«Գելափ ինթերնեյշնլի» հերթական հարցումը, մի կողմից, իհարկե, որոշակի լավատեսության հիմք տալիս է: Նախ՝ այն պատճառով, որ անցողիկ տոկոս ունեցող ընդդիմադիր ուժերն իրար հետ միասին ավելի շատ ձայներ են հավաքում, քան ՔՊ-ն: Երկրորդ՝ որ շատ մեծ հավանականություն կա, որ խորհրդարանի մաս է կազմելու նաեւ «Միասնության թեւեր» կուսակցությունը:
Կա նաեւ վատ լուր: Պատասխանելով հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ընտրությունները կանցնեն արդար, թե՞ կլինեն կեղծիքներով, հարցվածների ավելի քան 40 տոկոսը կանխատեսել է՝ «ավելի շուտ կեղծիքներով» եւ «միանշանակ կեղծիքներով»: Դա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխողների արդարամտության, ժողովրդավարության եւ պարկեշտության վերաբերյալ խիստ կասկածներ կան:
Այդ կասկածների համար գոյություն ունեն լուրջ հիմքեր: Օրինակ՝ այն, որ Գյումրիում, Վանաձորում, Մասիսում ընտրությունների արդյունքներն այս իշխանությունը «չեղարկել է»՝ իր պատվերը կատարող «իրավապահ համակարգի» եւ «դատարանների» միջոցով:
Ավելին՝ եթե ինձ տային այդ հարցը, ապա ես կպատասխանեի այսպես՝ 2026 թվականի ընտրություններն արդեն իսկ անցնում են կեղծիքների մթնոլորտում: Որովհետեւ ընտրությունները չեն սահմանափակվում քվեարկությամբ: Ժողովրդավարական ընտրությունները ենթադրում են այնպիսի պայմանների ստեղծում, որի ժամանակ քաղաքացիները հնարավորություն կունենան ազատորեն արտահայտել իրենց կամքը: Իսկ դա, մասնավորապես, նշանակում է, որ բոլոր քաղաքական ուժերին պետք է տրվեն հավասար հնարավորություններ:
Կարդացեք նաև
Կարո՞ղ ենք մենք ասել, որ Հայաստանում այդպիսի պայմաններ են ստեղծվել: Իհարկե, ոչ: Առնվազն երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք խորհրդարան անցնելու իրական հնարավորություն ունեն ՝ «Ուժեղ Հայաստանի» եւ ՀՅԴ-ի անդամները ենթարկվում են ընդգծված քաղաքական հետապնդումների: Կան խոսքի ազատությունը սահմանափակելու բազմաթիվ դեպքեր, ինչն արձանագրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը՝ էապես իջեցնելով Հայաստանի վարկանիշը:
Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հուսահատվեն ու ընտրությունների չգնան: Կարծում եմ, ճիշտ հակառակը՝ իշխանությունների լկտի կեցվածքը պետք է զսպվի՝ ընտրողների ակտիվությամբ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































