Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ոչնչացվող եկեղեցիները՝ միջազգային զեկույցների և Բաքվի «հանդուրժողականության» միջև. «Գեղարդ» հիմնադրամ

Մայիս 06,2026 13:07 Share

«Գեղարդ» հիմնադրամ. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը վերջերս հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 2025 թվականի թարմացված զեկույցը։ Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգի տակ մնալ․ 2025 թ․ հուլիսին արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրվել է առնվազն 8 ավերված և 10 վնասված կրոնական օբյեկտ։

Զեկույցի հրապարակումից օրեր անց հայտնի դարձան վանդալիզմի մի քանի դեպքեր ևս։ Արբանյակային լուսանկարներով հաստատվեցին, որ Ստեփանակերտում հիմնահատակ ավերվել են Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին, իսկ շատ եկեղեցիների ճակատագրեր դեռևս անհայտ են մնում։

Զեկույցն արձանագրում է նաև ավելի քան երկու տասնյակ քրիստոնյա հայ բանտարկյալների նկատմամբ ճնշումները։ Առանց պատշաճ իրավական պաշտպանություն ապահովելու՝ նրանց դատել են, ծեծել, հոգեբանական բռնության ենթարկել, չեն տրամադրել անհրաժեշտ դեղամիջոցներ և նորմալ սնունդ, թույլ չեն տվել իրենց մոտ պահել «Աստավածաշունչ», «այրելով» ջնջել են մարմնին դաջված խաչերը։

Կրոնական հիմքով ճնշումների շարքում զեկուցում նշվում է նաև շիա կրոնական գործիչների նկատմամբ բռնությունն ու նրանց սարսափելի պայմաններում պահելը։ Զեկույցը նաև արձանագրել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ։

Բնականաբար, ցանկացած զեկույց, հայտարարություն, որն անգամ չնչին քննադատություն է պարունակում կամ խնդիր արձանագրում, Բաքվում որակվում է որպես կողմնակալ և սադրիչ։

Զեկույցին արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչությունը (ԿՄՎ): Ըստ ԿՄՎ-ի՝ այդ գնահատականները չեն արտացոլում «երկրի ներսում և գլոբալ մակարդակում կրոնական հանդուրժողականությունը ջատագովելու Ադրբեջանի ջանքերը»։ Ապրիլի 27-ին ԿՄՎ-ը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ արդարացնելով եկեղեցին քանդելու քաղաքականությունը։ Ըստ այդ վարչության տրամաբանության՝ եկեղեցիներն «օկուպացիայի» խորհրդանիշներ են, հետևաբար՝ դրանց քանդումը չի կարող համարվել կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացում։

Ինչպես տեսնում ենք, զեկույցի գնահատականներն ու «Բաքվի հանդուրժողականության» քարոզչությունը հակասում են միմյանց։ Խնդիրն այն է, թե ինչպես կարող է «հանդուրժողականություն» բառն իր մեջ ներառել երևույթներ, ինչպիսիք են՝ հուշարձանների ավերումը, դրանց ձևախեղումն ու յուրացումը, հայկականության բացարձակ ժխտումը։ Ընդ որում՝ այս ամենն արվում է բացահայտ և առանց որևէ կաշկանդվածության, իսկ հռչակված հանդուրժողականությունն առաջին հերթին արտաքին լսարանի համար երկրի փաթեթավորման մաս է։

Հանդուրժողականություն բառն ունի շատ հստակ բացատրություն՝ համակրանք կամ հարգալից վերաբերմունք ուրիշների՝ սեփականից տարբերվող կամ հակասող համոզմունքների կամ գործելակերպի նկատմամբ։ Հանդուրժողականություն՝ ադրբեջերեն «tolerantlıq»-ը զուտ բառ չէ, այն երևույթ է, հասկացություն, որը կամ կա, կամ չկա։ Ինչպես Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովն է կարծում, այս առումով Ադրբեջանին հատուկ դիտարկման ցանկում պահելու անհրաժեշտություն կա։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031