Ականատեսի օրագիր N10
Աշխատանքից ապօրինի զրկելու դեպք «Տաշիր պիցցա» սննդի ցանցում
«Ականատես» դիտորդական առաքելությունը ստացել է մտահոգիչ ահազանգ «Տաշիր Պիցցա» սննդի կետերի ցանցի Երևանի մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած քաղաքական ճնշումների վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ընկերության երեք աշխատակիցներ ստիպված են եղել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել՝ ապրիլի 11-ին կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով։
Առաքելությանը փոխանցված տվյալների համաձայն՝ ընկերության ղեկավարությունը պարտադրել է անձնակազմին ապահովել ներկայություն նշված քաղաքական միջոցառմանը, սակայն որոշ աշխատակիցներ չեն ենթարկվել հրահանգին, ինչի հետևանքով հեռացվել են աշխատանքից։
Կարդացեք նաև
🚫Աշխատանքից հեռացվածների թվում է նաև մասնաճյուղի մենեջերը, ում նկատմամբ ճնշումները, ըստ ահազանգի, կրել են թիրախային բնույթ՝ կապված նաև վերջինիս՝ «Միասնության թևեր» կուսակցության համակիր հանդիսանալու հանգամանքի հետ։
⚖️«Ականատեսն» արձանագրում է, որ աշխատակիցներին հավաքների մասնակցությանը պարտադրելը և հակառակ կարծիք ունենալու համար աշխատանքից ազատելը/ազատման դիմում ներկայացնելուն պարտադրելը ոչ միայն աշխատանքային օրենսդրության խախտում է, այլև պարունակում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ և 203-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների ն հատկանիշներ (հավաքին մասնակցելուն հարկադրելը, խտրականությունը)։
⚖️«Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն իսկ համապատասխան հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով իրականացնել քննություն և պատասխանատվության ենթարկել աշխատակիցների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրած, նրանց աշխատանքից ազատման դիմում գրելուն պարտադրած անձանց։
Հորդորում ենք բոլոր գործատուներին` զերծ մնալ աշխատակիցների նկատմամբ աշխատանքային կախվածությունն օգտագործելով հավաքներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն պարտադրելուց և հիշեցնում ենք, որ քաղաքացու կամքի վրա նման կերպ ներազդելը քրեորեն պատժելի արարք է։
«Ականատես» դիտորդական առաքելություն


















































