Washingtontimes. Վերջերս՝ Արևմուտքում զարմանալիորեն քիչ ուշադրության արժանացած մի պահի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի արտառոց խոստովանություն արեց:
Լեռնային Ղարաբաղի կորուստը՝ 2020-2023 թվականների ռազմական պարտությունը, որը Հայաստանին զրկեց իր գլխավոր ռազմավարական բուֆերից և, ի վերջո, ստիպեց 120,000 էթնիկ քրիստոնյա հայերին լքել իրենց պատմական հայրենիքը, նրա խոսքով՝ «հաշվարկված զոհաբերություն էր՝ Հայաստանի անկախությունը պահպանելու համար»։
Մեզնից նրանք, ովքեր տարիներ շարունակ փաստագրել են տեղի ունեցածը, այս հայտարարությունն այլ կերպ են ընկալում։ Սա խոստովանություն է։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ինքնիշխան տարածքը միտումնավոր հանձնելը և ռազմական պարտություն կազմակերպելը դավաճանություն են համարվում: Փաշինյանը գիտի դա:
Կարդացեք նաև
Սա ցանկացած հասարակական հարցումից ավելի ակնառու է ցույց տալիս, թե ինչն է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների «խաղասեղանին»:
Սրանք սովորական ընտրություններ չեն: Փաշինյանի համար դա անձնական գոյատևման հարց է: Առաջնորդը, որն ունի 8% վարկանիշ՝ աշխարհի կառավարության ղեկավարների վարկանիշներից ամենացածրը, չի հաղթում ազատ և արդար ընտրություններում:
Նա կամ պարտվում է և ենթարկվում պատասխանատվության, կամ՝ «ապահովում», որ ընտրություններն ազատ և արդար չլինեն։
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ամեն ինչ միանշանակորեն մատնանշում է երկրորդ ուղին։
Սցենարը տեսանելի է, և դրա բաղադրիչներն արդեն իսկ առկա են: Գործարար Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի առաջատար ընդդիմադիրը և Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր ֆինանսական աջակիցը, որը Փաշինյանի չարամիտ հարձակումների հիմնական թիրախն է, ձերբակալվել է 2025 թվականի հունիսին և մեղադրվել իշխանությունը անօրինական կերպով զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։
Հենց այս ամիս, ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, նրա տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով, ինչի հետևանքով նա չի կարող անձամբ քարոզարշավ անցկացնել։
Սամվել Կարապետյանին կալանավորելու նախորդ որոշումը հրապարակվել էր Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում՝ դատարանի կողմից դրա պաշտոնական հրապարակումից մեկ օր առաջ, ինչը հստակ ցույց է տալիս դատական համակարգի նկատմամբ Փաշինյանի կառավարության ճնշումը:
Վարուժան Ավետիսյանը՝ Ազգային ժողովրդավարական բևեռի առաջնորդը 2023 թվականի մայիսից կալանքի տակ է:
Եվ վերջապես՝ Փաշինյանը սեփական ժողովրդին սպառնում է նոր պատերազմով՝ Ադրբեջանի մեկ այլ ներխուժմամբ, եթե ինքը չընտրվի։ Հայտնի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը սա բնութագրել է որպես «հիբրիդային պատերազմ» սեփական ժողովրդի դեմ։
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը փաստագրել է այս միտումները՝ նշելով «վարչական ռեսուրսների լայնածավալ չարաշահման» մասին և զգուշացնելով, որ Հայաստանում ազատ և արդար ընտրությունների պայմաններ չկան։
Փաշինյանի իշխող կուսակցությունն ավելի հեռուն է գնացել։ Արտակարգ ընթացակարգով, ինչը թույլ է տալիս օրենքների ընդունում 24 ժամվա ընթացքում, վերջերս ընտրական օրենսգրքի փոփոխություններ են արվել, այդ թվում՝ իշխանություններին տալով ընտրությունների դիտորդներին որակազրկելու լիազորություններ։
Խնդիրը խորացրել է նաև Եվրոպական միությունը։
«Ապատեղեկատվության դեմ պայքարի» համար նրա 14 միլիոն դոլարի փաթեթը, ինչպես նաև «Հիբրիդային արագ արձագանքման խումբը», որը պաշտոնապես կոչված է խորհրդատվություն տրամադրելու Հայաստանի վարչապետի աշխատակազմին, հավասարազոր է Փաշինյանին լեգիտիմության կնիք և ինստիտուցիոնալ ռեսուրսներ տալուն հենց այն պահին, երբ դրանք առավել անհրաժեշտ են նրան։
Հայաստանի ընդդիմությունը զգուշացրել է, որ ԵՄ այս աջակցությունը կարող է «կանաչ լույս» վառել ընտրությունների մանիպուլյացիաների համար։
Թրամփի վարչակազմի արձագանքը, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցից ի վեր ակնհայտորեն բացակայում է, նույնպես անբավարար է։
Խաղադրույքները Հայաստանի սահմաններից անդին են: Վաշինգտոնը կենտրոնացած է Իրանի վրա, և Հայաստանն անմիջական նշանակություն ունի այդ համատեքստում։ Կեղծված ընտրությունները, որոնք կօգնեն պահել իշխանությունը մի անվստահելի գործընկերոջ, որը պարբերաբար այցելում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, և որը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքեց Սպիտակ տանը հանդիպումից մի քանի օր անց, լուրջ վտանգի տակ կդնեն Վաշինգտոնի հետ ցանկացած տարածաշրջանային նախագիծ։
Մինչև հունիսի 7-ը պետք է երեք բան տեղի ունենա։ Նախ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է համատեղ տեղակայեն ընտրությունների դիտորդներ։ Երկրորդ, նրանք պետք է ուղիղ կապեր հաստատեն արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Եվ վերջապես՝ պետք է հստակ հայտարարեն, որ քաղաքական ընդդիմախոսների բանտարկումը և Հայ եկեղեցու դեմ հարձակումներն անընդունելի են։
Պարոն Փաշինյանը հույս ունի, որ միջազգային հանրությունը կրկին աչք կփակի։ Նա դա արդեն արել է նախկինում։
Հայաստանի ժողովուրդը, որը չափազանց բարձր գին է վճարել աշխարհի անտարբերության հետևանքով, արժանի է ավելիին։ Նույնը վերաբերում է նաև ամերիկահայերին, որոնք քվեարկելու են նոյեմբերին, երբ համայնքի գնահատականը այս վարչակազմի՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ կարևոր կլինի:
Դավիթ Ա. Գրիգորյան
Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի գիտաշխատող է և Արժույթի միջազգային հիմնադրամում 22 տարվա աշխատանքային փորձ ունի։


















































