ր է, որ այս ստորաքարշությունն օգտակար է ինչ-որ սուպեր-սուպեր-պրագմատիզմի տեսանկյունից: Ոչ, դա այդպես չէ: Թուրքական նարատիվների կրկնությունը բացարձակապես չի զսպում Թուրքիայի ախորժակը եւ չի շեղում այդ պետությանն իր ռազմավարական նպատակից, այն է՝ տարածաշրջանում հայկական պետականության վերացումից: Բացառված չէ, որ Փաշինյանը հաշտ է այդ հեռանկարի հետ:

Իսկ ինչպե՞ս է պետք պետական մակարդակով անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը, միեւնույն ժամանակ չդարձնելով դրա ճանաչումը աշխարհաքաղաքական խաղերի մաս: Մենք դրա փորձն ունենք: Խորհուրդ եմ տալիս վերընթերցել Լեւոն Տեր-Պետրոսյանի 1995 թվականի ապրիլի 21-ի ելույթը` նվիրված Ցեղասպանության 80-րդ տարելիցին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930