Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ու Եվրոպայի խորհուրդը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մայիսի 6-ին անցկացրել են համատեղ աշխատաժողով, որին մասնակցել են ՀՌՀ-ին ընտրությունները լուսաբանելու հայտ ներկայացրած ՀՀ-ում գործող տեսալսողական մեդիածառայություն մատուցողները։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դասական ճշմարտություն է, որ առանց էլեկտորալ դեմոկրատիայի ժողովրդավարություն չի լինում, և ինքը համոզված է, որ էլեկտորալ դեմոկրատիայի հիմքերից մեկն ազատ մեդիան է: «Մեդիան փնտրում է և բուն է դնում այնտեղ, որտեղ կա էլեկտորալ դեմոկրատիա, դա միանշանակ է։ Եվ մենք գոնե չենք կարող ասել, որ ազատ մամուլի և ազատ ընտրությունների համակարգ Հայաստանում չկա։ Մեր խնդիրն է այդ ազատ համակարգը պաշտպանել և օգտվել այդ ազատ համակարգի հնարավորություններից։ Այստեղ մեդիայի՝ հատկապես հեռարձակող մեդիայի աշխատանքը, որը գտնվում է կարգավորման տակ, որն ապահովում է քո սեփական երկրի օրակարգի սպասարկումը, անգնահատելի է»,- շեշտեց Հակոբյանը՝ հավելելով, որ մեդիան կատարում է հավաքական դիտորդի առաքելությունը՝ լինելով ընտրատեղամասերում, լուսաբանելով ընտրական պայքարը, լինելով ձայների հաշվարկման կենտրոններում, ապահովում է առաջինը թափանցիկությունը և երկրորդը՝ բարձրացնում ընտրությունների անցկացման լեգիտիմությունը։
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի դիտարկմամբ՝ թեև ընտրությունները, իհարկե, որոշվում են քվեատուփի մոտ, ժողովրդավարական ընտրության իրական որակը կախված է այն տեղեկատվական միջավայրից, որտեղից քաղաքացիները ստանում են տեղեկատվություն և ձևավորում իրենց կարծիքները։
Կարդացեք նաև
«Տեսալսողական մեդիան ունի առանձնահատուկ կարևոր դեր։ Այն օգնում է ապահովել, որ քաղաքացիները հասանելիություն ունենան ճշգրիտ, բազմազան և հավասարակշռված տեղեկատվության, և որ քաղաքական ուժերը մրցեն արդար և թափանցիկ պայմաններում։ Միևնույն ժամանակ, մեդիա միջավայրի առջև կանգնած մարտահրավերները դառնում են ավելի բարդ։ Ապատեղեկատվությունը, օտար տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունները, ատելության խոսքը, ինչպես նաև արհեստական բանականության չարաշահումը կարող են ազդել հանրային վստահության և ժողովրդավարական բանավեճի ամբողջականության վրա»,- ասաց Լոնգանգեն՝ ընդգծելով, որ այդ ռիսկերը հատկապես զգայուն են ընտրական ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը կարող է ազդել ոչ միայն ընկալումների, այլև մասնակցության, վստահության և գործընթացի լեգիտիմության վրա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն էլ իր հերթին շեշտել է, որ խոսքի ազատությունը չի կարող վերածվել ամենաթողության: «Մայիսի 4-ին ընդունված կարգը մշակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ, և տեսալսողական մեդիային հնարավորություն է տալիս առաջնորդվելու հստակ չափանիշներով, հատկապես անթույլատրելի բովանդակություն պարունակող քարոզչական հոլովակների դեպքում։ Քարոզչության ընթացքում պետք է պահպանվեն հավասար և ոչ խտրական պայմաններ։ Եթե մեդիան ծառայություն է մատուցում մեկ քաղաքական ուժի, ապա նույն պայմաններով պետք է պատրաստ լինի այն մատուցել նաև մյուսին»,- հայտնեց նա։
Այնուհետև ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը ու ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրեցին հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կիրառվող իրավական կարգավորումները և իրավախախտումների արձանագրման հարցերը, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, որ պարագայում տեսալսողական մեդիածառայություն մատուցողը կարող է մերժել նախընտրական քարոզարշավի տեսանյութերը, նախընտրական գովազդի իրազեկումը, ինչպես նաև լրագրողների վարքագծի կանոնները՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Աշխատաժողովին առցանց ձևաչափով ելույթ ունեցավ նաև ԵԽ Խոսքի ազատության համագործակցության բաժնի ծրագրի պատասխանատու Էվանգելիա Վասալուն, որից հետո ԵԽ միջազգային փորձագետ Իվա Նենադիչն առցանց ներկայացրեց արհեստական բանականության կողմից ստեղծված կոնտենտի, ապատեղեկատվության խնդիրները։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ընթացքում տեսալսողական մեդիայի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հուզող հարցերը:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ




















































